downloadԱվելի քան մի տարի անընդմեջ խոսվում էր Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Փարաջանով» ֆիլմի մասին, որի պրեմիերաներն արդեն անցած տարի տեղի են ունեցել ուրիշ երկրներում ու տարբեր միջազգային փառատոներում: Հանդիսատեսի մի մասը հասցրել էր այն դիտել «Ոսկե ծիրանի» շրջանակներում և ժամանակակից համացանցային ու համակարգչային միջոցներով, բայց մեծ մասի համար այն դեռ անհայտ էր, դրանով իսկ չափազանց սպասված: Շատ մեծ էր ինտրիգը:

Առհասարակ կենսագրական ֆիլմ նկարելը մեծ գայթակղություն է:  Հայտնի է, որ առաջին կենսագրություն-կինոնկարը կամ ինչպես հիմա ընդունված է ասել` բայոպիկը նկարվել է դեռևս  1899-ին` կինոյի երևան գալուց ընդամենը 4 տարի անց («Ժաննա դ’Արկ»), և անցած ավելի քան 100 տարվա ընթացքում մեծ թվով կենսագրական ֆիլմեր են նկարվել:  Շատերն այսօր առավել հաջողվածների ցուցակներ են կազմում, ըստ որոնց` լավագույնների թիվը վաղուց հատել է 100-ի սահմանը: Մանավանդ XX դարավերջից  սկսած` կենսագրական ֆիլմերի մի նոր ալիք է սկսվել, որոնք օր օրի էլ ավելի մեծ լսարան են հավաքում, իսկ տեխնիկական միջոցների սրընթաց զարգացումը և բյուջեների ահռելի աճն այս ժանրի զարգացման նոր հեռանկարներ են բացում:

Եվ հետաքրքրությունն այս կարգի ֆիլմերի նկատմամբ հասկանալի է: Դրանք  ֆիլմեր են նշանավոր, տաղանդավոր կամ հանճարեղ ու դրամատիկ կյանք ապրած մարդկանց մասին, որոնց թողած ժառանգությունը, հաճախ հենց նրանց կյանքի օրոք հյուսված լեգենդները բորբոքում են հետաքրքությունը: Ուստի հաշվարկը շատ պարզ է. ի սկզբանե սյուժեի լարված ընթացքն ու լեփ-լեցուն կինոդահլիճները կանխատեսելի են:


Այսպիսի ֆիլմ նկարելն ուրեմն շահեկան է, բայց և մեծ համարձակություն: Սրանք ամենից ավելի են հայտնվում քննադատության սլաքների տակ, քանի որ նրանց շրջանում, ովքեր այդ կինոնկարների հերոսներին արդեն ծանոթ են  գիր-գրականությունից կամ անձնական շփումներից, հայտնվում են մարդիկ, որոնք կշտամբանքների տարափ են տեղում` ոչ այդպես չի եղել…

Փարաջանովի մասին ֆիլմ նկարելը տասնապատիկ ավելի մեծ համարձակություն է, քանի որ նա մի մարդ էր, որի կյանքում, կենդանության ժամանակ իսկ ճիշտն ու սուտը, իրականն ու հորինվածը, երազն ու իրականությունը, խենթությունն ու պարզ մարդկային զգացմունքները խառնված էին իրար, մի տեսակ միստիկ շղարշի տակ, քանի որ նրա մասին տասնյակ վավերագրական ֆիլմեր են նկարվել և հավանաբար դեռ էլի  են նկարվելու, քանի որ դեռ ապրում է այն սերունդը, որն անձնապես շփվել է նրա հետ. հուշեր են գրվել, գրվում են և դեռ էլի կգրվեն:

Հայ հանդիսատեսի անհամբերությունն այս ֆիլմի նկատմամբ թերևս կարելի է բացատրել նաև այն հանգամանքով, որ  բնավ շփացած չէ մեր մեծերի մասին կինոնկարներով: Հայ կինոն մեծ պարտք ունի այս առումով և հազիվ թե մոտ տասնամյակներում կարողանա դուզն-ինչ մարել այն: Մանավանդ որ անցած տարի նման մի եզակի փորձը` «Նժդեհը», ավելի շատ հիասթափություն բերեց:

Բայց վիճակը նետված էր, կինոնկարը` այլևս իրողություն, և հայ հանդիսատեսը սպասում էր հայաստանյան պրեմիերային, որից մեկ-երկու օր առաջ ինտրիգն էլ ավելի մեծացավ: Նախ` հայտնի դարձավ, որ այն արժանացել է Հայաստանի պետական մրցանակի: Ի լրումն` ճակատագրի չար կատակով «Փարաջանովը», ինչպես և դրա հերոսը ժամանակին, ակամա քաղաքական «խաղերի» առարկա դարձավ: Մրցանակի շնորհման նախօրեին դրա ուկրաինացի հեղինակը` Ելենա Ֆետիսովան, հրաժարվեց այն ստանալուց: Պատճառը շատ հասկանալի էր` Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի ժողովրդի ինքնորոշման առնչությամբ, որը Ուկրաինայի շահերից չի բխում:

IMG_0521Մարտի 22-ին` պրեմիերայից առաջ կայացած մամլո ասուլիսում, որ հրավիրել էին ֆիլմի համառեժիսոր և գլխավոր դերակատար Սերժ Ավետիքյանը, Հայաստանում Ֆրանսիայի և Վրաստանի դեսպանները և պրոդյուսեր Թագուհի Կարապետյանը, հայտնեցին, որ ճիշտ չէ մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Ֆետիսովան հրաժարվել է մրցանակից, նա հրաժարվել է միայն դրամական պարգևից (՞), և մրցանակն անպայման հանձնվելու է նրան:

Բանախոսները հատուկ նշեցին, որ իրենք հարգում են արվեստագետի` սեփական դիրքորոշումն արտահայտելու ազատությունը: Սակայն «Կինոաշխարհի» այն հարցին, թե ինչ կլիներ կինոնկարի ճակատագիրը, եթե Ուկրաինայի դեպքերը տեղի ունենային ավելի վաղ` նկարահանման ընթացքում,  համառեժիսոր Սերժ Ավետիքյանը դժվարացավ պատասխանել: «Համենայն դեպս դա շատ կդժվարացներ աշխատանքը, առանց Կիևի նկարահանումների ֆիլմը պարզապես չէր կայանա»,- ասաց նա:

Սերժ Ավետիքյանը նաև զգուշացրեց ոճական նմանություններ չփնտրել այս ու Փարաջանովի ֆիլմերի միջև, նույնիսկ չնույնացնել իր մարմնավորած ու Փարաջանովի իրական կերպարները: Նման խնդիր բնավ չի դրվել: Նպատակը եղել է սոսկ հիշեցնել Փարաջանովին` գտնելով սեփական ոճը: Եվ տեղեկացրեց, որ անձնապես էական փոփոխություններ է մտցրել սցենարի մեջ, թեպետ  ֆիլմի տիտղոսագրերում այդ մասին չի նշվում: «Ժամանակը ցույց կտա, թե ով ինչ է արել և ինչքան է արել»,- ասաց նա:

Թե որքանով է նրան հաջողվել գտնել սեփական ոճը, դժվար է ասել, քանի որ ֆիլմում ակնհայտորեն երկու ձեռագիր է նկատվում, երկու  հայացք, որոնք միշտ չէ, որ հաշտ են եղել կամ նույն ուղղությունն են ունեցել: Խոսքն այն մասին չէ, որ այստեղ անընդհատ զուգակցվում են, մի կողմից,  զուտ ռեալիստական տեսարանները, մյուս կողմից`  բավական սյուրռեալիստական, նույնիսկ փարաջանովյան կոլաժներին  հարիր ու շատ սրամիտ լուծումներով, խոր ենթատեքստով կադրերը: Ակնհայտ է, որ ձգտում է եղել ցույց տալու Փարաջանովի ոգին, միստիկականի ու իրականի համադրությունը, որ միշտ ներկա էր նրա կյանքում: Խոսքն այն մասին է, որ մտածողության ակնհայտ տարբերություններ կան, որոնք երբեմն նույնիսկ հակադրության ու կամ գուցե թերասացության են հանգեցնում` շփոթեցնելով հանդիսատեսին: Սակայն դժվար չէ կռահել, թե ինչ սրբագրումներ են արվել սցենարում, որոնցից, վստահաբար, ֆիլմը շահել է: Դժվար չէ կռահել նույնիսկ, որ որոշակի ազդեցություն է եղել նաև ֆիլմի երաժշտության վրա, և արժանին մատուցելով  ֆրանսիացի կոմպոզիտորին` Միշել Կարսկուն, հարկ է նշել, որ մանավանդ հայկական հայտնի օրորոցայինը շատ  սիրուն է օգտագործված, չափավոր քնարականության ֆոն է ստեղծում և դիտելուց հետո էլ դեռ երկար ժամանակ  մնում է հիշողությանդ մեջ:

Ամեն դեպքում, մի բան չափազանց ակներև է. ֆիլմը նկարվել է սիրով ու մեծ նվիրումով, իսկ դա շատ կաշառող հանգամանք է, որպեսզի չսկսես խոշորացույցով զննել այս կամ այն անհաջող դրվագը և կամ վրիպումը: Այսուհանդերձ, կինոդահլիճից հեռանալուց  հետո երկար ժամանակ մնում ես տարակուսանքի մեջ: Տեսարաններ, տեսարաններ, որոնք կարծես չեն ամբողջանում, կարծես մի շրջանակի մեջ չեն դրվում: Բայց հետո հասկանում ես, որ հավանաբար հնարավոր էլ չէ  մի շրջանակի մեջ  և առհասարակ շրջանակի մեջ դնել մի այնպիսի երևույթ, ինչպիսին Փարաջանովն էր: Դժվար է անգամ ասել, թե արդյոք իրեն` Փարաջանովի՞ն էլ կհաջողվեր իր կյանքը շրջանակի մեջ դնել, եթե անողոք ճակատագիրը չընդհատեր նրա երկրային կյանքը և իրականացվեր  «Խոստովանություն» ինքնակենսագրական ֆիլմը, արդյոք  դա լույս կսփռե՞ր նրա առեղծվածի վրա, թե՞ նոր առեղծվածներ կմատուցեր:

Այնպես որ մնում է շնորհավորել ֆիլմի հեղինակներին  և նրանց փոխարեն ասել այն, ինչ դարեր շարունակ ասել են ստեղծագործողները` հայցելով ընթերցողի կամ դիտողի ներողամտությունը. նրանք արել են այն, ինչ կարողացել են, ավելի լավ թող անեն ուրիշները:

Անահիտ Հարությունյան

 Հ.Գ. Յուրաքանչյուր հայկական ֆիլմի պրեմիերայից հետո շատերը հարց են տալիս` արժե՞ր արդյոք Ազգային կինոկենտրոնի սուղ բյուջեից միջոցներ հատկացնել այս աշխատանքին: Սա այն հազվագյուտ դեպքերից է, որ վստահաբար կարելի է ասել` արժեր, իհարկե  արժեր: