Still0416_00007Կանայք իրենց մոլորակն ունեն. տղամարդիկ աշխատում են այն միշտ իրենց ուշադրության կենտրոնում պահել, բայց չի հաջողվում:

Կանանց մոլորակի վրա մեկ անգամ ևս աչք գցելու նպատակով հայր և որդի Գևորգյանցները դեռ 4-5 տարի առաջ որոշում են ֆիլմ նկարել: Նկարում են, ահագին նյութ են հավաքում՝ հարցազրույցներ աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի, թատերագետ Մարինե Ալեսի և այլ կանանց հետ: Հավաքում են նաև  պատմական վավերագրեր, կինոխրոնիկա, անգամ հայտնի կանանց պատկերներով խաղաթղթեր են գտնում:

Still0416_00006

Ռեժիսոր Վահե Գևորգյանցը խոստովանում է. «Սկզբում որոշել էի այնպիսի մի ֆիլմ նկարել, որը սարկազմ, հեգնանք, հումոր պարունակի ու ցույց տա կին արարածի ամենազավեշտական կողմերը: Մի խոսքով, որոշել էի մի քիչ ծաղրել կանանց կինոյի լեզվով ու արտահայտչամիջոցներով: Հետո քասթինգ հայտարարեցինք: Եկան-հավաքվեցին 550 կանայք: Ֆիլմի օպերատորը նկարահանել է քասթինգի ամբողջ ընթացքը: Ոչ ոք չգիտեր, թե ինչու ենք իրենց նկարահանման կանչել, ինչի համար ենք փորձում իրենց: Ոմանք մտածում էին, թե սերիալում նկարահանվելու համար ենք հրավիրել, մյուսները՝ ինչ-որ մրցույթի մասնակցելու: Մի խոսքով, տեսախցիկի առջև անորոշ վիճակում հայտնվելով՝ կանայք հազար ու մի բաներից էին խոսում, կաշկանդված կամ ազատ շարժուձև անում: Իսկ այդ ընթացքում մենք ֆիլմի համր նյութ էինք հավաքում»:

 

Ռուբեն Գևորգյանցը ոչ միայն փորձառու ռեժիսորի, այլև ոչ պակաս փորձառու  տղամարդու դիտանկյունից է նայել այս ամենին: «Ես լավ գիտեմ, թե ինչպիսին են կանայք, այս ֆիլմը նկարհանել եմ այն միլիոնավոր տղամարդկանց համար, որոնք կանանց դեռ լավ չգիտեն: Թեև, անկեղծ եմ ասում, դեռ ոչ մի տղամարդու չի հաջողվել հասկանալ ու ճանաչել կնոջը: Նրանք, ովքեր կասեն, թե կանանց հարցում երբեք չեն սխալվում, առաջինը հենց իրենք են սխալվում»:

Still0416_00003

«Հայկ» կինոստուդիայի նակարահանած նոր ֆիլմը վերնագրված է «Կանանց մոլորակը»: Նկարահանող խումբը կազմված է ընդամենը 5 հոգուց՝ երկու ռեժիսոր՝ Ռուբեն և Վահե Գևորգյանցներ, օպերատոր Սամվել Բաբասյան, մոնտաժի ռեժիսոր Արթուր Փարսյան և հնչյունային ռեժիսոր Լևոն Հախվերդյան:

Still0416_00008

550 կանանցից 100-ի հետ Վահե Գևորգյանցը զրուցել է տարբեր թեմաների շուրջ: Մեծ մասն անկեղծորեն խոստովանել է, որ ուզում է ունենալ լավ ամուսին, երեխաներ, ճաշ եփել ընտանիքի համար ու այդպես իրեն երջանիկ զգալ: «Ես դիտմամբ հանեցի բոլորի խոսքից հենց այդ կտորը: Եթե տասը, քսան հոգի կրկնում է նույն միտքը, նույն բանն է երազում, ուրեմն արդեն կորցնում է հետաքրքրությունը: Բայց այդ նույն կանայք 30 րոպե ջուր ծեծելուց հետո մեկ էլ այնպիսի մի բան էին ասում, այնքան բացառիկ միտք էին արտահայտում, որ ապշում էի: Հիմա չեմ ասի, թե հատկապես ինչ էին ասում, բայց հենց դա էր դառնում նրանց կերպարի մեխը: Մենք նպատակ չենք ունեցել հատուկ ձևաչափ մշակել ֆիլմի համար, ընդգծված ասելիք դնել հիմքում: Ոչ, մեզ պետք էր կնոջը թողնել ազատ ու տեսախցիկով հետևել նրան: Ստացվեցին բազմաթիվ կերպարներ, որոնք և՛ լրացնում են միմյանց, և՛ սաստիկ տարբեր են միմյանցից: Ի վերջո, նկարահանված հսկայական նյութը, կանանց արտահայտած մտքերը մեզ հուշեցին, թե ինչպես ի մի բերենք ֆիլմը, ինչպես նրա միջով անցկացնենք կարմիր գիծը»,- պատմում է Վահե Գևորգյանը:

Ռեժիսորները միտումնավոր չեն օգտագործել հարցազրույցների ազգային շեշտադրումներ պարունակող հատվածները, որպեսզի չստացվի, թե ֆիլմը միայն հայ կանանց մասին է:

Still0416_00004

Ֆիլմում մենախոսող բազմաթիվ կանանցից մեկն էլ դերասանուհի Գոհար Իգիթյանն է: Թվում է, թե «Կանանց մոլորակի» հերոսուհիները հենց այնպես են խոսում. ով ինչի մասին ուզում, դատողություններ ու դիտարկումներ է անում, բայց ֆիլմի վերջում է  միայն պարզվում, որ Գոհար Իգիթյանի պատմությունն է հենց առանցքային հանգույցը, որին հանգում են մյուս բոլոր կանանց մտքերն ու ասելիքը: Հասմիկ Պապյանը հենց սկզբում, կարծես իմիջիայլոց, ասում է. «Տղամարդկանց թվում է, թե իրենք գտնվում են կանաց մոլորակում, անգամ զավթել են այն, բայց սխալվում են»: Վահե Գևորգյանը նկարահանումներից հետո համոզվել է, որ կանանց ու տղամարդկանց մոլորակները շատ տարբեր են. որքան էլ տղամարդը ձգտի մուտք գործել կնոջ մոլորակ, միևնունույն է, նրան միայն թվալու է, թե դա հաջողվեց իրեն: Ու հենց դրանով են կանայք հետաքրքիր ու գրավիչ՝ իրենց յուրօրինակ ու առեղծվածային մոլորակով:

Still0416_00005

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: «Կանանց մոլորակի» նկատմամբ հետաքրքրությունը բուռն էր ու անսպասելի:

«Նախատեսել էինք ուրիշ ֆիլմ, ստացվեց բոլորովին այլ՝ կնոջը մեծարող ու բարձրացնող «Կանանց մոլորակ»,- արդյունքն ամփոփեց ռեժիսոր Վահե Գևորգյանցը:

https://www.youtube.com/watch?v=WwJOAaZQpTM&feature=youtu.be

Նաիրա Փայտյան