citԿինո և գրականության կապն անխզելի է, չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում մեր իրականության մեջ կինոն և գրականությունը սկսել են տարբեր ուղղությամբ նայել և հեռացել են իրարից: Դեռ տարիներ առաջ Հրանտ Մաթևոսյանը նկատել էր` վրացիների մոտ լավ գրականությունը վերածվում է կինոյի, իսկ մեզ մոտ հակառակն է` գրողներն են ազդվում կինոյից: Մաթևոսյանը սա ասել է մոտ կես դար առաջ, բայց գրողի մտահոգությունն արդիական է նաև մեր օրերում: Արձակագիր Արամ Պաչյանը «Կինոաշխարհի»  հետ զրույցում խոսեց կինոյի և գրականության, երկու արվեստների կապի կամ կապի բացակայության պատճառների մասին:

Կինոյի մասին

– Կինոն կարողանում է տեքստը շարժման մեջ դնել, ցույց տալ այն, ինչ գրականությանը չի հաջողվում: Կինոն գրականությունից կարող է վերցնել այն ամենը, ինչ վիզուալ կերպով մտնում է իր փիլիսոփայության մեջ: Հիմա ավելի շատ կինոն է ազդում գրականության վրա. մեկ էլ տեսնում ես` մի գրող իր ստեղծագործության բնագիրն այսինչ  ֆիլմից ազդված է կառուցել: Անխուսափելի է կինոյից չազդվելը, քանի որ ընթերցանությունն ինքնին ավելի դժվար է, քան ֆիլմ նայելը. ընթերցանությունը կամային ռեսուրսներ է պահանջում: Կինոն սովորեցնում է խոսել բուն էության մասին, այս ու այն կողմ չընկնել:

Գրականության մասին

– Գրականությունն ավելի հին բան է, քան կինոն, քանի կա գրականությունը, ռեժիսորների մոտ գաղափարի ճգնաժամը պետք է բացառել: Չնայած, մյուս կողմից, հզոր գրական գործերն էկրանավորելու համար մեծ խիզախում է պետք, քանի որ շատ հեշտ է դրանք տապալել: Հայտնի և մեծ շերտեր ունեցող վեպն էկրանավորել քիչ մարդկանց է հաջողվում, արկածախնդիրներն են փորձում նման գործերը ֆիլմի վերածել: Գրականությունը կինոյից կարող է կադրի սեղմությունը  վերցնել: Ես չեմ կարող ասել, թե սովետական ժամանակաշրջանում ավելի լավ գործեր էին ստեղծվում, քան հիմա. մի շարք լավ գրական գործեր կան հիմա, որոնք կարող են էկրանավորվել:

Կինո-գրականություն կապը երեկ և այսօր

– Կինո-գրականություն կապն ուղղակի անքակտելի է: Կինոն չունի այն ֆունկցիաները, ինչ գրականությունը, և հակառակը: Երկխոսությունների ընթացքում է կինոն մոտենում գրականությանը: Երբ կարդում ես Անդրեյ Տարկովսկու «Մարտիրոլոգը» («Martirologio»), հասկանում ես, որ այն ամբողջովին հեղեղված է գրականությամբ: Նա Դոստոևսկու, Հերման Հեսսեի գործերն այնպես է վերլուծում, որ նույնիսկ գրականագետները կնախանձեին: cit1Այսինքն` Տարկովսկին փորձել է նյութի մեջ մտնել, նյութի էությունը հասկանալ: Նույնը կարելի է ասել այն մյուս ռեժիսորների մասին, որոնք ուղղակի տարված են գրականությամբ եւ շատ լավ են հասկանում գրականությունը. Ջիմ Ջարմուշ, Ժան-Լյուկ Գոդար: Ինձ վրա ֆանտաստիկ տպավորություն է թողնում, երբ Գոդարի ֆիլմերում գիրք են ընթերցում. հասկանում ես, թե որքան կարևոր է ռեժիսորի համար ընթերցանության ակտը, գրականության միջոցով տեղ հասցնելու այն միտքը, որը հնարավոր չէ շարժումով տեղ հասցնել: Հայաստանում այժմ, այո, խզվել է կինո-գրականություն կապը, այդ կապի ամրապնդմանը խանգարում են անձնական հարաբերությունները, քանի որ քննադատական խոսքը մեզ մոտ թշնամաբար է ընդունվում:

Ի՞նչ անել

– Փոխանվստահություն կա այսօր։ Միշտ էլ ավելի գայթակղիչ է օտարազգի գրողների գործերը կարդալն ու գնահատական տալը, քան քո երկրի ժամանակակից գրողի գործը կինեմատոգրաֆի մտածողությամբ ու փիլիսոփայությամբ պատկերացնելը: Հայաստանում կարծես պակասում է մշակութային մթնոլորտը, ժամանակակիցներն իրար չեն էլ ճանաչում: Զրոյական փուլից պետք է սկսել, նախ` ճանաչել իրար, կարդալ, դիտել դիմացինի աշխատանքը, քննարկում-հանդիպումներ կազմակերպել. ամբողջ խնդիրն այս շփման շրջանակը ստեղծելն է և իրար վստահելը: Գրող-ռեժիսոր կապը պահպանելու համար շատ բան հարկավոր չէ. պետք է միմյանց նայել, ինչպես արդեն  ասացի, գիրք կարդալ, ֆիլմ դիտել և միմյանց հետ համագործակցելուցանկություն ունենալ:

Նոր գաղափարներ

պաչ– Կարծում եմ` մեր կինոն դեռ շատ-շատ հարցերի մասին չի խոսել: Դա և՛ լավ է, և՛ վատ: Ես շատ կուզեի ֆիլմերում տեսնել 60-ականների երևանյան բոհեմը. այդ ժամանակաշրջանի մասին գրականությունն էլ շատ քիչ է խոսում: 60-70-ականներին այնքան հետաքրքիր է եղել Հայաստանում. ասում են` քաղաքը դեռ չի ձևավորվել, բայց ճիշտ չէ: Հենց այդ թվականներին քաղաքային մշակույթ ու բոհեմ է եղել` սրճարաններում բանաստեղծների հանդիպումները, վիճաբանությունները, հիպիական շարժումները, բուդդիզմով տարվելը: Հույս ունեմ, որ ռեժիսորները մի օր հաստատ անդրադարձ կկատարեն այդ թվականներին, քանի որ դրանք չդիպած կետեր են մեր կինոյի մեջ: Եվ հետո ռեժիսորները, եթե ուզում են բուռն, խոսուն, քաղաքային կյանքով լցված ֆիլմ նկարել, պետք է 60-ականերին անդրադառնան, քանի որ հիմա մի տեսակ լճացած ենք, այսինքն` քաղաքային կեցություն, կենսաձև այդպես էլ չունենք: Երևանն աշխատանքի գնալու ու հետո աշխատանքից տուն գնալու քաղաք է դարձել: Ես կուզեի գրել այդ թվականների Երևանի մասին, բայց իմ գրվածքում հորինվածքի չափաբաժինը մեծ կլինի, որն էլ իրականության հետ խզում կառաջացնի. դա կարող է անել այն մարդը, որ դրա մեջ է ապրել:

 Կարինե Հարությունյան