Ռուսաստանի նախագահի` միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտարարել է, որ Նովոսիբիրսկի կինոթատրոնների ցանցին Մարտին Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի ցուցադրության համար պատասխանատվության ենթարկելն անհեթեթություն է:
«Ցավոք, ներկայիս օրենսդրությունն այնքան խճճված է և իրարամերժ, որ ինչ ուզես կարող ես քրեորեն պատժել: Ինձ թվում է, որ այնուամենայնիվ չի կարելի անհեթեթության հասնել: Այդ դեպքում պետք է արգելել Դոստոևսկուն, Նաբոկովին, Բունինին, կարելի է ամեն ինչ արգելել»:
Նրա կարծիքով` հարկ է հասկանալ, որ հոլիվուդյան կինոյում ներքին խիստ գրաքննություն գոյություն ունի, քանի որ ամերիկյան հասարակությունը «բավական պուրիտան» է:
«Այնտեղ շատ արգելքներ կան ևʹ հեռուստատեսությունում, ևʹ լայն էկրանում, որոնք երևակայել անգամ չենք կարող: Ամերիկացիների համար թմրանյութերը լուրջ խնդիր են, վստահ եմ, որ ոչ մի հոլիվուդյան պրոդյուսեր, եթե խելքը գլխին է, իսկ Մարտին Սկորսեզեի խելքը տեղն է, թմրամոլության քարոզչություն թույլ չի տա: Որովհետև անմիջապես խնդիր կունենա ներքին օրենսդրության հետ»,- բացատրել է նա:
Ապրիլի 4-ին Նովոսիբիրսկի կենտրոնական շրջանային դատարանը, ՌԴ Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության (ФСКН) հայցի հիման վրա կինոթատրոնների 5 ցանցերի տուգանեց ընդհանուր հաշվով 4 մլն ռուբլի Սկորսեզեի ֆիլմի համար:
«Ուոլ սթրիթի գայլը» նկարահանվել է բորսայի բրոկեր Ջորդան Բելֆորտի հուշերի հիման վրա, որը 1987 թ. ստեղծեց խոշորագույն բրոկերական գրասենյակներից մեկը, սակայն 10 տարի անց դատապարտվեց փողերի լվացման համար: Կինոնկարն այս տարի ներկայացված էր «Օսկար» մրցանակի 5 անվանակարգերում:
Աղբյուրը` Վզգլյադ