Ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնում
Ով կամ ովքեր են բողոքել Լարս ֆոն Թրիերի «Հեշտամոլ կինը» ֆիլմի երևանյան պրեմիերայի դեմ` ոչ ոք ստույգ չգիտի։ Օդում ուղղակի թևածում են արտահայտություններ, թե իբր ինչ-ինչ անձինք և հասարակական խմբեր դժգոհել են ֆիլմի ժանրից ու բաց տեսարաններից։
Աբսուրդն այն է, որ «Հեշտամոլ կինը» ոչ ոք չի էլ տեսել, անգամ` մասնագիտական շրջանակներում։ Կինոգետները, կինոքննադատներն ու ռեժիսորները գիտեն Թրիերի նախորդ ֆիլմերն ու «Հեշտամոլի» մասին կարծիք են հայտնում եվրոպացի աշխարհահռչակ կինոռեժիսորի ստեղծագործական ընդհանուր նկարագրի հիման վրա։ Հաստատում են, որ Թրիերը դեռ 90-ականներին իր «Ճեղքելով ալիքները», «Ապուշները» ֆիլմերում բաց տեսարաններ է նկարել, բայց այդ և նրա մյուս ֆիլմերը մինչև հիմա չեն իջնում էկրաններից. հանրությունն այդ գործերն ընկալում է որպես բարձր արվեստ։
«Հեշտամոլ կինն» այս օրերին էլ շարունակում է իր էկրանային մարաթոնն աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանյան «Սինեմա Սթար» կինոթատրոնը հանձն էր առել ցուցադրել այն, բայց անմիջապես էլ հրաժարվեց՝ պատճառաբանելով, թե դժգոհության ալիք է բարձրացել, կինոթատրոնն ընտանեկան տարածք է, որտեղ չի կարելի նման ֆիլմեր ցույց տալ։ «Սինեմա Սթարի» մարքեթինգի մենեջերը ռուսական մամուլին տված հարցազրույցում նշել է, որ ֆիլմի ցուցադրումից հրաժարվելու իրենց քայլի պատճառն այն է, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ դիտելու «Հեշտամոլ կինը», քանի որ այն պոռնոդրամա է։
Կինոգետ Զավեն Բոյաջյանը նկատում է. «Պոռնոդրամա ժանր գոյություն չունի, իսկ եթե խոսքը վերաբերում է եվրոպացի ամենահայտնի ռեժիսորներից մեկին՝ Լարս ֆոն Թրիերին, ապա նման որակումն ուղղակի անհեթեթություն է։ Թրիերի համար բաց տեսարանները միջոց են՝ արծարծելու հոգեբանական լուրջ խնդիրներ ու հարցեր։ Բոլորը կենտրոնացել են ռեժիսորի այս ֆիլմի վրա. ոչ ոք չի հետաքրքրվում, չի ուզում իմանալ՝ ով է Թրիերը, ինչ որակի արվեստագետ է։ Իրականում խոսքը բարձրակարգ կինոռեժիսորի ու մտածողի մասին է։ Եվ ո՞վ է որոշել, որ Հայաստանը պատրաստ չէ «Հեշտամոլը» դիտելու, ո՞վ է թույլ տվել «Սինեմա Սթարի» ներկայացուցչին նման հայտարարություն անել Հայաստանի անունից։ Չեն ուզում ցուցադրել այդ ֆիլմը, թող այլ պատճառ բռնեն, ինչո՞ւ են ստաձնել այդ ֆիլմի գրաքննությունը»։
«Հեշտամոլ կինն» այս օրերին ամենահիթային թեման է. ընկել է կինոյից մղոններով հեռու մարդկանց բերանը, որոնք շահարկում ու մեկնաբանում են այն բամբասանքի ժանրի տիրույթներում։ Ֆիլմի մասին հեռավոր պատկերացում անգամ չունենալով՝ կարծիքներ են հնչում, թե այո՛, կինոթատրոնները չպետք է ցուցադրեն այն, բա որ անչափահասները գնան ու նայե՞ն։ Իրականում նման տրամադրվածությունն ու մթնոլորտը սադրիչ է. «Հեշտամոլի» շուրջը ծավալվող ծայրահեղ դիտարկումներն ու բամբասանքները գրգռում են առաջին հերթին անչափահասների ցանկությունը՝ ինչ գնով էլ լինի, գտնել ու դիտել այդ ֆիլմը։ Իսկ կինոթատրոնում ցուցադրելը չարյաց փոքրագույնը կլիներ, մանավանդ պարտադիր նախապայմանով՝ 18+։ Բացի այդ, բաց տեսարանների հետքերն ամեն օր անչափահասներին նստեցնում են համացանցի «բարիքների» առջև։ Դա՞ ինչպես վերահսկել, և ո՞վ է բողոքում դրա դեմ։ Կամ որևէ մեկը հարցնո՞ւմ է, թե ում թույլտվությամբ է հեռուստաէկրանից մեր տուն թափվում բռնությամբ, սադոմազոխիզմով, բաց տեսարաններով «համեմված» աղբը, որի սպառողը նախ և առաջ անչափահասներն են։ Այդ տիրույթն էլ մեր ընտանեկան տարածքն է, ուր անկոչ հյուրի պես տիրաբար սողոսկում է հեռուստատեսությունը՝ առանց մեր կամքը հարցնելու։ «Հեշտամոլի» շուրջը ծավալվող նման հետաքրքրությունը շուտով իր շարունակությունը կունենա բիզնեսի ոլորտում։ Տրամաբանական կլինի, եթե ինչ-որ ճարպիկի մտքով անցնի զարտուղի ճանապարհով բազմացնել ու թանկ գնով վաճառել դրա DVD-ները։ Եվ այդ դեպքում դժվար կլինի հետևել՝ ով ինչպես կհասկանա բաց տեսարաններով այդ ֆիլմը, որպես լուրջ ու պորֆեսիոնալ կինոմտածողությո՞ւն, թե ուղղակի բաց տեսարանների շղթա։
Նաիրա Փայտյան