Ժան Պոլ Բելմոնդոն այսօր նշում է ծննդյան օրը
Ապրիլի 9-ին ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն նշում է 81-ամյակը: Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի ստեղծագործական դեբյուտը սկսվել է 1950 թվականին՝ Փարիզում: Նրա առաջին կինոդերը եղել է «Քնած գեղեցկուհին» ֆիլմում (արքայազնի դերը): Սակայն, Բելմոնդոն ճանաչում եւ փառք գտավ տասը տարի անց միայն` համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ մտած «Վերջին շնչով» ֆիլմից հետո: Գրավիչ հանցագործ Միշելին հեռուստադիտողը միանգամից սիրեց: Նրան սկսեցին հրավիրել նկարահանումների, տարեկան թողարկվում էր Բելմոնդոյի մասնակցությամբ 1-2 ֆիլմ:
1970-ական թվականներին Բելմոնդոն նկարահանվում էր մարտաֆիլմերում և կատակերգություններում: Ֆիլմերի գրեթե բոլոր հնարքները նա ինքն էր կատարում («Հիանալին», «Հրեշը», «Վարպետների վարպետը», «Պրոֆեսիոնալ»): Անփոխարինելի ժպիտով պատանի ըմբոստի կերպարը եվրոպական երիտասադրության համար նմանակելու առարկա էր դարձել: Բելմոնդոն աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպես Ժան Լյուկ Գոդարը, Կլոդ Լելուշը, Մարսել Կարնեն, Ժան Պիեր Մելվիլը: Դերասանը հաջողությամբ մասնակցել է նաև թատերական բեմադրությունների: 1991 թվականին Ժան Պոլ Բելմոդնոն ձեռք է բերել սեփական «Վարիետե» թատրոնը:
2001 թվականին Ժան Պոլ Բելմոնդոն գործնականորեն թողել էր մասնագիտությունը, քանի որ սրտի տագնապ էր ունեցել: Բայց 2008 թվականին, նա կրկին հայտնվել է էկրաններին «Մարդը և նրա շունը» ֆիլմում, որը ռեժիսոր Ֆրանսիս Յուստերը ստեղծել էր հատուկ նրա համար:
Դերասանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևների` Պատվավոր լեգիոնի և «Արվեստի և գրականության բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանների:
Աղբյուրը՝ telegraf.com.ua