b7e67701ef06fdae912e72af01d4bf5cԱնցած երկուշաբթի` ապրիլի 8-ին, Գերմանիայում` Քյոլնում և Դորտմունտում, մեկնարկեց 9-րդ Կանանց կինոյի միջազգային փառատոնը: Ինչպես հաղորդվում է այդ մրցույթի կայքում, այն հնարավորություն է տալիս օպերատորներին, ռեժիսորներին, կինոյի համար երաժշտության հեղինակներին և այլ կին կինեմատոգրաֆիստների  ներկայացնելու իրենց աշխատանքները:

Մրցութային ծրագրի գլխավոր մրցանակը տրվում է լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, որը կազմում է 25 հազար եվրո: Այդ պարգևի համար պայքարում է 8 ֆիլմ (Չիլիի, Ֆրանսիայի, Մեքսիկայի, Իսպանիայի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Սենեգալի և Ռուսաստանի արտադրության ժապավեններ): Շնորհվում են նաև լավագույն դեբյուտային ֆիլմի և լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակներ` 10 000-ական եվրո, ինչպես նաև լավագույն ազգային ֆիլմի (5 000 եվրո) և հանդիսատեսի համակրանքի (1000 եվրո) մրցանակներ:

Փառատոնը կավարտվի այսօր` ապրիլի 13-ին:

Երեկ` ապրիլի 12-ին, փառատոնի շրջանակներում ցուցադրվել է նաև մեր հայրենակից, «Կին» փառատոնի նախագահ Մարիամ Օհանյանի «Հայաստանն անտեսանելի երկիր է» վավերագրական ֆիլմը, որը պատմում է պատմության կեղծումների մասին Բրիտանական թանգարանում:

«Կինոաշխարհ»