1235333_609217282481347_385912228_nՔաղաքային աղմուկի չգիտես որ անկյունից եկած ու քթիդ դիպած թարմ հացի բույրը կամ ծաղկավաճառի առջև բլուրված հոլանդական երկարոտն վարդերի դեզի կողքին ծվարած մի փունջ մանուշակը վայրկենաբար կարող են մանկության գիրկը վերադարձնել քեզ։ Ու այդ պահին սրտումդ զգացած սուր ծակոցի անունը Կարոտ է։
«Ուրց. այսքան անուշաբույր եմ սկսում իմ հեքիաթը…
Լեռների գրկում պահ մտած այդ հովիտն այնքան էլ հեռու չէր գյուղից, և ես ամեն օր նրա հյուրն էի։ …Գիտե՞ք՝ ովքեր էին այն ժամանակ իմ ամենագաղտնապահ ընկերները՝ լեռները և Աստղիկը։ Նրանք էին աշխարհի ամենագաղտնապահներն ու լռակյացները՝ լեռները, որովհետև չէին կարող խոսել, և Աստղիկը, որովհետև չէր կարող խոսել»։ Սա հատված է նկարիչ, 5 այլընտրանքային շարժանկաների հեղինակ Հայկ Սայադյանի «Մանկության մասին» կարոտ-հեքիաթից, որ նա գրել է 19-20 տարեկանում՝ 2000-ականներին։
Վայքում հիմա էլ կան Մոզ քաղաքի ավերակները։ Հայկի հեքիաթը նախնյաց երկրի՝ Մոզի մասին է, որ X դարում կործանվել է հրաբխից։ Հայկ Սյադյանի «Մոզ» հեքիաթաշարը ժողովրդական բանահյուսություն չէ։ Ափսոսում ես, որ հեքիաթասացը հետո՝ հասուն տարիքում չի շարունակել իր հրաշապատումները։ «Ես հպարտ եմ. ես չեմ թարգմանվում։ Չի թարգմանվում իմ գյուղի գերեզմանոցում ննջող խնկահոտը, ու չեն թարգմանվում ուռենու պոկված ճյուղի արցունքները, որ ծորում են Աստղիկի սրունքն ի վար, չեն թարգմանվում վանքի պատերն ի վեր ճողոպրող մողեսներն, ու Խչոյի դուդուկը չի թարգմանվում»,- իր հեքիաթում գրում է Հայկ Սայադյանը։
1661281_609217489147993_790796437_nՀայկը նկարիչ է, ու «Մոզը» նկարչական կտավ է, որի հիման վրա նա ստեղծում է այլընտրանքային ֆիլմեր. իր հրաշապատումների կերպարներին գործողության մեջ է դնում հենց իր տանը։ Մատիտով, ջրաներկով թղթի վրա պատկերում է իր հերոսներին, ու հյուսվում է մի նոր պատմություն, այս անգամ՝ շարժանկար։ Նկարիչ-հեքիաթասացն անիմացիայի կանոններով չի առաջնորդվում. «Հնչող պատկեր ու պատկերազարդ հնչյուն. ինչո՞ւ են իմ հեքիաթները, նկարներն ու ֆիլմերն այլընտրանքային՝ ալտերնատիվ. որովհետև իմ ասելիքն ավելի շուտ է հասնում հանդիսատեսիս այլընտրանքային ընկալուչներին ու զգայարաններին»։
1424352_609217542481321_37533536_nՀայկ Սայադյանի առաջին այլընտրանքային էքսպերիմենտալ ֆիլմը հայոց ծիսական տիկնիկներ պատրաստող Նազարեի մասին է, որին հաջորդել են մյուս 4 աշխատանքները՝ «Հայր մերը», «Պանգեան», «Vivos Voco»-ն և «Կոմիտասը»։
Հայկը մի ամբողջ թիմի աշխատանք մեն-մենակ է անում ու շատ կարճ ժամանակամիջոցում՝ հաճախ ընդամենը մեկ ամսում։ Սպասում ես, որ ֆիլմերի ենթագրերում կարդալու ես տասնյակ մասնակիցների, ֆիլմարտադրող ընկերության անուններ։ Բայց գրվում է միայն մեկը՝ Հայկ Սայադյան։ «Ֆիլմերս իմ կտավներն են, որոնց տակ միայն իմ ստորագրությունն է»,- ասում է Հայկը։ Նա ինքն է իր ֆիլմ-կտավների երաժշտական ձևավորումները կատարում, հաճախ օգտագործում իր գրած երաժշտությունը՝ միստիկական ու անսովոր։
1551565_609217509147991_2028768232_nՀայկի այլընտրանքային շարժանկարներն ասելիքի պարզ մեկնաբանության ակնկալիքով չպետք է դիտել։ Այլաբանությունն ու սիմվոլները, պատկերների ներսում թաքնված գաղտնագրերը, անսպասելիորեն հայտնվող ու անհետացող ենթագրերը, հաճախ լռությամբ ուղեկցվող շարժումները մի երկրոդ զույգ աչք, ենթագիտակցական մաքուր անկյուն են պահանջում, որպեսզի կատարսիսը տեղի ունենա։
1509919_609217539147988_1530838722_n«Կոչեմ ապրողաց» (Vivos Voco), «Հայր մեր», «Պանգեա» ֆիլմերը մարդկային մեղքի գիտակցման չմիջնորդավորված ու չպարտադրող կոչ են։ «Պանգեա» շարժանկարում մարդ արարածը, չբավարարվելով Արարչի պարգևած իշխանությամբ, ինքն իրեն թագադրում է ու անմիջապես էլ չարաշահում թագի հնարավորությունները։ «Հայր մերը» տերունական աղոթքի պատկերային շարադրանքն է ու խոնարհումը Բարձրյալի առջև։ Իսկ «Կոչեմ ապրողացն» (Vivos voco) ալեգորիաներով մեկնաբանում է Հոր և Որդու անսահման նվիրման պատասխանը՝ մարդկության ապերախտությունը։ Աստվածային կամքի ու գթառատության դեմ հանդիման մարդկային մեղքի անվերջանալիությունն է շեշտում Հայկն ու ոգեկոչում մաքրագործվելու լույսը։
1551464_609217529147989_337185038_nԱյդ ֆիլմերը պետք է ոչ միայն դիտել, այլև կարդալ՝ կադր առ կադր, և այդ ժամանակ աղոթքի տողերի նման իրար մոտ կշարվեն թաքնված իմաստների օղակները։ Այլաբանությունների ու սիմվոլների խորքերում կարդում ենք կոմիտասյան պատմությունը «Կոմիտաս» այլընտրանքային շարժանկարում։ 1619503_609217495814659_144421176_nՖիլմում ստեղծվել է նաև ժողովրդի հավաքական կերպարը, որն սպասում է իր հանճարի վերադարձին։ Հայկը ներկայացնում է Կոմիտասի կյանքի վերջին երկու տասնամյակները՝ ամբողջն այլաբանորեն. ամեն կադրում՝ խտացված ասելիք՝ սիմվոլների լեզվով։ Սա այն դեպքն է, երբ վստահ կարող ենք ասել. Հայկի արվեստը մեզնից մի քանի քայլ առաջ է, ու այն հասկանալու ժամանակը հետո է գալու։
Հեքիաթասաց, նկարիչ, այլընտրանքային ֆիլմերի հեղինակ Հայկ Սայադյանը բազմաթիվ մտահղացումներ ունի՝ նոր նախագծեր, որոնցից երկուսը «Մոզ» հեքիաթաշարի երկու գլուխների էկրանավորմանն է վերաբերում։ Ինչ թեմա էլ ընտրի Հայկը, նրա գեղագիտության օրրանը Միջնադարն է։

Նաիրա Փայտյան