kavԱրեն Վաթյանի դեբյուտային    «Կավե մարդը» կարժամետրաժ խաղարկային ֆիլմը փառատոնային հաղթարշավ է արձանագրել: Ֆիլմը նկարահանվել է Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ: 2013-ի օգոստոսից սկսած՝ «Կավե մարդը»  միջազգային հաջողություններ է ձեռք բերում: ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր  «UNIKA» միջազգային փառատոնին 1988-ից ի վեր Հայաստանը չէր թնդացրել իր անունը. «Կավե մարդը»  25 տարվա ընդմիջումից հետո նորից ոսկե մեդալ է բերել մեր երկրին, իսկ գլխավոր դերակատար Կարեն Ջանգիրովը   «Տղամարդու լավագույն դերի համար» արժանացել է մրցանակի: «Կավե մարդը»  նախորդ տարվա հոկտեմբերին Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնին ստացել է առաջին մրցանակ, իսկ NOFI Ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի համաշխարհային փառատոնին՝ պատվավոր դիպլոմ:

Արեն Վաթյանի կարճամետրաժ ֆիլմը մարտին մասնակցել է Բեռլինի   « Nachbarn bei Freunden» միջազգային փառատոնին ու արժանացել Գրան-պրիի: Այս մրցանակը հաստատում է, որ օտարազգի կինոդիտողին հոգեհարազատ ու լիովին ըմբռնելի է հայ ստեղծագործողների աշխատանքը: Սովորաբար մեր ռեժիսորների կինոմտահղացումները թեմատիկայի, մոտեցումների ու լուծումների առումով ազգային շեշտադրում են ունենում, որոնք պատնեշի պես կանգնում են էկրանի ու օտարազգի հանդիսատեսի միջև:

kav1«Կավե մարդը»  ֆիլմի ստեղծագործական խումբը՝ ռեժիսոր արեն Վաթյանը, սցենարի հեղինակ Արմեն Վաթյանը, գլխավոր դերակատար Կարեն Ջանգիրովը, ինչպես նաև NOFI Ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի համաշխարհային փառատոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը համակարծիք են՝ միջազգային փառատոներին մասնակցելով ու, առավել ևս, բարձր գանահատակնների արժանանալով՝ ֆիլմի արժեքը բարձրանում է ու համերկրացիներիդ ուշադրությունը հրավիրում աշխատանքիդ վրա: Արեն Վաթյանը պատմում է, որ Բեռլինում գերմանացի կինոդիտողներն իրեն էին մոտենում ու պատմում ֆիլմի սյուժեն, կարծես ինքը նոր պիտի ծանոթանար իր ֆիլմին: Արենն այդ փաստից համոզվել է, որ «Կավե մարդը»  օտար դահլիճում էլ գտել է իրեն հասկացող մարդկանց. ուրեմն  թեման ու ասելիքն ազգային պատկանելություն չունեն, համամարդկային են:

Գերմանացիներին հիացրել է նաև Կարեն Ջանգիրովի մարմնավորած կերպարն ու նրա խաղը:   «Ամեն տարին ինձ համար նվեր է, հետո ամեն ամիսը, օրն ու վայրկյանը պարգև կդառնան. իմ տարիքում այդպես պիտի  գնահատել կյանքը: Արենի հետ աշխատելը նույնպես նվեր է ինձ, որովհետև իմ տարիքի դերասանները, եկեք անկեղծ լինենք, ոչ մեկին պետք չեն այլևս»,- անկեղծանում է Կարեն Ջանգիրովը:  Նա նեղացած է պետությունից, որ «Կավե մարդը» ,   «Վանա ծովուն արշալույսը» և հայերնական այլ ֆիլմեր դրսում արժանանում են բարձր գնահատականների, մինչդեռ սեփական երկրում մնում են աննկատ:   « Սովի թեմայով հայտարարաված գեղանկարների միջազգային մրցույթին մի նկարիչ է հաղթում: Ո՞րն էր նրա առավելությունը, գիտե՞ք: Բոլորը պատկերել էին սովվալլուկ, կաշի-ոսկոր մարդկանց, իսկ նա նկարել էր մարդու հետույք՝ վրան սարդոստայն:   « Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը հենց այդ սարդոստայնն է՝ ցեղասպանության թեմայով, ցույց տվեք այդ ֆիլմը, տարածեք, քարոզեք: Պարտադիր չէ Մեծ Եղեռնը պատկերել գաղթի ու սպանդի տեսարաններով:  Ազգային ողբերգություն կա « Վանա ծովուն արշալույսը» ֆիլմում, որ օտարը նույնպես կհասկանա, ներկայացրեք նրան մեր ողբերգությունը, որ հաջող էկրանավորում ունի»,- կոչ է անում Կարեն Ջանգիրովը:

http://www.youtube.com/watch?v=d6i0Y3zvNCU

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ