Կուզենայի մեր զրույցն սկսել ազգային անիմացիայի մասին Ձեր գնահատականից: Տասնամյակներ շարունակ այդ ոլորտում ունեցել ենք ուժեղ անհատականություններ, բայց ոչ հզոր անմիացիոն կինո: Ինչո՞ւ:

– Ազգային անիմացիայի մասին այսօր խոսելը դժվար է: Կարծում եմ` միակ դրականն այն է , որ կան մարդիկ, որոնց համար անիմացիան ամենակարևորն է կյանքում, և դրա շնորհիվ այն կզարգանա ու չի մեռնի, ինչպես մեռավ մի շարք հարևան երկրներում: Եվ միայն  հետո արդեն կարելի է մտածել, թե  ինչքանով է դա հենց հայկական (ազգային) անիմացիա: Չգիտեմ,  թե  ինչ եք հասկանում «հզոր անիմացիա» ասելով, բայց կարծում եմ, որ  անցյալում մեր ունեցածը շատ էլ ուժեղ էր. ազատ մտածող ռեժիսորների խումբ ունեինք, որը խորհրդային տարիների համար քիչ  չէր:

Բազմաթիվ  ֆիլմերի հեղինակ եք: Իհարկե, իդեալական տարբերակն այն է, երբ ևʹ ռեժիսորն ես, ևʹ նկարիչը, ևʹ անգամ սցենարի հեղինակը, ինչպես, օրինակ` «Բալետի» դեպքում էր: Երբ  աշխատում  եք  այլ ռեժիսորների հետ, ինչպե՞ս եք հաղթահարում անխուսափելի տարաձայնությունները:

– Վերջին   տասը  տարիներին մենակ եմ անում ֆիլմերս, բացի Յուրա Մուրադյանից, ուրիշ ոչ  ոքի հետ չեմ աշխատել համատեղ որպես ռեժիսոր  ու  հիմա չեմ էլ հիշում` Յուրաի  հետ վիճո՞ւմ էինք ֆիլմը քննարկելիս:

1980-ից  սկսած`  աշխատել եք  «Հայֆիլմում», և կարելի է ասել` ականատես եք եղել, թե ինչ տխուր վախճան ունեցավ մեր  կինոստուդիան: Ո՞րն էր մեր սխալը, ինչպես կարելի էր փրկել «Հայֆիլմը»:

– «Հայֆիլմ»  կինոստուդիան  մի  հրաշալի խառնարան էր. բուֆետում կարող էիր հանդիպել  Ալբերտ  Յավուրյանին, Ֆրունզե Դովլաթյանին, Մհեր Մկրտչյանին,  շփվել Էդմոնդ Քեոսայանի, Հենրիկ Մալյանի ու էլի շատ-շատ ուրիշների հետ: Որևէ դպրոց, որևէ  համալսարան չի կարող փոխարինել այդ հանդիպումներին: Ինձ թվում է, որ ագահությունը կործանեց կինոստուդիան, ունեցած  արժեքները  չգնահատելն ու չհասկանալը: Չէր կարելի  կինոստուդիան  վաճառել անծանոթ, օտար ինչ-որ մեկի, որը չէր սիրել էդ պատերի ներսում գտնվող ոգին: Հաստատ կարելի էր, պահպանելով այդ ընդհանուր տարածքը, պահպանել նաև ոգին, որը չափազանց  դժվար է նորից գտնել:

pRb4ZUQ1cmdowgUOck69UGr2sVԲազմաթիվ կինոմրցանակներ ունեք` «Ոսկե ծիրանի»  2005-ի գլխավոր մրցանակը, «Անիմայովկա»  կինոփառատոնի պարգևը, իսկ Ձեր «Բալետ»  ֆիլմն  արժանացավ  2013-ի «Հայակի» լավագույն  անիմացիոն ֆիլմի համար  սահմանված մրցանակին: Գնահատված լինելը որևէ կերպ ազդո՞ւմ է Ձեր ստեղծագործական պրոցեսի վրա:

– Մրցանակներն իհարկե կարևոր են, ոգևորող են, ուրախացնող, բայց նոր ֆիլմ սկսելիս դրանց մասին չես հիշում, ընդհանրապես ոչինչ, բացի ֆիլմի կերպարներից, երաժշտությունից, նրա մսից ու արյունից: Թեմա, պատմություն գտնելն է ամենակարևորը, հենց  էն պատմությունը, որը քեզ հանգիստ չի տալիս, հարցեր ունես պարզելու դրա մեջ մտնելով:

Այս տարի արդեն Դուք եք «Հայակի» ժյուրիի անդամ: Գիտեմ, որ մինչև  ժյուրիի որոշումը հրապարակելը  գնահատականներ հնչեցնելու իրավունք չունեք, բայց գոնե կարո՞ղ եք  ասել` արդյոք արժանի ֆիլմեր  և մրցակցություն կա՞:

– Կարող եմ մի բան ասել միայն. սպասում էի ավելի հետաքրքիր ստեղծագործությունների, բայց  մի ֆիլմում լեզուն է հետաքրքիր, մյուսում`  անիմացիան (շարժումը): Կարծես ոչ  թե  ֆիլմերի մրցույթ է, այլ դրանց հատվածների:

Դուք միակն էիք, որ ընդվզեց, երբ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դռները փակվեցին դասադուլ անող ուսանողների առջև, և հեռացաք բուհից: Հիմա այդ նույն բուհում նոր ընտրության առջև են կանգնած: Ի՞նչ եք կարծում, որո՞նք են այն առաջնահերթ փոփոխությունները, որ պետք է կատարվեն  ստեղծագործական բուհում:

– Ինձ  համար հիմա  շատ  ավելի պարզ է, թե ինչու դուրս եկա բուհից: Ուսանողների առջև ինստիտուտի  դռները փակելն  ուղղակի վերջին կաթիլն էր, շատ ավելի խորքային խնդիրներ կան: Անազնիվ եմ համարում ոչինչ չտալ ուսանողին և գումար վերցնել դրա համար: Չի կարելի մեկ համակարգիչ ունենալ նույնիսկ 5 ուսանողի դեպքում ու կամերա էլ չունենալ, բայց ձևացնել, թե նրան  նկարել ես սովորեցնում: Անիմացիան պատմելով չեն սովորեցնում, ուսանողները միայն աշխատելով կարող են ունակություն ձեռք բերել:

247737_220584957971258_707285_n

Գիտեմ, որ շատ երկար եք աշխատում Ձեր ֆիլմերի վրա: Ի՞նչ եք հիմա նկարում, և ե՞րբ կտեսնենք Ձեր նոր ֆիլմը: 

– Հիմա աշխատում եմ մանկական հեքիաթ անել` առանձնապես բարի ու առանձնապես լուսավոր: Կարծում եմ` այսօր  մեզ պետք են հենց այդպիսի ֆիլմեր, դրանց կարիքն ինքս էլ եմ զգում, բայց  պետք է այնպես անել, որ հետաքրքիր լինի, որ չձանձրանան  ու  կեսից չանջատեն: Երևի  մինչև  տարեվերջ  պատրաստ կլինի:

Հարցազրույցը ` Նունե  Ալեքսանյանի