«Սպիտակ գառան երազը» ֆիլմի 14 րոպեների մեջ ռեժիսոր Հրանտ Վարդանյանը փորձել է խտացնել համամարդկային արժեքներ: Ֆիլմի հերոսը Բեբեն է՝ զոհաբերության տարվող սպիտակ գառնուկը, որի ցավն ու բողոքը հասկանալի են առանց թարգմանության, առանց ավելորդ մեկնաբանությունների: Գրոտեսկային ֆարս ժանրում բարձրացվում են ցավոտ խնդիրներ առանց ավելորդ պաթոսի, նուրբ հումորով, թվում է՝ ամեն ինչ տեղին է, ամեն ինչ՝ ասված, ամեն ինչ՝ հասկանալի, բայց տողատակում միշտ էլ կա մի բան, որի մասին ցանկալի է լսել հեղինակից: «Կինոաշխարհի« հյուրը Հրանտ Վարդանյանն է:

hrant-vardanyan– Գրոտեսկային տրագիֆարս. սա ժանրային այն ձևաչափն է, որով ստեղծվեց «Սպիտակ գառան երազը»: Գաղափարը ծնվել է ակնթարթորեն, պարզապես մտքովս անցավ՝ գառանը մորթելու ժամանակ հանկարծ ինչ-որ բան է պատահում, ու շտապ օգնության մեքենան նրան կիսամորթ վիճակում տեղափոխում է հիվանդանոց: Ցանկություն առաջացավ գառան աչքերով նայել իրականությանը, զոհաբերություն ասվածին: Զոհաբերությունն ընդունելի է, երբ գնում ես դրան կամովին, գիտակցաբար, հանուն ինչ-որ բանի, բայց պարտադրված զոհաբերությունը ճորտացումն է, մարդուն նսեմացնելու, ստրկացնելու ցանկությունը, ինչն ինձ համար անընդունելի է, և դրա համար որևէ արդարացում չեմ կարող գտնել: Բայց դա բնորոշ է մարդկությանը, և ցավալին այն է, որ զոհաբերում են հատկապես լավագույններին, ամենասպիտակին, ամենամաքուրին, ամենագեղեցիկին, ինչպես բազմաթիվ կրոններում:

– Ձեր ֆիլմի «հերոսը»՝ Բեբեն, հավաքակա՞ն կերպար է, թե՞ բեբեների թիվն իրականում մեծ չէ:

– Բեբեն այն սպիտակ գառն է, որն անվերապահորեն վստահում էր իր հովվին, մտածում է՝ էլ ո՞վ պիտի փրկի իրեն զոհաբերությունից, իհարկե՛ հովիվը: Բայց հովիվն իրականում ամենասովորական դավաճան է, վաճառական, որը վաճառել է Բեբեին 30 հազար դրամով, ինչպես Հուդան դավաճանեց Հիսուսին ընդամենը 30 արծաթով: Դավաճանը մարդու ամենասարսափելի տեսակն է: Այսօրվա քարոզչությունը, ցավոք, տանում է նրան, որ հանուն նյութի շատերն են պատրաստ դավաճանության: Հենց այդ պատճառով է մարդն աղքատանում: Նյութը չէ, որ մեզ հարստացնում է, այլ այն անտեսանելին, անըմբռնելին ու անծայրածիրը, որը կոչվում է ոգի: Ոգին ի սկզբանե տրվում է մարդուն, որպեսզի մարդը մարդ մնա: Մարմինը հնարավոր է սպանել, բայց ոգին՝ երբե՛ք: Եթե մենք կարողանանք ընդամենը մեկ ակնթարթ պատկերացնել ՝ ինչ է հավերժությունն ու այդ հավերժությունը կոչենք Աստված, ապա անմիջապես կտեսնենք մեր փոքրությունն այդ Աստծո առաջ: Հողեղեն տվայտանքների մեջ չարանալու և չարությունը շրջապատում տարածելու փոխարեն պետք է անընդհատ փնտրենք և ընտրենք սերը: Գիտությունն է փաստում, որ օդը, հողը, հատկապես ջուրը տեղեկատվության ակտիվ կրիչներ են, ինչ տալիս ենք բնությանը, նույնն էլ նա վերադարձնում է մեզ: Մենք բացասական էներգիա ենք շպրտում բնության մեջ ու դրանով վնասում ինքներս մեզ: Այս ամենի մեջ ամենակարևորը մարդ մնալն է, սպիտակ գառը չսևացնելը: Դժվար է, բայց ճշմարիտ ճանապարհը դա է: Hrant 3
Ասեմ, որ բեբեներն իրականում քիչ չեն: Այդ տեսակը շատ ավելին է, քան կարծում ենք, պարզապես լավ տեսակն այսօր ավելի հազվադեպ է ջրի երեսին հայտնվում: Ինձ համար մարդու ամենաթանկ տեսակն այսօր երեխա տեսակն է: Ես նրանց անվանում եմ աստվածներ, որովհետև աստվածային էությունը հենց նրանց մեջ եմ տեսնում: Երեխաներից կարելի է անընդհատ սովորել, դա ամենամեծ դպրոցն է, բայց մենք նրանց նայում ենք վերևից, մեր բարձրությունից: «Թարս» ասվածը նաև սրան է վերաբերում: Ինձ համար սկզբունք գոյություն ունի՝ եթե երեխան ու ծերը, այսինքն` նոր աշխարհ եկողն ու գնացողը լավ չեն ապրում, ուրեմն այդ հասարակության միջին սերունդը շատ վատ վիճակում է: Գուցե շեղվեցի կինոյից, բայց կինոն հենց սա է ինձ համար:

– Ձեր ֆիլմում մեծ ցավ կա, բայց դրա մասին խոսում եք առանց պաթոսի, անգամ՝ հումորով:

– Սադիզմի այդ դրսևորումը ես չեմ հասկանում, երբ վեր հանելով ցավը` արվեստագետն այն թողնում է հանդիսատեսի մեջ ու դրանից բավականություն ստանում: Գուցե այդպես հնարավոր է վարվել, երբ ինքդ այդ ցավից դուրս ես: Բայց երբ ցավն ընդհանուր է, դու պարզապես ուզում ես այն կիսել մյուսների հետ: Մենք մի հրաշալի արտահայտություն ունենք՝ «ցավդ տանեմ»: Սրանում այնքան բան կա ասված, որը չենք բացահայտել: Ընդհանրապես մենք մեր տեսակը քիչ ենք ուսումնասիրել ու չափազանց վատ գիտենք ինքներս մեզ:
hrant-white-lambԱյս ֆիլմը ծնվեց հատկապես Արամոյի շնորհիվ, որի մեջ ես բացահայտել եմ շատ հետաքրքիր դերասանի: Համաձայն չեմ այն տեսակետին, որ այսօր լավ դերասաններ չկան: Դերասանների հրաշալի խումբ կարելի է հավաքել, պարզապես նրանց առաջ լավ խնդիր պետք է դնել: Կինոն կոլեկտիվ աշխատանք է, խնդիրը տրվում է, և լաբորատորիան սկսում է գործել: Ինքնահավան, «ես ամեն ինչ գիտեմ» սկզբունքով աշխատող ռեժիսորը տանուլ է տալիս: Ռեժիսորն իր նավի նավապետն է, որը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր մանրուք ու նավը ճիշտ ուղղությամբ առաջնորդի: Ռեժիսորը պետք է սիրի ու սիրված լինի նաև:

Հրանտ Վարդանյանի մասնագիտական ուղին այլ էր, կինոն նրա երազն էր, որն իրականություն դարձրեց 33 տարեկանում: «Սպիտակ գառան երազը», ըստ էության, նրա դեբյուտն էր կինոյում և «Արև» ստուդիայի առաջին լուրջ կինոարտադրանքը, որը պարզապես «մատնեց» կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանին ու բացահայտեց կինոմտածողության նրա ձեռագիրը: Բարեհաջող մեկնարկը կինոյում և երազի շարունակական տրամաբանությունը ենթադրում են նոր ֆիլմեր, բայց ….

– Ես ապրել եմ «Հայֆիլմ» կինոստուդիայի հարևանությամբ, կարելի է ասել՝ մեծացել եմ նկարահանման հրապարակում: Դա իմ ամենամեծ փորձն էր, ես տեսնում էի, թե ինչպես է ֆիլմը ստեղծվում: Երբ առաջին անգամ Մելս Մովսիսյանից տեսախցիկ խնդրեցի, ասաց՝ դո՛ւ էլ գժվեցիր: Բայց տվեց, ու ես նկարեցի իմ առաջին ֆիլմը, որը կոչվում էր «Լռություն»: Դա մուտքն էր, բայց կինոն, ինչպես ասացի, ինձ ուղեկցել է մանկությունից, իմ անբաժան մասն է եղել միշտ: Կինոն ինձ համար երազները ցույց տալու միջոց է: Գիրքը կարդալիս մեզնից յուրաքանչյուրն իր ֆիլմն է տեսնում, իսկ ռեժիսորն իր տեսածը բերում է էկրան ու ցույց տալիս բոլորին: Կինոյի հրաշքը դա՛ է: Ես սկսեցի ու անպայման շարունակելու եմ: Ինձ ամենից շատ հետաքրքրող նյութը մարդն է ու նրա հարաբերությունն աշխարհի հետ: Կան բազմաթիվ մտքեր, անգամ գրված սցենար, բայց լուրջ ֆիլմի համար լուրջ գումարներ են պետք, որոնք չկան: «Սպիտակ գառան երազը» ֆիլմի գումարը Արամոյի հետ միասին (և նա ավելի շատ, քան ես) հավաքել ենք մատաղի փողի նման, կարելի է ասել՝ դռնեդուռ ընկած: Առիթից օգտվելով` կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեր կողքին կանգնեցին ու տվեցին իրենց գումարներն առանց որևէ ակնկալիքի: Փա՛ռք Աստծո, որ նման մարդիկ դեռ կան: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի փողեր են թափվում, բառի բուն իմաստով թափվում խորտիկների, հագուստի, մաշվող-գնացող աղբի վրա: Այդ ամենի մեջ տգիտություն ու քաղքենիություն կա: Բայց գուցե մի քիչ դադա՞ր տանք: Արամ Ղարաբեկյանի հուղարկավորության ժամանակ մի բան անցավ մտքովս. Աստված երևի նայում է մեզ՝ հայ ժողովրդին ու ասում. «Այսպես կսրբեմ ու կտանեմ, եթե քո մշակույթին տեր չկանգնես»: Ինչպե՞ս սկսեցինք 2014 թվականը, մեկը մյուսի ետևից մշակութային գործիչների կորուստներով, տեսակի՛ կորուստներով: Մեր տեսակի կրողը հենց այդ մարդիկ են, որոնք հետք են թողնում, որոնցով հպարտանում ենք: Դրա համար էլ նրանց պետք է օգնել, տիրություն անել: Ամո՛թ է, մենք արժանի չենք այն գիտությանը, կինոյին ու թատրոնին, որն ունենք այսօր: Դարասկզին համաշխարհային կինոյում մեծ ներդրում ունեցած ազգն այսօր զրկված է լուրջ կինոստուդիայից: « Հայֆիլմ» կինոստուդիան պետք է վերականգնել, պետք է հասկանալ, որ կան բաներ, որոնք անսասան են, որովհետև դրանք գալիք սերնդի հարստությունն են, երկրի հիմքը:

– Այս ծանր պայմաններում անգամ ֆիլմեր նկարահանվում են: Կան երիտասարդ ռեժիսորներ, որոնք փորձում են ինչ-որ բան անել: Որքանո՞վ է հետաքրքիր նոր սերնդի կինոմտածողությունը:

– Ես միշտ այս օրինակը շեշտում եմ՝ ամբողջ «Հայֆիլմը» քանդվեց և միայն Մացոն ու Աիդան մնացին որպես կինոյի կատարյալ նվիրյալներ, երկուսն էլ տեխնիկական աշխատանք էին կատարում: Եթե «Հայֆիլմը» երբևէ վերականգնվի, հայ կինոյի մեծերի կողքին տեղին կլիներ նրանց արձանն էլ կանգնեցնել՝ որպես կինոյի նվիրյալների: Հայ կինոարտադրություն այսօր չկա, կան փոքրիկ ստուդիաներ, փոքրիկ բյուջեներ, փոքրիկ մտածողություն, ու գնալով այսպես փոքրանում ենք: Բայց կան առանձին նվիրյալներ, որոնց պետք է միավորել, կրկնում եմ՝ վերականգնել «Հայֆիլմն» ու հայկական կինոարտադրությունը: Իսկ դա ստեղծագործող մարդու խնդիրը չէ, այստեղ պետք է աշխատի տնտեսական միտքը: Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ կինոն մեզանում շահութաբեր չէ, դրա համար պետք է պարզապես աշխատել: Այսօր կա երիտասարդների մի սերունդ, որը կռիվ է տալիս, ուզում է և այս սրիկա պայմաններում անգամ ստեղծում է կինո: Իսկապես փա՛ռք այն մարդկանց, որոնք նվիրյալներ են այս ոլորտում, և որոնց շնորհիվ մենք կունենանք հայկական կինո նաև վաղը:

http://www.youtube.com/watch?v=JrsHPpThQkk&feature=share

Ալիսա Գևորգյան