Արդեն երրորդ տարին է` Հայաստանում անցկացվում է Ճապոնական ֆիլմերի փառատոն (վերջինը` 2013 թ. նոյեմբերի 2-6-ը, Երևանում, Գյումրիում և Էջմիածնում): Կինոփառատոնի կազմակերպիչներն են հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնը, Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը` ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների և Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի աջակցությամբ։ Այս առիթով «Կինոաշխարհը» հանդիպել «Հիկարի» կենտրոնի նախագահ և կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Կարինե Փիլիպոսյանի հետ։ Խոսակցությունը ծայր առավ «Հիկարի» կենտրոնի հիմնադրման ու ծավալած գործունեության ընդհանուր ծանոթությունից:
– «Հիկարի» կենտրոնն իր գործունեությունը սկսել է մոտ 10 տարի առաջ: 2005 թ. օգոստոսի 6-ին Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի օրիգամի խմբի սաները Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք ուղարկեցին հարյուրավոր նկարազարդ «խաղաղության լապտերներ» և 1000 թղթե կռունկ` այս կերպ հարգանքի տուրք մատուցելով 1945 թ. ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին։ Ակցիան շատ ջերմ արձագանք գտավ Ճապոնիայում, որից հետո այն վերածվեց խաղաղասիրական և մշակութային ամենամյա խոշոր ծրագրի։ Այն ուղղված է ամեն տեսակ պատերազմների ու հակամարտությունների դեմ և իրականացվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսին։ Հետագայում այդ խմբի գործունեության հիման վրա էլ ստեղծվեց՝ «Խաղաղության լապտերներ» ՀԿ-ն, իսկ այնուհետև հայ-ճապոնական «Հիկարի» (ճապոներենից թարգմանաբար՝ «լույսի կամուրջ») կենտրոնը։ 2008 թ. Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման 63-րդ տարելիցի կապակցությամբ հայ երեխաների սկսած նախաձեռնությունը վերածվեց միջազգայինի, Հիրոսիմա ուղարկվեց 2209 «Խաղաղության լապտեր» աշխարհի տարբեր երկրներից:
Խաղաղասիրական գործունեությունից զատ «Հիկարի» կենտրոնը հայ հասարակությանը հնարավորություն է տալիս ծանոթանալու ճապոներենին, ճապոնական ազգային տոներին, ծեսերին, սովորույթներին, ավանդական արվեստներին և առհասարակ ճապոնական մշակույթին։
– Ինչպե՞ս ծագեց ճապոնական ֆիլմերի փառատոն կազմակերպելու գաղափարը և ի՞նչ առաքելություն ունի այն։
– Ճիշտն ասած, ֆիլմերի փառատոն կազմակերպելու գաղափարն առաջացել է Ճապոնիայի դեսպանատանը։ Ցանկացած երկիր, որ մեկ այլ երկրի հետ լուրջ հարաբերություններ է հաստատում, իր մասին ճանաչողական բնույթի ծրագրեր իրականացնելու մղում է ունենում։ Ի դեպ, նշեմ, որ սա թվով ոչ թե 4-րդ, այլ 7-րդ կինոփառատոնն է։ Մյուս երեքը եղել են շատ վաղուց՝ 90-ականների վերջում-2000-ականների սկզբին, երբ մեր կենտրոնը և առհասարակ «Խաղաղության լապտերներ» ծրագիրը դեռ անգամ գոյություն չունեին։
Եվ այսպես, ճապոնական կողմից այսպիսի մշակութային ծրագիր իրականացնելու առաջարկ ստացանք։ Ի դեպ, Հայաստանի պայմաններում սա բավականին բարդ գործ է։ Բայց հասկանում էինք, որ եթե ուզում ենք մեր համագործակցությունը սերտացնել և բազմաբնույթ դարձնել, ուրեմն պետք է ջանք թափենք։ Առաջին փառատոնը, ըստ իս, հաջողված էր։ Բացման ֆիլմը պատմում էր մի մարդու մասին, որը սահմանափակ հնարավորություններ ունի՝ սայլակին գամված հաշմանդամ է, սակայն կարողանում է բարձունքների հասնել այկիդոյում։ Սա կենսագրական ֆիլմ էր` հիմնված կյանքի իրական փաստերի վրա։ Մենք էլ Հայաստանում այկիդոյի ֆեդերացիա ունենք և նրանց շնորհիվ բացման արարողության ժամանակ այկիդոյի կենդանի կատարում վայելեցինք։
Ճապոնացիները բանաստեղծության տեսակ ունեն՝ «հայկու»։ Դրանք եռատող բանաստեղծություններ են` նվիրված տարվա եղանակներին։ Դրա հիման վրա մենք բեմականացրինք ճապոնական միջնադարյան դասական պոեզիայի թատերականացված ներկայացում` «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ»։ Եվ բացման արարողության ժամանակ դրանից հատված ներկայացրինք՝ «Աշնան» մասը։ Ճապոնական կողմը շատ գոհ էր։ Ճապոնացիներին ընդհանրապես այստեղ շատ է դուր գալիս, շատ են հավանում Հայաստանը։
Փառատոնի ֆիլմերի ընտրությունը կատարվում է հետևյալ կերպ․ մեզ առաջարկվում են ֆիլմեր` մոտ 8 ֆիլմ, և մենք դրանցից ընտրում ենք։ Ի դեպ, ԱՊՀ երկրներում, նաև Մոսկվայում այդ նույն ժամանակ նույնպես կինոփառատոն է իրականացվում։ Ֆիլմերն ուղարկում են մեզ՝ հաշվի առնելով հանրապետության մասշտաբը, բնակչության թվաքանակը, նրա հետաքրքրությունները, մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների տևականությունը։ Ցավոք, չենք կարող ճապոնական անիմացիա (ամինէ) ցուցադրել, քանի որ դա համարվում է գովազդ և պրոպագանդա երեխաների շրջանում։ Ֆիլմերի ընտրության հարցում մեզ հիմնականում ուղղորդում են։ Ճապոնական կողմն ամեն տարի տրամադրում է հարցաթերթիկներ, որպեսզի հանդիսատեսը, այսինքն` կինոփառատոնի յուրաքանչյուր մասնակից լրացնի այդ թերթիկները: Ըստ այդ պատասխանների` նրանք կողմնորոշվում են, թե հաջորդ տարի ինչ առաջարկեն հայ հանդիսատեսին, հասկանում են, թե ինչով են նրանք հետաքրքրվում, ինչ է նրանց դուր գալիս։ Սա ճանաչողական միջոցառում է։ Այդ իսկ պատճառով ներկայացվում են երիտասարդ կամ միջին տարիքի ռեժիսորների աշխատանքներ, որպեսզի Հայաստանում հասկանան, թե ինչ է Ճապոնիան՝ բնությունը, մարդիկ, մարդկային փոխհարաբերությունները։ Բոլորն էլ, առանց բացառության, բարձրարվեստ ֆիլմեր են։
Օրինակ` այս տարվա փառատոնում ներկայացված «Ամառվա գիշերվա երազը» ֆիլմ էր հավատի մասին։ Ես հասկացա նաև, որ մենք ճապոնացիներին շատ նման ենք, ընդհանուր շատ բան ունենք։ Նշեմ, որ առաջին տարվանից սկսած, Երևանից բացի, ֆիլմերը տարանք նաև Գյումրի։ Եվ քանի որ փառատոնն անվճար է, ես սա համարում եմ Ճապոնիայի կառավարության նվերը Հայաստանի ազգաբնակչությանը։ Հուրախություն կազմակերպիչներիս, հետզհետե մեծանում է մարդկանց հետքրքրությունը փառատոնի և առհասարակ ճապոնական կինոյի նկատմամբ, շատ են գալիս, երիտասարդությունն է գալիս։ Մարդիկ տեղեկացված են։ Մեզ համար թերևս ամենալուրջ նվաճումն այս երեք տարվա ընթացքում հանդիսատեսի թվի աճն է։
Այս տարի կինոփառատոնը ուղևորվեց նաև Էջմիածին։ Մտադիր ենք եկող տարի այն նաև Վանաձոր տանել։ Մեծ հույս ունեմ, որ սա հետագայում կվերածվի երկխոսության, և մենք կապող օղակ կհանդիսանանք հայ և ճապոնացի կինեմատոգրաֆիստների միջև։ Գիտեմ, որ ճապոնացիները շատ են սիրում Արտավազդ Փելեշյանի կինոն, որն այնքան մոտ է նրանց աշխարհայեցողությանը։
Ճապոնական ֆիլմերի առաջին փառատոնի ավարտին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տիկահիդո Հարադան մեր կենտրոնին շնորհակալագիր հանձնեց ճապոնական մշակույթի պրոպագանդման և մեր երկու երկրների միջև խաղաղության, բարեկամության և մշակութային կապերի, փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։
Կցանկանայի երկու նկատառում հայտնել։ Առաջին` մեր կինոգետները, կինոքննադատները ակտիվ լինեն և իրենց մասնակցությունը ցուցաբերեն կինոփառատոնին։ Եվ երկրորդ` շատ ցանկալի է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ կրթական ծրագիր իրականացնել, օրինակ՝ ճապոնացի ռեժիսորներին հրավիրել Հայաստան, որպեսզի նրանք հայ ուսանողների և առհասարակ կինեմատոգրաֆիստների հետ վարպետության դասեր, մասնագիտական բնույթի սեմինարներ անցկացնեն, ինչը կնպաստի վերջիններիս պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, մասնագիտական հմտությունների հարստացմանը, որակավորման բարելավմանը։
Մարիա Թոքմաջյան
Հ.Գ. Այս տարի կինոփառատոնի ծրագրում ներկայացված էին հետևյալ ֆիլմերը․
«Ծաղկունքից հետո» (ռեժ․՝ Կենձի Նականիսի, 2010 թ․)։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են Էդո դարաշրջանում։ Գլխավոր հերոսուհու հայրը մանկուց ուսուցանում էր նրան սուսերամարտի արվեստը, բայց քանի որ սամուրայների շրջանում կնոջ դերը խիստ սահմանափակ էր, նրա վարպետությունը հրապարակայնորեն հայտնի չէր։ Պարապմունքներից մեկի ժամանակ աղջիկը ծանոթանում է սուսերամարտի նոր ուսուցչի հետ։ Նրանք սիրահարվում են։ Բայց քանի որ տղան ավելի ցածր տոհմից էր սերում, նրանց հետագա ճակատագիրը նախօրոք կանխորոշված էր: Նրանք պետք է զույգ կազմեն լրիվ այլ մարդկանց հետ։ Գեղեցիկ սիրո պատմություն ճապոնական բնության, ծաղկող սակուրայի ֆոնին։
«Էլեկտրագնացք Հանկյու- հրաշք 15 րոպեում» (ռեժ․՝ Յոսիսիգե Միյակե, 2011թ․) : Արվարձանային էլեկտրագնացք: Ուղևորները պատահաբար 15 րոպեով հայտնվել են դրա խցիկներում։ Ամեն մեկն իր կյանքը, իր հոգսերն ունի։ Եվ թվում է, թե այս մարդիկ ոչնչով կապված չեն միմյանց հետ։ Սակայն նրանց ճանապարհները հատվում են այստեղ, և բոլորի զգացմունքները ձուլվելով մեկ զարմանահրաշ սիրային սիմֆոնիա են կազմում։ Վարպետորեն կառուցված զուգահեռ և խաչաձև պատում։
«Վիյոնի կինը» (ռեժ․՝ Կիտիտարո Նեգիսի, 2009 թ․)։ Նկարահանված է ճապոնացի գրող Դադզայ Օսամիի համանուն ստեղծագործության հիման վրա։ Վեպը նվիրված է միջնադարյան հանճարեղ ֆրանսիացի պոետ Ֆրանսուա Վիյոնին։ Բանաստեղծն ուներ սկանդալային համբավ, էսթետիզացնում էր Փարիզի ընդհատակը, հեղինակն է «Բալլադ կախվածների մասին» անմահ պոեմի։ Ժան Տելեի և Ֆրենսիս Կարկոյի կենսագրական վեպերից և Սերժ Մեյնարի «Ես Ֆրանսուա Վիյոնն եմ, գող, մարդասպան, պոետ» ֆիլմից հետո այս կինոնկարն իսկապես լուրջ ձեռքբերում է։ 2009 թ․ Մոնրեալում այն արժանացել է լավագույն ռեժիսուրայի համար պատվավոր մրցանակի։
«Բուսիդո պատանիների համար» (ռեժ․՝ Տոմոյուկի Ֆուրամայի, 2010 թ․) և «Ամառվա գիշերվա երազը» (ռեժ․՝ Յուդզի Նակաէ, 2009 թ․)։ Վերջինս Ուիլյամ Շեքսպիրի համանուն կատակերգության ազատ էկրանավորում է՝ հագեցած ճապոնական ռեալիաներով։ Գործողությունները կատարվում են Ճապոնիայի հարավում՝ Օկիանավա նահանգում։

