Իսպանացի կինոռեժիսոր Կառլոս Սաուրան, որ ավելի քան 30 ֆիլմերի հեղինակ է, և մի քանիսը մրցանակների են արժանացել Կաննի և Բեռլինի կինոփառատոներում, հայտնել է, որ մտադիր է այս տարի սկսել նոր` «33» կինոնկարի նկարահանումները, որը պատմելու է Պաբլո Պիկասոյի աշխատանքի մասին «Գերնիկա» կտավի  վրա:

Ֆիլմի գործողությունների հիմնական մասը տեղի է ունենում նկարչի արվեստանոցում: Մինչև նկարահանումները ստեղծվել է Ֆրանսիայում Պիկասոյի ստուդիայի ճշգրիտ պատճենը: Այդ արվեստանոցում է ճիշտ մի ամսվա ընթացքում ստեղծվել հանրահայտ նկարը:

7427

«Գերնիկա»

Պիկասոյի դերի համար ռեժիսորը հրավիրել է Անտոնիո Բանդերասին: Դերասանը, ինչպես և Պիկասոն, ծնվել է Մալագայում:

Բանդերասն արդեն հաստատել է այդ դերում նկարահանվելու ցանկությունը` նշելով, որ իրեն գրավում է հատկապես նկարչի ստեղծագործության տվյալ շրջանը: «Կարծում եմ` արդեն հասունացել եմ այդ դերի համար»,- ասել է նա:

Կնոջ գլխավոր դերը ֆիլմում խաղալու է Գվինետ Փելթրոուն: Նա հայտնել է, որ դա կանի «մեծ հաճույքով»:

Կինոնկարի օպերատորը Վիտորիո Ստորարոն է: