WEB APRICOT 1Դու դիտում ես փառատոնային ֆիլմ, ինքդ էլ քվերակում քեզ դուր եկած ֆիլմի օգտին՝ առանց կինոթատրոն գնալու:    webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունն այդ հնարավորությունն արդեն երրորդ անգամ ընձեռեց կինոսիրողներին: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և webtv.am-ի նախաձեռնությամբ ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ անցկացվեց «Web ծիրան»  համահայկական առցանց կինոփառատոնը, որին ներկայացված էր 32 ֆիլմ Երևանից, Գյումրիից ու Ռուսաստանից: Փառատոնը փորձում է խթանել նոր կինոմտածողությունը, հարթակ տրամադրել բոլոր ժանրերի ֆիլմերին, նաև ոչ պրոֆեսիոնալ, սիրողական նախաձեռնություններին: Բայցի ժյուրիից, որի կազմում էին կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը, կինոքննադատ Արթուր Վարդիկյանը և մշակութային լրագրող Կարինե Ռաֆայելյանը, կինոդիտողներն էլ հնարավորություն ունեին գնահատելու ֆիլմերը:  «Web ծիրանը» ընդհանուր առմամբ գրանցել է 25.000 դիտում: Նարա Կարապետյանի «Սպասում» ֆիլմն առցանց ամենամեծ թվով դիտում գրանցելու շնորհիվ ստացել է  «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Մրցանակային մյուս 3 տեղերի համար հաշվի են առնվել միայն ժյուրիի գնահատականները:       WEB APRICOT 2Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Փարաջանովի տուն-թանգարանում:

«Web ծիրան»  առցանց կինոփառատոնի 3-րդ մրցանակին արժանացավ երիտասարդ ռեժիսոր Ալեն Մանուկյանի «Հարություն» ֆիլմը: Ալենը շնորհակալություն հայտնեց իր կուրսղեկին՝ ռեժիսոր Սուրեն Բաբայանին: «Նա ինձ սովորեցրել է, թե ինչպես չնկարել կինո»,-հուզված ասաց Ալենն իր կուսղեկի մասին: 19 տարեկան է, անցյալ տարի ֆիլմ նկարելու անհաջող փորձից հետո մի լավ մշակել է նոր ֆիլմի սցենարն ու գործի անցել: «Հարությունը» պատմություն է մի կնոջ մասին, որը կորցրել է որդուն ու նրան փորձում է գտնել մեկ այլ տղայի մեջ: «Իմ ֆիլմով ես փորձել եմ հասնել Միքելանջելոյի Պիետայի գաղափարին»,-մեկնաբանեց Ալենը:

Փառատոնի երկրորդ մրցանակը տրվեց Վրույր Սիմոնյանին «Նվիրում» ֆիլմի համար: Վրույրն էլ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ուսանողն է: Նա Գորիսից է և ուշադրություն է դարձրել մարզերի մշակութային կյանքին: Երիտասարդ ռեժիսորի ֆիլմի հերոսը սիսիանցի արվեստագետ Աշոտն է, որը բազմաթիվ հրավերներ է ստանում արտասահմանից՝ այնտեղ ապրելու և ստեղծագործելու: «Դուրս չի կյամ»,-ասում է ու չի համաձայնում գնալ արտասահման, հեռանալ բնօրրանից: Աշոտը այն հիմնասյունն է, առանց որի  Սիսիանի մշակութային կյանքն ուղղակի փուլ կգա:

paraj1«Web ծիրանի» առաջին մրցանակակիրը Նիկոլայ Հովհաննիսյանն է՝ կրկին Սուրեն Բաբայանի ուսանողը: Նրա ֆիլմը կոչվում է «Ստվեր»: Նկարահանել է ընկերների, մտերիմների ուժերով: Ֆիլմի գաղափարը հղացել է գիշերով: Նիկոլայի աշխատանքն է եղել այդպիսին: Գիշերային վաճառող է եղել ծաղկի սրահում՝ շրջապատված ստվերներով, նրանց հետ արդեն մտերմացած: Հենց ստվերների աշխարհն էլ գրավել է նրան իր խորհրդավորությամբ, անսովորությամբ ու յուրահատկությամբ: Ստվերն էլ դարձել է նրա ֆիլմի հերոսը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն խաչատրյանն ու «Web ծիրան»  համահայկական առցանց կինոփառատոնի ժյուրիի անդամ Կարինե Ռաֆայելյանն էլ վստահեցնում են, որ փառատոնը տարեցտարի զարգանում է․․․

https://www.youtube.com/watch?v=kVYAvC9Ovuw&feature=youtu.be

Փառատոնի գլխավոր մրցանակակիրն ստացավ 420.000 դրամ պարգև, մյուս 3-ը՝ խրախուսականներ, այսինքն՝ տեխնիկական աջակցություն՝ հաջորդ ֆիլմի նկարահանումների համար:

 

 

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ