«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իր եռամյա կենսագրության մեջ հասցրել է կատարած աշխատանքով աչքի ընկնել նաև կինոարտադրության ոլորտում: Արտերկրից ժամանած առաջատար մասնագետները, համաշխարհային մեծության կինոռեժիսորներն ու անմիատորները կենտրոնի հյուրընկալ հարկի տակ մշտապես հնարավորություն են ունենում կիսվելու իրենց փորձով նաև հայ պատանիների հետ:

ԹումոԿենտրոնի ֆիլմերի բաժնի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանը կինոոլորտի հետ իր կյանքը կապել է դեռևս 2002 թվականից, և  ինչպես ինքն է խոստովանում,  բազմիցս  հանդես է եկել քննադատական ելույթներով ոլորտում տեղ գտած թերությունների և անելիքների մասին: Փորձագետն ավելի քան համոզված է, որ յուրաքանչյուր մարդ ֆիլմի ընտրության հարցում առաջին հերթին առաջնորդվում է սեփական գիտելիքներով ու  ճաշակով։ «Ինձ համար կինոն լավ կամ  վատ  չի լինում, այն ավելի կարևոր է ասելիքի տեսանկյունից:  Ժամանակակից կինոն արագորեն փոխում է իր դեմքը՝ դուրս մղելով ժապավենը և փոխարինելով այն ավելի դեմոկրատ  տեխնոլոգիաներով՝ վիդոարտադրանքով: Սակայն ամեն վիդեոարտադրանք չէ, որ արվեստի գործ է: Ես կողմանկից եմ ժամանակակից փոփոխություններին, որոհետև այդ կերպ ստեղծագործողը դառնում է անկախ և համարձակ»,-ասում է Մ. Կարապետյանը։  Նա  լավ է պատկերացնում կինոարդատրության ապագան Հայաստանում և կարծում է, որ  դեռևս կան խոչընդոտներ, ուստի անհրաժեշտ է ձևավորել գլոբալ քաղաքականություն կինոարտադրության ոլորտում:

թումո1Հաջողությամբ հաղորդելով իր գիտելիքները «Թումոյի»  սաներին` նա ծանոթացնում է պատանիներին կինոյի պատմությանն ու գաղտնիքներին, անցկացնում զանազան կարևոր դասընթացներ։ «Ամեն ամիս «Թումոյում» երեխաները հնարավորություն են ունենում 10-20 ֆիլմ դիտելու, որոնք վերաբերում են ինչպես կինոյի պատմությանը,  այնպես էլ  նոր արտադրված ֆիլմերին: Մենք աշխատում ենք  ներկայացնել կինոարտադրության ամբողջ բազմազանությունը, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան ծանոթանալու կինոյի նոր տեխնիկական հնարավորություններին»,- պատմում է նա։

Միայն 2014 թ.,  կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակի   առթիվ, կենտրոնում  հինգ ֆիլմ  է ցուցադրվել: Նախորդ տարի  հանդիպում և ֆիլմերի ցուցադրություն  է կազմակերպվել ֆրանսիահայ դերասան և ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի դափնեկիր Սերժ Ավեդիքյանի հետ: Մ․Կարապետյանը հույս ունի, որ երբ ռեժիսորի նոր ֆիլմը՝ «Փարաջանովը», հայտնվի հայաստանյան կինովարձույթում, իրենք հնարավորություն կունենան  այն ցուցադրելու նաև «Թումոյում»:  Անցյալ տարի կենտրոնը հատուկ հանդիպում է կազմակերպել նաև  Արտավազդ Փելեշյանի հետ, որը մասնակցել է իր ֆիլմերի ցուցադրությանն ու շփվել պատանիների հետ: Իսկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին` 2013 թ. հուլիսին, հանդիպում է կայացել նաև կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ: Կենտրոնի սաները ստեղծել են անիմացիաներ Ատոմ Էգոյանի հիմնադրած «ԷԳՈ Ֆիլմ արտս» ընկերության տարբերանշանի համար:

թումո2«Թումոն» պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում անիմացիայի և կինոյի արտասահմանյան առաջատար մասնագետների հետ: «Մեզ համար կարևոր է ոչ թե այն, որ հյուրը արտերկրից լինի, այլ այն, որ կատարվի մասնագետների լուրջ ընտրություն բոլոր ոլորտներում:  Ոչ դասական մեթոդներով անցկացվող  հանդիպումերի ընթացքում կիրառվում է բազմազանության սկզբունքը, ինչն էլ ապահովում է հրաշալի արդյունք։ Մեկ օր կամ երկու ժամ տևողությամբ հանդիպումը շատ մեծ հետք  է թողնում երեխայի ձևավորման վրա:  Դա ամենակարևոր նվաճումն է: Օրինակ՝ Գոդֆրի Ռեջոյի մեկ ժամ  դասախոսությունը  կարող է ամբողջովին փոխել մարդու կյանքը,  դա լուրջ,  խորը փիլիսոփայություն է»,- նշեց ֆիլմերի բաժնի ղեկավարը` ավելացնելով, որ կինոյում կարևորը լայն մտածելու կարողությունն է:

Բացի հանդիպումների ավանդական շարքից, «Թումոն»  Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ 17-26 տարեկան երիտասարդների համար անցկացնում է դասընթաց-մրցույթ:  Եռամսյա անվճար դասընթացներին (աշխատարանին)  մասնակցելու համար 80 դիմորդից ընտրվել են 21-ը:  Մրցութային թեմա կարող է լինել Հայաստանում առկա այս կամ այն սոցիալական կամ քաղաքական խնդիրը։ Մայիսին ավարտուն ֆիլմերը կներկայացվեն միջազգային ժյուրիի գնահատմանը: «Այս նախագծի   հիմքում Եվրոպայի, ԱՄՆ-ի,  Ռուսաստանի, հետխորհրդային երկրների, ինչպես նաև տեղական վավերագրողներին ներգրավելն է:  Այն հետաքրքիր հարթակ է  ժամանակակից կինոյի ոլորտում»,- փաստում է փորձագետը:

թումո3Երիտասարդ վավերագրողների համար նախատեսված այս նախագծի նպատակն է հայտնաբերել, կրթել ու ներկայացնել վավերագրական ֆիլմի ու տեսողական պատմասացության ոլորտներում  հայաստանյան նորահայտ տաղանդներին: Ծրագիրը կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր ստեղծելու մարտահրավեր է այն հայ երիտասարդ ռեժիսորների համար, որոնք կարևորում են տեղական խնդիրները,  նաև նրանց  դերը, ովքեր իրականացնում են այդ ձևափոխումներն աշխարհում: Մասնակիցները հնարավորություն ունեն կատարելագործելու կամ նկարահանելու իրենց ֆիլմերը՝ հենվելով իրենց նախնական առաջարկների վրա: Նրանք մշտապես ստանում են աջակցություն  նախագծերի գաղափարների հղկման, ինչպես նաև ֆիլմեր նկարելու նախարտադրական, արտադրական ու հետարտադրական փուլերում:

Հանրության համար  սաների առաջին հաջողված աշխատանքները  բաց են և հասանելի կենտրոնի www.tumo.org կայքում: Առաջիկայում, «Թումոն» նախատեսում է ներկայանալ նոր,  հետաքրքրական ու լայնամասշտաբ նախագծերով:

https://www.youtube.com/watch?v=hce4VPOCuoA

Տ. Գ.