vahag222-ամյա Վահագ Բագրատունին ծնվել է Հայաստանում, մեծացել Գերմանիայում, այժմ ապրում և աշխատում է Միացյալ Նահանգներում: Նա նկարահանվել է Մարտին Սկրոսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» կինոնկարում, որն այս տարի պայքարում է «Օսկարի» համար:

Ներկայացնում ենք ռեժիսոր Դիանա Կարդումյանի բացառիկ հարցազրույցը դերասանի հետ, որ կայացել է «Մշակութային երկխոսություններ» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

– Ինչպե՞ս եք որոշել դառնալ դերասան, ինչպե՞ս եք ընդունվել Լի Ստրասբերգի դպրոցը, ինչպե՞ս են այնտեղ դասավանդում դերասանի վարպետություն առարկան: Ինձ հետաքրքրում է տեխնիկական կողմը:

–  Ես սկսել եմ մտածել դերասանության մասին, երբ 4 տարեկան էի: Դա, իհարկե, կապված է իմ ընտանիքի պատմության հետ: Պապս, նախապապս եղել են դերասաններ, ռեժիսորներ, հայրս երաժիշտ է՝ թավջութակահար, մայրս՝ դաշնակահար: Մի խոսքով, բոլորը եղել են արվեստի մեջ: Վաղ հասակից ես նույնպես արվեստի մեջ էի: Բազմաթիվ փորձերի եմ եղել, լսել եմ ձայնագրություններ, հորս ձայնագրած ձայնասկավառակները: Երբ մեր ընտանիքը տեղափոխվեցեց Գերմանիա՝ Շտուտգարդ, սկսեցի երաժշտությամբ զբաղվել, մասնավորապես` երգեցողությամբ: Դպրոցից բացի, տարբեր նախագծեր ունեի, այդ տարիներին ես շատ տարվածի էի երաժշտությամբ, թատրոնով: Բայց երբ ավարտեցի դպրոցը, հասկացա, որ դերասանը կարիք ունի թրեյնինգի, տեխնիկայի: Ինձ համար դերասանությունն առաջին հերթին արհեստ է: Մեր օրերում բոլորը կարող են խաղալ: Տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ ամեն մարդ կարող է իր վիդեոն ներբեռնել ինտերնետ և զարմանալի արձագանքներ ստանալ:  Որոշ արտադրողներ կարող են տեսնել այդ վիդեոները և մտածել, որ կարելի է փող վաստակել այդ մարդկանց միջոցով: Ահա թե ինչ է կատարվում, բայց ես դեռ վաղ հասակում հասկացել էի, որ կարիք ունեմ շատ հատուկ դերասանական նախապատրաստության: Երջանիկ եմ, քանի որ ծնողներս ողջունեցին իմ բոլոր նախաձեռնությունները: Երբ ասացի, որ ցանկանում եմ ուսանել Լի Ստրասբերգի դերասանական դպրոցում, ոչ մի առարկություն չեղավ, ամեն ինչ պարզ էր, երախտապարտ եմ ծնողներիս այդ վերաբերմունքի համար: Այսպես տեղափոխվեցի Նյու Յորք, Ստրասբերգի դպրոց:

Պատմեք Լի Ստրասբերգի դպրոցի դասավանդման տեխնիկայի մասին:

– Այս դպրոցի հիմքը Ստանիսլավսկու սիստեմն է: Երբ Ստանիսլավսկին իր թատրոնի հետ հյուրախաղերով եկավ Նյու Յորք, Լի Ստրասբերգը խիստ տարվեց Ստանիսլավսկու սիստեմով: Սակայն Ստրասբերգի մեծագույն ձեռքբերումն այն էր, որ այդ սիստեմի հիման վրա ստեղծեց դերասանական վարժություններ (էտյուդներ): 50-ականներին նա հիմնադրեց իր դերասանական ստուդիան: Ստրասբերգի դպրոցում շատ հայտնի դերասաններ են սովորել՝ Մերիլին Մոնրոն, Ջեյսմ Դինը, Մարլոն Բրանդոն, Ռոբերտ դե Նիրոն և այլք: Նախավարժանքները (թրեյնինգները), որ նա ստեղծեց, կազմված են 30 վարժություններից (էտյուդներից): Իմ առաջին օրն այդ դպրոցում խելահեղ էր: Ուսանողները գոռում էին, ճչում, լացում, էտյուդներ էին անում, և ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջս: Սովորելու ընթացքում հասկացա, թե ինչպես պետք է օգտագործել դերասանական տեխնիկան: Տեխնիկան շատ անկեղծ բան է, դա հենց դու ես: Դերասանի համար ամենակարևոր բանն այն է, որ անկեղծորեն ստեղծի երևակայական, բայց խիստ իրական իրականություն իր համար: Օրինակ` կա շատ հասարակ, բայց հետաքրքիր էտյուդ՝ կապված սուրճի բաժակի հետ: Սուրճը մի բան է, որ դու ամեն առավոտ խմում ես: Բայց էտյուդի ժամանակ՝ բեմի վրա, դու սկսում ես վերստեղծել այդ առավոտյան սուրճի կերպարը,  իսկ շուրջդ ևս քսան մարդ կատարում են տարբեր գործողություններ:

Ի՞նչն է ինձ ամերիկյան դերասանական դպրոցներում դուր գալիս, որ այդ ամենը հենց քո մասին է, քո խաղի մասին է: Եվրոպական դպրոցներում ամեն ինչ նկարահանման, արտադրության, զգեստների, ռեժիսորների, նրանց պատկերացումների մասին է: Իսկ դերասաններն ինչ-որ անհրաժեշտություն են, որ ենթադրվում է, որ պետք է լինեն:  Բայց այստեղ՝ Ամերիկայում, ամեն ինչ դերասանների մասին է, սա շատ ամերիկյան մոտեցում է և ինձ դա դուր է գալիս, քանի որ մենք շատ դժվար աշխատանք են կատարում:

Դու պիտի կենտրոնանաս սուրճի բաժակի վրա: Ձեռքիդ սուրճի բաժակն է, և սկսում են առաջանալ միլիոնավոր հարցեր: Ի՞նչ գույնի է բաժակը, սուրճը տա՞ք է, թե՞ սառը, որքանո՞վ է բաժակը լի, բաժակում էսպրեսսո՞ է, թե՞ կապուչինո… Մի խոսքով, դու սկսում ես վերստեղծել իրականությունը:

Կամ մեկ այլ էտյուդ, երբ կանայք հայելու առաջ գրիմ են անում, բայց աֆեկտիվ, կամ տղամարդիկ աֆեկտիվ սափրվում են հայելու առաջ: Դու նայում ես երևակայական հայելու մեջ մոտ 20 րոպե, դեմքիդ ձեռք չես տալիս, սկսում ես զգալ քո դեմքը, այտերը, կոկորդը, հետո սկսում ես աֆեկտիվ սափրվել, սանրվել, ավարտելուց հետո զգում ես, որ ցնցող տեսք ունես: Սա փորձառություն է, դու պետք է ունենաս սափրվելու բեմական փորձառությունը: Սա դերասանի խաղի մեջ ամենակարևոր բանն է: Խաղալիս միշտ ինքդ քեզ հարցեր պիտի տաս: Շատ կարևոր է, թե ինչ հանգամանքերում է քո բեմական սափրվելը տեղի ունենում, միշտ պետք է հաշվի առնել հանգամանքները:

1391773581_6714966_ts1391773598Կա՞ն տարբերություններ կինոյի և թատրոնի դերասանների էտյուդների միջև:

– Այս վարժությունները քեզ տալիս են խաղային այն գործիքերը, որոնք կարող ես կիրառել ևʹ կինոյում, ևʹ թատրոնում: Բայց, ամեն դեպքում, խաղային տարբերություններ կան. թատրոնում դու պիտի դուրս թափես, իսկ կինոյում ավելի զուսպ ես: Թատրոնում անընդհատ մարմինդ ամբողջովին օգտագործում ես, իսկ կինոյում կարող է օգտագործեն, նկարեն միայն քո խոշոր պլանը: Թատրոնում դու պիտի մտածես, որ ձայնդ հասանելի լինի բոլորին, իսկ կինոյում դրա մասին չես մտածում: Թատրոնում քո ֆիզիկական գոյությունն ամեն վայրկյան շոշափելի է, քո ողջ դերասանական, պլաստիկ կարողությունները ներգրավված են պրոցեսի մեջ, իսկ կիոնոյում այդպես չէ:

– Ինչքա՞ն է տևում դերասանական կուրսը:

– Օտարերկրացիների համար երկու տարի է տևում: Դու կարող ես ընտրել դասացուցակը: Երկու տարիների ընթացքում էտյուդներ ենք անում, խոսքն ենք զարգացնում, երգում ենք, լողի դասեր, մարտարվեստի և այլնի ենք տիրապետում, մի խոսքով, բոլոր այն անհրաժեշտ բաները, որ կարևոր են մասնագիտության համար:  Իհարկե, շատ բան չես հասցնում վերցնել, քանի որ շաբաթական 22 ժամ կարող ես հաճախել դպրոց: Ես առավելապես կենտրոնացել էի դերասանի վարպետության վրա: Դա տևեց երկու տարի, և այդ տարիները փոխեցին իմ կյանքը:

– Ավարտելուց հետո գործակալ կամ մենեջեր ունե՞ք, ով զբաղվում է Ձեր դերասանական կարիերայով:

– Օտարերկրացիների համար շատ դժվար է առաջ գնալ: Նախ` պիտի բարելավես քո ակցենտը: Կոնկրետ հիմա ես ազատ դերասան եմ: Բայց այստեղ պիտի ճանաչես, կապեր հաստատես կարևոր մարդկանց հետ: Հատկապես երիտասարդ, սկսնակ դերասանների համար այս ճանապարհը շատ դժվար է: Ավելին ասեմ, այս ամենն ավելի շատ կապերի, նեթորքինգի հարց է, քան տաղանդի: Իհարկե, պիտի տաղանդ ունենաս, բայց դա հարցի չորրորդ, հինգերորդ կողմն է:

– Դուք շատ երիտասարդ եք, բայց Ձեր տարիքում արդեն Լեոնարդո դի Կապրիոն աշխարհահռչակ դերասան էր: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է հայտնի դառնալու մեխանիզմը գործում:

–Նախ` բոլոր աշխարհահռչակ դերասանները հիմնականում սկսել են խաղալ 2-3 տարեկանից: Դի Կապրիոն իր առաջին փոքրիկ դերը խաղացել է, երբ ընդամենը 2 տարեկան է եղել: Ջուլիա Ռոբերտսը, Թոմ Քրուզը, Թոմ Հենքսը և բոլորը մեծացել են կինոմիջավայրում: Նրանք իրենցից առաջ արդեն ունեին կինոկենսագրություն. մեկի հայրը պրոդյուսեր է, մյուսինը՝ դերասան… Բայց այս պատմություններն ինձ հետ կապ չունեն: Ես ինձ նման 200-300 երիտասարդ դերասանների պես պիտի զրոյից սկսեմ: Առանց կապերի օտարերկրացին պիտի ահավոր շատ աշխատի:

vahag5– Պատմեք, թե ինչպես հանդիպեցիք Սկորսեզեի հետ միևնույն նկարահանման հրապարակում:

– Բաց քասթինգ էր, ես գնացի, հավանեցին ինձ և հրավիրեցին նկարահանվելու: Իհարկե, սա երջանկություն էր, ես պիտի աշխատեի Մարտին Սկորսեզեի հետ: Նա շատ սերտ աշխատում էր մեզ հետ, հետևաբար սա շատ կարևոր նախագիծ էր ինձ համար: Այս տեսակ նախագծերում մենք սովորաբար երկրորդ պլանում ենք լինում, բայց նա շատ մոտ շփվում էր մեզ հետ, աշխատում:  Նրա ներկայությունը զգալը, նրա հայացքը որսալը ցնցող էր: Ինձ համար` որպես էմոցիոնալ մարդու, նրա ներկայությունը շատ ոգևորող էր, իսկ երբ մոտենում էր, խոսում, ինչ-որ բան ցույց տալիս, դա արդեն երազ էր, մեծ պատիվ: Նա մեզ ուղղորդում էր, իսկ դի Կապրիոյի հետ ավելի մանրամասն էր աշխատում, քանի որ նրա դերն ավելի մանրակրկիտ աշխատանք էր պահանջում: Բացի այդ, Սկորսեզեն և դի Կապրիոն մտերիմ ընկերներ են:

Իսկ աշխատանքներն ավարտելուց հետո հավանեցի՞ք «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմը:

– Շատ պրովոկատիվ, աշխույժ ֆիլմ է: Եվ շատ «սկորսեզեոտ» ֆիլմ է, այն մարդիկ, որոնք տեսել են նրա նախորդ աշխատանքերը, կհաստատեն դա: Իհարկե, շատ եմ ափսոսում, որ իմ մասնակցությամբ ոչ բոլոր տեսարաններն են մնացել ֆիլմում: Բայց ֆիլմը շատ եմ հավանել:

Որպես դերասան ի՞նչ եք անում ձեր առօրյա կյանքում, որպեսզի «ֆորմայի» մեջ մնաք:

– Պետք է շատ ուժեղ կամք ունենաս, հակառակ դեպքում կարելի է պառկել բազմոցին ու TV նայել: Միշտ չէ, որ զբաղված ես լինում, պատահում է, որ մի քանի շաբաթ լսումներ չես ունենում: Ես փորձում եմ ֆիզիկական վիճակս պահպանել, առողջ սննդակարգ ունենալ և փորձում եմ գումար վաստակել:

1391773581_2779224_ts1391773600– Դերասանությա՞մբ, թե  ուրիշ ճանապարհով եք փորձում գումար վաստակել:

– Միմիայն դերասանությամբ: Իհարկե, իմ դեպքում շատ դժվար է, քանի որ ագենտ չունեմ, դաշտում դեռևս հաստատված չեմ, բայց միևնույն է, փորձում եմ իմ մասնագիտությամբ գումար վաստակել: Միևնույն ժամանակ գրքեր եմ կարդում, պիեսներ, ֆիլմեր եմ նայում, փորձում եմ զարգացնել իմ դերասանական կարողությունները:

Ունե՞ք ռեժիսորների ցանկ, որոնց հետ ապագայում կցանկանայիք աշխատել:

– Շատ ռեժիսորներ կան, որոնց հետ կցանկանայի աշխատել. նախ և առաջ Սկորսեզեի հետ իհարկե, բացի այդ, Ռոման Պոլանսկու, Դեյվիդ Ֆինչերի, Քրիստոֆեր Նոլանի, Էգոյանի:

Ինձ թվում է` այդ ցանկում թերևս ամենահեշտը Էգոյանին հասնելն է:

– Մի քանի տարի առաջ հանդիպել եմ Էգոյանին մի կինոփառատոնի ժամանակ, տեսնենք, չգիտեմ:

Իսկ չե՞ք համագործակցում տեղացի հայերի հետ, ներգրավված չե՞ք նրանց նախագծերի մեջ:

– Այստեղ շատ հայեր կան, բայց դժվար է համագործակցել: Նախ` մշակութային տարբերություն կա: Ես մեծացել եմ Գերմանիայում, բացի այդ, այստեղի հայերը շատ ամերիկանացված են: Էլի կապերի տարբերակն է գործում, նախ նրանց պիտի ճանաչես, հետո գուցե քեզ համար աշխատանք գտնվի: Բացի այդ, այն հայերը, որոնք հաստատված են կինոինդուստրիայի մեջ, հիմնականում ապրում են Լոս Անջելեսում:

1391773581_2598794_ts1391773599Եթե չեմ սխալվում, դուք աշխատել եք մի շարք կարճամետրաժ ֆիլմերում ևս:

– Այո, ես շատ կարճամետրաժ ֆիլմեր ունեմ: Այստեղի հայ ուսնաողների հետ եմ համագործակցում, նույնիսկ ցեղասպանության թեմայով սցենար ենք ուզում նկարահանել:

Դուք ձեզ հայտնի զգո՞ւմ եք: Գոնե այստեղ՝ Հայաստանում, ձեր անվան շուրջ բավական հետաքրքություն կա:

– Ի՞նչ է հռչակը, սա լուրջ հարց է: Ոչ… Կարող եմ ասել՝ ոչ: Ես անում են այն, ինչ անում եմ, և դա այն է, ինչ կարող եմ անել: Լինել հարուստ, հայտնի, անընդհատ ուշադրության կենտրոնում. այս ամենն աշխատանքի, աշխատասիրության արդյունք է: Ես կարիք ունեմ աշխատելու, որպեսզի այդ արդյունքին հասնեմ: Իմ հանգամանքերի համեմատ` ես շատ եմ աշխատել: Դպրոցն ավարտելուց հետո 4 տարի շարունակ աշխատում եմ և այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ իմ վիճակի  պարագայում հաստատված մարդ եմ: Բացի այդ, Դուք Հայաստանը նկատի ունեիք, պետք է խոստովանել, որ այնքան էլ շատ թվով աշխարհահռչակ հայեր չկան…

Դուք պետք է ուղղեք այդ սխալը:

– Ես ինձ հայտնի մարդ չեմ զգում, ես պարզապես փորձում եմ դրսևորել իմ կարողությունների մաքսիմումը: