i150_ArticleImage_83710Կինոնկարի համառեժիսոր Ելենա Ֆետիսովան հրաժարվում է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակից երկրի քաղաքական դիրքորոշման պատճառով:

Ինչպես հաղորդում է «Կոմենտարիին», «Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և համառեժիսոր Ելենա Ֆետիսովան չի ներկայանա Հայաստանի պետական մրցանակի շնորհման արարողությանը, որը տրվել է Փարաջանովի մասին գեղարվեստական կինոնկարի համար: Իսկ դրամական պարգևը պրոդյուսերը խնդրում է  փոխանցել հայ որբ երեխաների կարիքների համար: Ֆետիսովայի խոսքով, բոյկոտի պատճառը Հայաստանի կողմից Ղրիմի հանրաքվեի ճանաչումն է:

 «Քանի որ դուք արտահայտվել եք Ղրիմում անցկացված հանրաքվեի օգտին` անվանելով այն «ժովուրդների` ազատ կամարտահայտման միջոցով ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ», բայց որը իմ`որպես Ուկրաինայի քաղաքացու տեսանկյունից միջազգային իրավակարգի և եվրոպական արժեքների խախտում է, նաև Ուկրաինայի քաղաքացիների և համայն մարդկության խաղաղությանն ու հանգստությանը սպառնացող վտանգ է պարունակում, պաշտոնապես հայտարարում եմ, որ անհնարին եմ համարում իմ մասնակցությունը ֆիլմի ստեղծողների պարգևատրման արարողությանը, որը կայանալու է մարտի 21-ին  Երևանում: Իսկ պարգևի ինձ հասանելիք մասը խնդրում եմ փոխանցել հայ որբ երեխաների կարիքների համար,- գրել է Ֆետիսովան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում:- Վստահ եմ, որ Սերգեյ Փարաջանովը նույն կերպ կվարվեր»,- ընդգծել է ֆիլմի պրոդյուսերը:

Ինչպես հաղորդում է «Կոմենտարիին», «Փարաջանով» ֆիլմը ներկայումս Ուկրաինայի մասնակցությամբ խոշորագույն միջազգային համատեղ արտադրությունն է (Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի հետ), որի բյուջեն կազմել է 1 մլն 980 հազար եվրո: Այդ գումարի կեսը ներդրել է Ուկրաինայի կինոյի հարցերի պետական գործակալությունը: Բացի այդ, սա առաջին հայրենական ֆիլմն է, որի արտադրությանն աջակցել է մշակույթի մասին խոշորագույն եվրոպական հեռուստաալիքը` ARTE FRANCE CINEMA-ն:

«Փարաջանովի» համաշխարհային պրեմիերան կայացել է A խմբի ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոներից մեկում` Կառլովի Վարիում (Չեխիա) 2013 թ. հուլիսին, որտեղ East of the West հիմնական մրցութային ծրագրում «Փարաջանովը» ներկայացնում էր Ուկրաինան: Օդեսայի միջազգային կինոփառատոնում էլ նույն տարին ֆիլմը ստացել է «Ոսկե Դյուկ» մրցանակը որպես լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ:

«Մեդիամաքսը» կասկած է հայտնում, որ Ելենա Ֆետիսովայի Հայաստան չմեկնելու պատճառ կարող է լինել նաև նրա և ֆիլմի համահեղինակ ու գլխավոր դերակատար Սերժ Ավեդիքյանի միջև ծագած կոնֆլիկտը: Բանն այն է, որ 2013 թ. հունիսին ուկրաինական «Ֆակտի» լրատվամիջոցին տված հարցազրույցում Ֆետիսովան դժգոհություն է հայտնում այն կապակցությամբ, որ Ավեդիքյանն ամենուր իրեն հռչակում է որպես ֆիլմի առանցքային դեմք:

Կինոաշխարհ