578557_226694927500539_2056525441_nՆրա անվան հետ է կապված հայկական մուլտիպլիկացիայի վերածնունդն այն 20-ամյա ընդմիջումից հետո, որ հաջորդել էր հիմնադիր, անվանի մուլտիպլիկատոր Լև Ատամանովի (Լևոն Ատամանյան) գործունեությանը Հայաստանում: Mi katil meghreՊոդպոմոգովն իր առաջին աշխատանքը` «Մի կաթիլ մեղրը» (ըստ Թումանյանի համանուն գործի) մուլտիպլիկացիոն կինոնկարը, ստեղծեց 1968-ին: Հետո հաջորդեցին մյուսները: Սակայն ամենակարևորը գուցե այն է, որ Պոդպոմոգովը ոգևորեց և իր շուրջը համախմբեց մի շարք շնորհալի երիտասարդների, որոնք հետո պետք է շարունակեին կերտել մեր ազգային մուլտարվեստի պատմությունը:
644101_211515562351809_1946393662_nԿինոստուդիայում հայտնվելով պատանի հասակում` 1940-ականների սկզբին, նա մոտ կես դար աշխատեց այդտեղ: Սկսելով մուլտիպլիկացիայից` այնուհետև երկար տարիներ հանդես եկավ իբրև բեմադրող-նկարիչ և եզրափակեց իր գործունեությունը «Հայֆիլմում»` վերադառնալով մուլտիպլիկացիա: Ահա իբրև այսպիսի յուրօրինակ մի կորագիծ է ներկայանում նրա կարիերան կինոստուդիայում: Եվ ստացվեց այնպես, որ 1990-ականներին, երբ «Հայֆիլմը», ինչպես և մեր ողջ երկիրը, հայտնվեց անասելի դժվարությունների առաջ, Պոդպոմոգովը, զրկվելով աշխատանքից, ամբողջովին նվիրվեց նկարչությանը:
Ինքնուս նկարիչ, անիմատոր, կինոնկարիչ, ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ (1966), 551500_155352941301405_1239809565_nՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Վալենտին Պոդպոմոգովը (1924-1998) ոչ միայն ինքնատիպ արվեստագետ էր, այլև չափազանց հետաքրքիր մարդ, զարմանալի, անկանխատեսելի զրուցակից: Դա կհաստատեն նրանք, ովքեր կյանքում թեկուզ մեկ անգամ հանդիպել են նրան: Ունենալով ընդամենը հինգերորդ դասարանի կրթություն` նա տեղյակ էր ամեն ինչից, զարմացնում էր իր բնատուր, խորքային իմացությամբ: Նրա մեջ ձգողական ուժ կար, մարդիկ պարզապես մղվում էին դեպի նրա տուն… Շփվելիս շատ մատչելի էր թվում, անորսալի լինելու հետ մեկտեղ: Եվ իհարկե առանձին խոսակցության նյութ է Պոդպոմոգովի հումորը: Նրա զավեշտալի պատասխաններն ու արարքները կարող են մի ստվար հատոր դառնալ:
Սակայն ոչ պակաս գրավիչ է և Պոդպոմոգովի կենսագրությունը` կայացման պատմությունը: Ունենալով հայ մայր և լեհ-ուկրաինական արմատներով ռուս հայր` նա հետևողական հավասարակշռությամբ էր կրում իր ծագման առանձնահատկությունը, անձնական թերթիկ լրացնելիս գրում էր. «Ազգությունը` ռուս, մայրենի լեզուն` հայերեն»:
Իսկ երբ հարցնում էին նրան, թե ինչ նկարիչ է, այսինքն` ինչ ուղղության, «իզմի» է հարում, Պոդպոմոգովն անկաշկանդ պատասխանում էր` լավ նկարիչ, ավելացնելով, որ վատ նկարիչներ չեն լինում, պարզապես լինում են չհաջողված գործեր:
KomitasՈւսանողական տարիներին կինոգետ Գարեգին Զաքոյանի առաջարկությամբ ֆիլմադարանի համար հարցազրույց անելու նպատակով ինձ բախտ վիճակվեց հյուրընկալվել Վալենտին Պոդպոմոգովի տուն-արվեստանոցում: 1998 թ. մարտի 25-ն էր: Մենք կարծես թե հայտնվել էինք ուրիշ ժամանակի և ուրիշ տարածության, նույնիսկ տարածաչափության մեջ: Հայացքս առաջին հերթին սևեռվեց Կոմիտասի դիմանկարի վրա: Մտքումս անմիջապես ծագեց «մարգարե» բառը և մեր այդ մեծագույն հանճարին Հրանտ Մաթևոսյանի կողմից տրված աներևակայելի ճշգրիտ բնորոշումը` «մեր այդ սևազգեստ արևը»: Քիչ այն կողմ Tainaya vecherya«Խորհրդավոր ընթրիքն» էր, որում Քրիստոսի հագուստը թիրախ էր հիշեցնում, իսկ նրա աշակերտներին փոխարինել էին մոմերը, ավելի ճիշտ` նրանց գցած «ճգնավոր» ստվերները: Մոմերից մեկը հանգած մխում էր… Այդ կտավի կողքին Վլադիմիր Վիսոցկու դիմանկարն էր: Նա էլ էր Visockiարտասովոր հանդերձանքով և նույնպես նման էր մարգարեի: Երբ ասացի` Ձեր կերպարները կարծես մարգարեներ լինեն, Պոդպոմոգովը, չսպասելով հարցիս, անմիջապես հաստատեց. «Իհարկե մարգարեներ են»:
Բավական շփոթեցնող սկիզբ էր նախատեսված երկար հարցազրույցի համար: Թվաց, թե ամեն ինչ արդեն ասված է: Եվ առհասարակ ողջ զրույցի ընթացքում նա շարունակ վերջակետ էր դնում յուրաքանչյուր պատասխանի, կարծես ամփոփիչ բնույթ էր հաղորդում, իսկ հետո հարց ուղղում օպերատոր Սիրական Աբրոյանին, թե ժապավենը չվերջացա՞վ արդյոք… «Պատմությունները շատ են, իսկ ժապավենը` քիչ»,- կատակելով արձանագրում էր նա ու ժպիտը դեմքին փորձում մեզ հրաժեշտ տալ: Ամեն կերպ աշխատելով չհանձնվել` չարչարում էի նրան նորանոր հարցերով` առանց մտքովս անգամ անցկացնելու, որ դա նրա վերջին հարցազրույցն է: Իսկ նա՞… Առույգ, լուսավոր այդ մարդը մի՞թե զգում էր, որ մոտենում է վերջակետի և այդ պատճառով գուցե թույլ էր տալիս, որ շարունակ տեղաշարժվի մեր հանդիպման վերջակետը…

1526909_240555919447773_1087374735_n

Նկարչի գլխավերևում` Սիրանույշ Գալստյանը, նրանից ձախ`օպերատոր Սիրական Աբրոյանը, աջ` նկարիչ Անուշավան Հովակիմյանը

Ամեն ինչ պատմում էր այնքան արտիստիկ, որ անմիջապես տեսնում էինք, ասես կինոնկար դիտելիս լինեինք: Նրա բնածին արտիստիզմը չէր վրիպել նաև կինոռեժիսորների աչքից: Էպիզոդիկ, բայց շատ հիշվող դերակատարումներով Պոդպոմոգովը հայտնվել է Արման Մանարյանի «Մորգանի խնամին», Էդմոն Tghamardik filmicՔեոսայանի «Տղամարդիկ», Դմիտրի Կեսայանցի «Մարդն «Օլիմպոսից» ֆիլմերում:
Երբ եկել էր կինոստուդիա աշխատանքի ընդունվելու, նրան միանգամից չէին վերցրել: Հեռանալիս ոտքը պատահաբար ջրափոսի մեջ էր դրել, իսկ հետո ասֆալտի վրա մնացել էին «բոբիկ» ոտնահետքեր, քանի որ կոշիկները ներբաններ չունեին, կոշիկների երեսը թելերով փաթաթված, կապկպված էր ոտքերին: Ատամանովը, այդ տեսնելով, իսկույն հետ էր կանչել 16-ամյա տղային:
Երբ հարցրի, թե Բեկնազարյանի հետ կապված ինչ կարող է հիշել, բեմադրող-նկարչին հատուկ կոլորիտով մեզ տեղափոխեց սոված, մռայլ 1943 թ., բայց պատմեց զվարճալի մի պատմություն. «Բեկնազարյանն իսկական գուրման էր, սիրում էր ուտել տարօրինակ, նույնիսկ ծիծաղելի բաներ, օրինակ` գայլի զինգեր: Ես օպերատորի ասիստենտ էի այդ ժամանակ: Ալագյոլում նկարում էինք «Դավիթ-Բեկը»: Նկարահանող խմբից ոչ ոք նրա հետ չէր համարձակվում հաց ուտել: Երբ նա ինձ հրավիրեց, իսկույն միացա: Եթե ասեր` գնա էն ծառը կրծի, կկրծեի, նա այդ կարգի հեղինակություն էր ինձ համար: Մի օր էլ տեսնեմ` ասում են` Բեկնազարյանը կարիճ է ուտում… Պարզվեց` նրա համար Ռոստովից խեցգետիններ են բերել, իսկ այն ժամանակ այստեղ դրանք դեռ չկային: Մի օր էլ ինձ խորոված հյուրասիրեց` իր ձեռքով պատրաստած: Տղաներից մեկն ասաց` գիտե՞ս ինչ կերար, կռիսի միս… Սկզբում սարսափեցի, բայց կերածս ջրաքիսի խորոված էր, որ նրբուտեստ է համարվում»:
Շատ մեծերի հետ էր կյանքում առնչվել, և զարմանալի էր, որ մի կողմից` գիտեր խոնարհ լինել այդ մեծերի առաջ, մյուս կողմից` կարողացել էր միշտ արժանապատվորեն պահպանել ստեղծագործողի իր ինքնությունը, անհատականությունը: Ժամանակին Սարյանը կամեցել էր, որ Պոդպոմոգովն իրեն աշակերտի, սակայն երիտասարդ նկարիչը պատասխանել էր. «Չեմ կարող, Մարտիրոʹս Սերգեյիչ, Սարյան չեմ դառնա, իսկ ինձ կկորցնեմ»: Այս պատմությունից հետո նա հատուկ շեշտով ասաց. «Ես իմ կյանքում երեք տղամարդու ձեռք եմ համբուրել` Մարտիրոս Սարյանի, երջանկահիշատակ մեր կաթողիկոս վեհափառ Վազգեն Առաջինի և գինեգործ Մարգարի, որ հրաշալի կոնյակներ էր ստեղծում` շարունակելով հայկական կոնյակի լեգենդը»:
Երբ Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնի» ստեղծման ժամանակ նրան առաջարկել է լինել գունային նկարիչ, Պոդպոմոգովը պատասխանել է. «Չեմ կարող, Սերյոʹժա, ես քեզ չափից դուրս շատ եմ սիրում, որպեսզի հետդ աշխատեմ: Հանկարծ ինձ կվիրավորես, իսկ ես շատ ուժեղ ինքնասիրություն ունեմ, կվերցնեմ բահը… Արդյունքում, ոʹչ դու կլինես, ոʹչ ես, ու ոʹչ էլ ֆիլմ կլինի»:
Պոդպոմոգովի նկարները դիտելիս ակամա ծագում է արվեստագետի և Աստծո փոխհարաբերությունների հարցը, որ միշտ ընկած է մեծ արվեստի հիմքում: Եվ նկարիչը, այդ հարցը շատ բնական համարելով, հաստատեց. «Իհարկե հավատում եմ Աստծուն. նա իմ մեջ է, ես` նրա մեջ: Առավել ևս, որ մարդն ստեղծված է ըստ Աստծո պատկերի և նմանության»: Երբ նշեցի, որ Վիսոցկու դիմանկարն ինչ-որ առումով նաև մեծ չափի սրբապատկեր է հիշեցնում, ասաց. «Իհարկե, այդպես է: Չէ՞ որ իմ մի կեսը ռուս է: Հայերս սրբապատկեր չունենք, իսկ իմ մյուս կեսը Կոմիտասն է, նա էլ է սրբապատկեր, բայց և մարգարե, որ իր լույսով մտնում է ամեն մի հայի տուն այս դռան միջով», – ու ձեռքի շարժումով ցույց տվեց նկարի շրջանակը, որ իրոք դուռ էր հիշեցնում:

1378842_215216288648403_676015758_n

Կնոջ` Ասյայի հետ

Հետո պարզվեց, որ մի անգամ Վիսոցկու դիմանկարը թանգարանից գողացել են, բայց քանի որ չեն կարողացել երկրից դուրս բերել, վերադարձրել են հեղինակին: «Առաքինի գողեր էին»,- առանց հեգնանքի ավելացրեց նկարիչը ու խնդրեց, որ կինը` Ասյան, բերի և մեզ ցույց տա Վլադիմիր Վիսոցկուց իրեն հասած մի մասունք: Արտառոց պատմություն էր դա, դարձյալ կինոյի շատ նման:
Ոմն Ա. Սոսնովսկի, որ ժամանակին տպավորվել է` տեսնելով Պոդպոմոգովի նկարած Վիսոցկու դիմանկարը, որոշել է նկարչին փոխանցել տաղանդաշատ պոետի ու երգչի մազափունջը, որը շտապ օգնության մեքենայում մահացած Վիսոցկու գլխից աննկատ կտրել է բժիշկը: Վերջինս դրանից հետո զորակոչվել է ԽՍՀՄ սահմաններից դուրս գտնվող զորամաս, ուր զոհվել է: Այդ մազափունջը եղել է նրա անձնական իրերի մեջ, մի կախազարդի ներսում, ինչի մասին զորամասում ոչ ոք չգիտեր: Սոսնովսկին պատահաբար է հայտնաբերել ընկերոջ իրերի մեջ: Ասյան մեզ համար ընթերցեց նրա նամակը:
Հետաքրքիր շռայլություն ուներ Պոդպոմոգովը: Փարիզ գնալիս կիսել էր այդ մազափունջը Մարինա Վլադիին նվիրելու մտադրությամբ: Սակայն իրենց ընդհանուր ծանոթուհին ասել է, որ Վլադին ամուսնացել է մի նշանավոր բժշկի հետ, և մազափունջն իր տիրոջ հետ վերադարձել է Երևան:
507px-ОжиданиеՀետաքրքիր կերպ էր դրսևորվում և նրա կնամեծարությունը: Կանացի ոչ մի դեմք չէր նկարում, քանի որ համարում էր` բոլոր կանայք գեղեցիկ են: Կնոջ միակ դիմանկարը կոչվում էր «Սպասում», և այդտեղ նույնպես դեմքը բացակայում էր: «Սպասումը դեմք չունի, չի կարող ունենալ»,- ասաց Պոդպոմոգովը` տեսնելով մեր զարմանքը: Բացատրեց, որ այնպես է արված այդ նկարը, որ յուրաքանչյուրն իրեն պատկերացնի: Եվ նկարիչը չէր սխալվել. նրա նախկին կինն ուղղակի իր դեմքն էր տեսել այդ դիմանկարում և համոզվելու համար ուշ գիշերով դստեր հետ եկել էր նկարը նորից տեսնելու:
Այդպես, մի պատմությունից մյուսը, շարժվում էինք Վալենտին Պոդպոմոգովի կյանքի պարուրաձև պարունակներով, նրա հետ միասին կանգ առնում, շունչ առնելու համար, որպեսզի ևս մի բան լսենք, և կարծում էինք, թե «դարից էլ երկար կձգվի» գարնանային այդ օրը…

Սիրանույշ Գալստյան


Հրանտ Մաթևոսյան․Վահան Տերյանի մասին գրական սցենարի հայտ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվում են «Հայֆիլմ» կինոստուդիայից  բերված և այլ աղբյուրներից ստացված չիրականացված սցենարներ, որոնք ժամանակին...

, |21 Հոկտեմբեր 2019,13:38