Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական ֆիլմի ռեժիսուրա բաժնի շրջանավարտ Սեգ Կիրակոսյանն  այժմ  ուսումը  շարունակում է  նույն բուհի ասպիրանտուրայում: Սեգը, ուսումնառության ընթացքում տեսական գիտելիքներ ձեռք բերելուց զատ, զբաղվում  է գործնական աշխատանքով։ Այս պահին նա  սկսել է սեփական տեսական հետազոտությունը վավերագրական ֆիլմերի ոլորտում և ուժերն է փորձում ռեժիսուրայի ասպարեզում: Նրա առաջին ֆիլմերից մեկը կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի մասին է, որը նկարել է  2009-2011 թթ.:  Երկրորդը մի ընտանիքի պատմություն է, որի մասին առայժմ ոչինչ չի  կարող հրապարակել, քանի որ հերոսների հետ պայմանավորվածություն ունի, որ ֆիլմը Հայաստանում չի ցուցադրվելու: Առաջին երկու ֆիլմերը  դիմանկարներ են: Երրորդը քիչ ավելի պոետիկ ոճ ունի, բայց դարձյալ` վավերագրական, որի նյութերը հեղինակը սկսել է հավաքել  երեք-չորս տարի առաջ ու տարբեր տեսարաններ նկարել ՀՀ մարզերում, Ռուսաստանում, Իտալիայում, Իսպանիայում և այլ երկրներում: Այս պահին երեք կինոաշխատանքներն էլ  մոնտաժման փուլում են: 

Վավերագրկան ֆիլմ նկարելու հարցում նրա համար չափանիշ են պոետիկ կինոյի հայազգի ներկայացուցիչ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը․ «Փելեշն ինձ համար հանճարեղ երևույթ է: Իմ կարծիքով` նա իր համար բացահայտել է կյանքի հիմնական սկզբունքները, ու դրա շնորհիվ կարողացել է նկարել այդ աստիճան ապշեցնող ու զգացմունքային տեսանկյունից դիպուկ ֆիլմեր»: Հայ վավերագրողներից երիտասարդ ռեժիսորը առանձնացնում է  Արա Վահունու ֆիլմերը: «Նրա ֆիլմերում գերիշխող պարզությունն ու անկեղծությունն ինձ շատ են ոգևորում»,- ասում է նա: Հարություն Խաչատրյանի ֆիլմերից ամենաուժեղը համարում է «Կոնդ» ֆիլմը: «Գրեթե բոլոր ֆիլմերը դիտել եմ, իսկ «Սահմանը»՝ երեք անգամ, և կարծում եմ` «Կոնդը» դեռևս չգերազանցված է: Իհարկե, կան այլ վավերագրողներ ևս, որոնց ֆիլմերը հավանում  կամ չեմ հավանում, բայց այս երկու հեղինակներն են, որոնց այս պահին ուզում եմ նշել», – անկեղծանում է երիտասարդը։

Կինոնախագծերի իրականացման գործում նրան մեծապես օգնել է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը՝ տրամադրելով  տեխնիկա, աջակցելով մասնագիտական խորհուրդներով։ «Դա ինձ համար շատ կարևոր էր, որովհետև հինգ տարի սովորելով ԵԹԿՊԻ-ի վավերագրական կինոռեժիսուրայի բաժնում` որակյալ տեսախցիկ չէի օգտագործել. ինստիտուտում առանձնապես հարուստ տեխնիկա չկար, եղածն էլ ուսանողներին չէին վստահում (տալիս են երկու-երեք օրով՝ լավագույն դեպքում): Մեզ ասում էին,  եթե տաղանդ ունեք լավ ֆիլմ նկարելու, տեխնիկան  ամենևին էլ կարևոր չէ: Ես դրան համամիտ եմ, բայց երբ արդեն այդ ֆիլմերը պետք է ցույց տալ հանդիսատեսին,  միջազգային ֆոնդերին կամ փառատոներին, լուրջ չեն ընդունվում»,- ասում է նա:

Սեգ Կիրակոսյանը կարծում է, որ լավ կինո նկարելու համար մեծ գումարները դեռևս նախապայման չեն, քանի որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում լավ կամ վատ կինո: «Ես լավ կինոն որոշում եմ զգացողությամբ, ընդ որում, այն կապ չունի արտաքին հուզմունքի հետ: Ֆիլմեր կան, որոնցից հետո լաց եմ լինում, բայց դուրս գալուց հետո ասում եմ, որ հիմար ֆիլմ է: Ամեն հուզիչ բան չէ, որ արվեստ է: Կան նաև ֆիլմեր, որոնք դիտելուց հետո չեմ խոսում, որովհետև  հուզմունքից մկաններս չեն աշխատում: Այդպես եղել է, օրինակ՝ Միխայիլ Հանեքեի «Սեր», Բելլա Տարի «Թուրինյան ձի», Միքելանջելո Անտոնիոնիի «Zabriskie Point», Արտավազդ Փելեշյանի «Մենք» և էլի շատ ֆիլմեր դիտելուց հետո: Այնպես, որ մեծ գումարներով կարելի է ևʹ լավ կինո նկարել, ևʹ հակառակը»։

Կինոգործում Սեգն  իրեն շատ փորձառու չի համարում, սակայն դեմ չէ իր  մտքերը հայտնել սկսնակներին․ «Պետք է հնարավորինս շատ փորձել այն ամենը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ: Ոչ թե ամեն ինչ, այլ որքան հնարավոր է շատ: Այս պահին էլ ինձ համարում եմ փորձարկումների փուլում գտնվող մարդ»։

Վավերագրական կինոյում ստեղծագործելու համար Սեգը գտել է այն ոճը, որն իրեն  դուր է գալիս։  «Եվ քանի դեռ հանրահայտ կինոռեժիսոր չեմ, կարծում եմ` կարող եմ ինձ թույլ տալ նաև այնպիսի ֆիլմեր նկարել, որոնց համար կարելի է ամաչել: Նույնն էլ կարող եմ առաջարկել սկսնակ կամ երիտասարդ այլ կինոռեժիսորների»,-ասում է նա:

Տ.Գ.