Թուրքական Star հեռուստաալիքով շատ շուտով կսկսվի նոր սերիալի ցուցադրությունը, որի նկարահանումները վերջերս են ավարտվել Պետերբուրգում: «Քուր Սեիտ և Շուրա» մելոդրամը ռուս աղջկա և Ղրիմի թաթարի սիրո մասին է: Այս  թանկ «օճառն» իր շքեղությամբ սպառնում է ստվերել տնային տնտեսուհիների սիրած թուրքական սագան` «Հրաշալի դարը»: Ըստ շրջանառվող լուրերի` «Քուր Սեիտի» միայն մի սերիայի նկարահանումների արժեքը կազմել է 2 մլն թուրքական լիր (մոտ 1 մլն դոլար):

DETAIL_PICTURE__90378440

Այդ գումարը զարմանալի չէ, քանի որ թուրքական կինոյի աստղերի հոնորարները որոշ հոլիվուդյան դերասանների հոնորարներից պակաս չեն: Գլխավոր դերակատարը` սիրունատես Քիվանչ Թաթլիթուգը, ամսական 130 հազար դոլարի պայմանագիր է կնքել (նրա դերընկերուհին` Ֆերրահ Զեյնաբ Աբդուլլահը, սակայն, համաձայնել է դրա կեսին): Գումարած աշխարհի տարբեր երկրներում թանկ պատմական շենքերի վարձակալումը (սերիալը, բացի Պիտերից, նկարահանվել է նաև Չեխիայում, Բուլղարիայում, Ուկրաինայում): Էլ չասած այնպիսի ոչ էժան «մանրուքների» մասին, ինչպիսիք են բոլոր առանցքային հերոսների հետ անցկացված պարի և  ձիավարության պարապմունքները: Փաստորեն սա Թուրքիայի ամենաթանկ նախագիծն է:

Սցենարը գրվել է Թուրքիայում բավական սիրված «կանանց» գրող Ներմին Բեզմենի վեպի հիման վրա: Գործողությունները սկսվում են Ռուսաստանում 1890-ական թթ. և ավարտվում Թուրքիայում 1920-ականներին: Եʹվ սեր կա, ևʹ կիրք, ևʹ խանդ, ևʹ հանգամանքներ, որոնցից կախված է հերոսների ճակատագիրը: Քուր Սեիտը, ինչպես և Ղրիմի շատ թաթարներ, հեղափոխության ժամանակ փախչում է Ստամբուլ, քանի որ նա ցարական բանակի սպա է և Նիկոլայի օրոք որպես լեյտենանտ ծառայել է գվարդիական գնդում: Թուրքիայում նա ստիպված է զրոյից նոր կյանք սկսել, և այն ամենը, ինչ մնացել է նրան, սերն է:

Նկարահանումները Պետերբուրգում խիստ գաղտնի են պահվել: Բայց լրագրողներին հաջողվել է մասսայական տեսարաններին մասնակցող ռուս դերասաններից տեղեկանալ, որ սառնամանիքի պատճառով քիչ է մնացել` աշխատանքները տապալվեն: Թուրքերը հրաժարվել են -10 աստիճանի պայմաններում երկար մնալ դրսում: Հարկ է եղել հերոսներին ջերմաներքնազգեստ հագցնել: Միայն Քիվանչին նման 6 ներքնազգեստ են հատկացրել: Բարեբախտաբար սառնամանիքներն այս տարի երկարատև չէին, այլապես նախագծի ռուսական հատվածը կձգձգվեր:

Դերասանները մրսել են նաև Մարմարե պալատում, բայց ոչ էլեկտրաէներգիայի տնտեսման պատճառով: Ցածր ջերմաստիճանը պայմանավորված է թանգարանի խիստ կանոններով, որոնք արգելում են կինոգործիչներին տաքացնող սարքեր օգտագործել: Ասենք Վիտեբսկի կայարանի կառամատույցում էլ տաք չի եղել: Բայց հին առանձնատներում (իսկ սերիալում դրանք մի քանիսն են) նկարահանող խումբը մի լավ տաքացել է:

kinopoisk.ruՊարզվել է, որ Պետերբուրգում Քիվանչ Թաթլիթուգը շատ երկրպագուհիներ ունի: Նրանք հերթապահել են նկարահանման հրապարակի մոտ` ձգտելով դերասանից ինքնագիր վերցնել: Եվ միշտ կարողացել են նախապես իմանալ, թե ուր է տեղափոխվում խումբը: Սակայն գրիմի շնորհիվ թուրքական «Բրեդ Փիթին» երբեմն հաջողվել է խույս տալ, քանի որ կինոնկարի համար նա փոխել է իր տեսքը. մորուք է պահել և կարճացրել է «ռոք-ն-ռոլային» սանրվածքը:

Ի դեպ, սերիալում դեր ունի նաև թուրքական «Գալաթասարայի» խաղացող, նշանավոր հոլանդացի ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերի կինը: Իոլանտա Կաբաուն դարձել է գլխավոր հերոսուհու քույրը: Նա մինչև հիմա դասատուի հետ թուրքերեն է պարապում: Եվ թեպետ այդ լեզուն նրան դժվարությամբ է տրվում, նա կարողացել է խաղալ ֆիլմում:

Որոշ ռուսական ընկերություններ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել, այնպես որ, եթե թուրքերը շատ բարձր գին չնշանակեն, ամենայն հավանականությամբ ռուս հանդիսատեսը կդիտի այն:

Աղբյուրը` mk.ru