1389675844_001_26667_1389671566_pobediteli_zolotogoԱմերիկա¯, Ամերիկա¯, քեզ հաջողվում է ապրել երազով, լինել երջանիկ, ազատ ու անկախ, իսկ մենք չռած աչքերով նայում ենք կինոդ, տեսնում, թե ինչպես ես քո իղձերի ոսկի թելով երկրագունդը կծիկ անում, կենաց հումքից «անուրջների գործարանում» ֆիլմ արտադրում, հետո գունդն ու մարմինը մանրակերտում ու բաժանում «Ոսկե գլոբուս», ապա «Օսկար»՝ գունդ ու մարմին հաջորդաբար, քո երազող զավակներին և աշխարհին, որի գլխին, երկնքի տեղ, քո աստղալից դրոշն ես ծածանում: Եվ այսօր էլ, քո հովերով, կինոաշխարհն ապրում է 86-րդ «Օսկարի» սպասմամբ, երբ անցյալում է արդեն 71-րդ «Ոսկե գլոբուսը», և հայտնի են գնդի տերերը, որոնք էլ հենց հաճախ դառնում են հետագա օսկարակիրները:

8140Լավագույն ֆիլմ (դրամա)
«12 տարվա ստրկություն»

Արդար է, որ երկրի նախագահ կարող է դառնալ երեկվա ստրուկը, իսկ լավագույն ֆիլմ ճանաչվել աֆրոամերիկացու մարմնի ազատականացման ու տիրապետման պատմությունը: «Սև կինոն» բուռն վերելք է ապրում, և նրա նորահայտ գագաթներից մեկն էլ «12 տարվա ստրկությունն» է, որ միլիոնավոր անազատներից մեկի` Սոլոմոն Նորթափի կենսագրությունն է: Ֆիլմի հիմքում հենց նրա կյանքի իրական պատմությունն է: Ազատ նյույորքցի Սոլոմոնին XIX դարի կեսին առևանգում են ու վաճառում Լուիզիանայի ստրուկների շուկայում: Նրա ինքնակենսագրական հուշագրությունից ռեժիսոր Սթիվ Մքքուինը հոգեցունց կինոդրամա է կերտել, որն էլ արժանացել է «Ոսկե գլոբուսի» և դարձել առաջիկա «Օսկարի» գլխավոր հավակնորդը հիմնական անվանակարգերում:

Մքքուինը XXI դարի սկզբի կինոաշխարհի հայտնություններից է` Լոնդոնում ծնված գվինեացի ներգաղթյալների զավակ, որը նախորդ դարավերջի ամենահռչակավոր վիզուալ արտիստներից է: Նա մարմինը՝ իբրև իր արվեստի գլխավոր թեմա, տեսաինստալացիաներից փոխադրել է մեծ կինո և հետևողականորեն քննում ու բացահայտում է առայսօր նկարհանած իր երեք լիամետրաժներում: Մենք եկել ենք աշխարհ մերկ, և գնալու ենք` ոչինչ չտանելով, բացի մեր մարմնից, որ մարդու միակ բացարձակ, անօտարելի սեփականությունն է: Ինչպե՞ս վարվել մեր անբաժան ունեցվածքի հետ:

Մքքուինի «Սովը» դեբյուտային ֆիլմում (2008) հարցը ստանում է միանշանակ պատասխան. մարմինն ազատագրական պայքարի զենք է: Իռլանդացի քաղբանտարկյալները թետչերիզմի օրոք ոչ մի այլ միջոց չունեն իրենց պայքարը շարունակելու, քան մարմնական անհնազանդությունը: Նրանց առաջնորդ Բոբի Սանդսը մեռնում է անժամկետ հացադուլի 66-րդ օրը: Սրանք իրական փաստեր են, որ գեղարվեստական վերարժևորման են ենթարկվել ու փառահեղ ճամփա բացել Մքքուինի կինոկարիերայի համար, նաև` նոր հորիզոններ գլխավոր դերակատար Մայքլ Ֆասբենդերի առաջ: Երկրորդ` «Ամոթը» ֆիլմում (2011) մարմինը դառնում է պահանջատեր, որ ստրկացնում է տիրոջը, դարձնում իր զոհը: Սեքսահոլիզմը XXI պոռնոդարի մարդուն բնորոշ մոլուցք է կամ տարածված հիվանդություն, որտեղ սեռական ազատության ու ահագնացող սանձարձակության սահմանագիծը լղոզվում է` հաստատելով ստրկության նոր ձևեր, ըստ այդմ էլ՝ մարդն այլևս իր մարմնի տերը չէ, այլ լոկ ստրուկն ու սպասավորը: Տռփացողը մեղսագործ չէ, այլ առողջական խնդիրներով մարդ, ինչպես հարբեցողը, ծխողն ու թմրամոլը, որը դառնում է պոռնոշուկայի սպառողն ու զոհը:

Երրորդ ֆիլմում մարմինը վերածվում է առևտրի առարկայի, ուրիշի սեփականության, շարժական գույքի: Մարմնի տնօրինման հարցը վերստին բարձրացվում է` արդեն պատմականորեն: Սթիվ Մքքուինը քաղաքական արվեստագետ է, որ կարծես անընդմեջ վանկարկում է. «Մենք ենք տերը մեր մարմնի»:

Ստրկության հարցը դեռ հաղթահարված չէ մի աշխարհում, որի մարտահրավերներից է թրաֆիքինգը (մարդկանց առևտուր): «12 տարվա ստրկությունում» Մքքուինը չի խորշել անգամ արցունքաբեր տեսարաններից` մաշկացավի գեղագիտությունը հասցնելով մի կետի, երբ ամեն հանդիսատես մի ակնթարթ մաշկափոխվում է ու դառնում սևամորթ: Նրա հետևողականությունը ոչ միայն կոնցեպտուալ է, այլև գեղագիտական: Երեք ֆիլմերի օպերատորն է Շոն Բոբիթը, երեքում էլ խաղում է Մայքլ Ֆասբենդերը (առաջին երկուսում` գլխավոր դերակատար է, վերջինում` երկրորդական), որը նաև առաջիկա «Օսկարի» ամենաարժանի հավակնորդներից է` վայրագ հավատացյալ պլանտատոր էդվին Էփսի կերպավորման համար:

downloadԼավագույն ռեժիսոր
Ալֆոնսո Կուարոն

3D-ն այլևս դրամատիկ է, անգամ՝ մելոդրամատիկ, քանի որ կանաչ սենյակում գործի է անցել Ալֆոնսո Կուարոնը, որի «Գրավիտացիան» դեռևս անուն չունեցող ժանրային նորույթ է, բայց եթե փորձենք ինչ-որ կերպ կոչել, կստացվի «կոսմոկամերային պսիխոդրամատիկ տեխնոթրիլլեր»-ի պես մի բան: Եվ իրոք, «Գրավիտացիան» խառնածին ֆիլմ է, որտեղ զարմանալիորեն միահյուսվել են կամերային հոգեբանական դրաման և տեխնոթրիլլերը: Պատկերացրեք, որ Լելուշի «Տղամարդը և կինը» հանդիպեին Կուբրիկի «Տիեզերական ոդիսականում»: Ահա Կուարոնին հաջողվել է նմանատիպ մի կինոհանդիպում ստեղծել, որտեղ տղամարդուն մարմնավորել է Ջորջ Քլունին, իսկ կնոջը՝ Սանդրա Բուլոքը:

Մեկնարկը խոստանում է ռոմանտիկ զարգացում, բայց վրա է հասնում վթարը, որ կարող է պատահել յուրաքանչյուրիս կյանքում, Երկրի վրա թե տիեզերքում: Երկրագունդը հոգեբանական առումով կորցրել է իր ձգողականությունը Սանդրա Բուլոքի հերոսուհու համար, քանի որ ավտովթարը խլել է նրանից նրա ամեն ինչը՝ միակ զավակին, բայց երբ բոլոր իրական ու հոգեբանական կապերից ձրբազատված հերոսուհին քշվում է տիեզերքի անծայրածիր խորքերը, ֆիլմը հանդիսականի համար ձեռք է բերում մի այնպիսի ուրույն ձգողականություն, որ այլևս անհնար է դառնում ընդհատել դիտումը: Ահա Բուլոքը սկսում է մի իսկական աստեղային պատերազմ՝ ողջ տիեզերքի, նաև ինքն իր դեմ, քանի որ չկա մենակ մնացած մարդու համար ավելի մեծ թշնամի, քան հենց ինքը՝ հուսալքված վիճակում: Ոչ Բուլոքն է հոլիվուդյան գեղեցկուհի, ոչ էլ տպավորիչ տեխնիկական էֆեկտներն են անգերազանցելի, հակառակը, ամեն ինչ հնարավորինս մոտեցրած է իրականին, անգամ պայթյուններն են անձայն, ինչպես իրական տիեզերքում, բայց վերապրման հերոսապատումը կլանում է ու լարվածության մեջ պահում մինչև վերջ: Կուարոնն ինքնատիպ հեղինակ է, նա տրորված արահետների փոխարեն նախընտրում է իր բացած կածանը, որ վաղը գուցե մայրուղի դառնա, եթե գործի Կուարոնի բացահայտած ձգողականության օրենքը, որն այսօր նրան արդեն բերել է «Ոսկե գլոբուս» և առաջիկա «Օսկարի» հավակնություն՝ 10 անվանակարգով:

download (2)Դրամայի լավագույն դերասան
Մեթյու Մըքոնեհի

Երկրորդական դերի լավագույն դերասան
Ջարեդ Լեթո

Իսկ երկրագնդի վրա շարունակում են թևածել ահը, մահը և ՁԻԱՀ-ը, որ նախորդ դարավերջին «գեյ ժանտախտ» էր հռչակվել, իսկ նոր դարասկզբին կտրուկ փոխել է իր վիճակագրությունն ու կողմնորոշումը: Ռեժիսոր Ժան-Մարկ Վալեի «Դալլասյան գնորդների ակումբում» ՁԻԱՀ-ից մեռնող հերոսը նման չէ իր էկրանային նախորդներին, ուրեմն խախտված է նաև կինոավանդույթը, և այս անգամ հիվանդության զոհը հենց ավանդական սեռական կողմնորոշում ունի: imagesՄարտնչող հոմոֆոբ, թեքսասցի էլեկտրիկ, ռոդեոյի սիրահար ու ձախողակ Ռոնը, որին մարմնավորել է Մեթյու Մքքոնեհին, պատահաբար պարզում է, որ ախտահարված է ՁԻԱՀ-ով և լավագույն դեպքում երեք ամսվա կյանք ունի: Ոչ միայն նրա կովբոյ ընկերները, այլև գրեթե բոլորը նրանից երես են թեքում, բայց նա հեշտ հանձնվողներից չէ, և մեկնարկում է մի իսկական հաղթարշավ` չվհատվող անբուժելի հիվանդի ոդիսական, որի արդյունքում տարիներով երկարացնում է իր կյանքը, ուժ ու հավատ ներշնչում բախտակիցներին, փոխում ինքն իրեն, հասնում հաջողության և, ի վերջո, ձեռք բերում իսկական ընկեր՝ տրանսվեստիտի, որին մարմնավորել է Ջարեդ Լեթոն: Երկուսն էլ հանուն իրենց դերերի կերպարանափոխվել են, հատկապես Մեթյուն, որը վերածվել է ոսկոր ու կաշվի և արժանացել կինոքննադատների բարձր գնահատականին ոչ միայն մարմնական խիզախումների, այլև դերասանական վարպետության աննախադեպ ցուցադրման համար:

images (1)Դրամայի լավագույն դերասանուհի
Քեյթ Բլանշեթ

Քեյթ Բլանշեթի դերասանական տաղանդն այսօր ամրագրված է 40-ից ավելի կինոդերերով, բայց հատկապես Վուդի Ալենի «Կապուտաչյա Ժասմինը» ֆիլմում խաղացած դերը կարող է օսկարաբեր դառնալ նրա համար «լավագույն դերասանուհի» անվանակարգում: Ալենի ֆիլմը Թեննեսի Ուիլյամսի նշանավոր ստեղծագործության՝ «Ցանկություն» տրամվայը» պիեսի ազատ փոխակերպումն է, որտեղ բոլորին քաջածանոթ պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվում է, իսկ նոր հեղինակային տարբերակն անակնկալ և անսպասելի ավարտ է ունենում: Այստեղ հուզավառ, այլաշխարհիկ Բլանշը ոչ միայն անվանափոխվել ու դարձել է Ժասմին, այլև նենգափոխվել՝ վերածվելով խանդից խռովահար դավաճանի, բայց դա իմացվում է միայն վերջից հինգ պակաս: Ինչ խոսք, Քեյթ Բլանշեթի անզուգական խաղը ֆիլմի գլխավոր արժանիքն է, և նա կարող է արժանանալ Վիվիեն Լիի պատվին, եթե կինոակադեմիան կուլ տա Վուդի Ալենի նենգափոխած տարբերակը:

images (2)Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասան
Լեոնարդո դի Կապրիո

«Ուոլ Սթրիթի գայլը» մաչիզմի վերջին մեծ երգիչ Սկորսեզեի հերթական գլխապտույտ կինոպատմությունն է, որում գլխավոր դերը հասել է նրա ալֆա-մուսա Լեո դի Կապրիոյին: Սկորսեզեն «ամերիկյան արժեքների» ուրիշ համակագ է պատկերում, որի հիմքում են սեքսը, փողն ու թմրադեղը. ահա հաջողության գրավական այն եռամիասնությունը, որ բոլորին է հասանելի, ինչպես «կոկա-կոլան»` փականագործից մինչև նախագահին: Դի Կապրիոյի հերոսը արժեթղթերի շուկայի բրոքեր է, որի կենսագրությունը «եթե այդքան խելոք ես, ինչո՞ւ ես աղքատ» ամերիկյան տարածված ասույթի վերաձևակերպումն է. «Հարստանալ կարող է ամեն մի թափթփուկ»: Ուրեմն կեցցե՛ն սեքսը, փողն ու թմրադեղը… Լեոն փառահեղ է և՛ սեքս անելիս, և՛ փող շփելիս, և՛ հատկապես թմրադեղի ազդեցության տակ կաթվածահար սողալիս: Մինչդեռ Սկորսեզեն «մեր պատասխանը Չեմբերլենին» ոճով հակադարձում է «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժմանը, իսկ «գայլի» իրական նախատիպը դասախոսություններ է կարդում «Ինչպես հարստանալ արժեթղթերի շուկայում» թեմայով, դի Կապրիոն էլ կարող է արժանանալ իր առաջին «Օսկարին», չնայած քեռին չի սիրում «վատ տղաների» և նախընտրում է ազգի հերոս լավ տղերքի:

109017776_large_1Մյուզիքլի կամ կատագերգության լավագույն դերասանուհի
Էյմի Ադամս

Երկրորդական դերի լավագույն դերասանուհի
Ջենիֆեր Լոուրենս

Սեքսի, փողի, թմրանյութի մոլի երրորդությունից է ծնվել նաև ռեժիսոր Դեյվիդ Օ. Ռասելի «Ամերիկյան խաբեությունը», որ ներկայացնում է կյանքի խաղը` իբրև արկած ու առինքնող խարդախություն: Այստեղ խարդախ են բոլորը, որովհետև բարձր են խաղագումարները, և տանուլ տվողը կորցնում է ամեն ինչ:

1389675844_002_11134_1389671592_pobediteli_zolotogoԿեղծամով ճաղատը գտել է իր կյանքի սիրուն` շագանակահեր գեղեցկուհուն, ՀԴԲ-ի (FBI) գանգրահեր գործակալը բացահայտել է դրամաշորթ սիրահար զույգի` կեղծամով ճաղատի ու շագանակահեր գեղեցկուհու խարդախությունն ու նրանց ներքաշել սեփական հետաքննության մեջ`հընթացս սիրահարվելով շագանակահեր գեղեցկուհուն, որը գտել է իր կյանքի ճաղատ տղամարդուն, բայց սա ամուսնացած է շիկահեր հիմարիկի հետ: Խառնաշփոթը հետզհետե սաստկանում է՝ հասնելով մի կետի, որտեղ կեղծիքը դառնում է կենսակերպ, մաֆիայի պարագլուխը (Ռոբերտ դե Նիրո) խոսում է արաբերեն, գործակալության դրածոն, որ շեյխ է ձևանում, մեքսիկացի է, և անգամ գործակալի գանգուրներն իրական չեն, այլ խնամքով փաթաթված: Իրական է միայն սերը, որ հնարավոր չէ կեղծել: Հանգույցը կրկին լուծում են կանայք. պարզվում է, որ շիկահեր հիմարիկը շատ էլ խելացի է, շագանակահեր խարդախ գեղեցկուհին` առաքինի: Մոլի երրորդությունը պարտվում է, իսկ հաղթում է սերը, և շիկահերի ու շագանակահերի դարավոր պայքարն ավարտվում է ոչ-ոքի, ինչի վկայությունն է նաև դերասանուհիներից երկուսին էլ մեկական «Ոսկե գլոբուսի» հանձնումը:

1389675844_014_24940_1389671595_pobediteli_zolotogoԼավագույն սցենար
Սփայք Ջոնզ. «Նա»

Իսկապես որ լավագույն նորն անմոռաց հինն է: Դեռ 80-ականների վերջին Մարկո Ֆերրերին նկարել է տղամարդու և կախազարդի սիրո պատմությունը («Ես քեզ սիրում եմ»), բայց իրական տղամարդու և արհեստական կնոջ կինոսիրերգության առավել հանրահայտ նմուշ է «Սիմոնան», որտեղ Ալ Պաչինոյի դերակատարմամբ մի ռեժիսոր սիրահարվում է իր իսկ ստեղծած վիրտուալ դերասանուհուն: Ահա այս յուրօրինակ կինոավանդույթի շարունակողն է դարձել Սփայք Ջոնզը, որի «Նա» (Her) ֆիլմում իրական տղամարդը գրող է (Խոակին Ֆենիքս), իսկ նրա սերը` արհեստական բանականությամբ օժտված օպերացիոն համակարգ, որ խոսում է կնոջ թովիչ ձայնով: Իր երաժշտական և գովազդային տեսահոլովակների շնորհիվ «ամերիկյան հոլովակի հանճար» տիտղոսին արժանացած Սփայք Ջոնզը հոլիվուդյան պոստմոդեռնիզմի ամենավառ ներկայացուցիչներից է. բավական է հիշել Չառլի Քաուֆմանի սցենարներով նկարված «Լինել Ջոն Մալքովիչը» և «Ադապտացիան»: Բայց սցենարիստ Չառլին արդեն կայացել է որպես ռեժիսոր, ուրեմն հերթը Սփայքինն էր` իբրև իրական պոստմոդեռնիստի, որպեսզի ապացուցի` գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում: «Նա»-ով նա հանդես է եկել որպես լիիրավ հեղինակ`ռեժիսոր և սցենարիստ:

1389675844_016_12868_1389671577_pobediteli_zolotogoԼավագույն արտասահմանյան ֆիլմ
«Մեծ գեղեցկություն»

Ամերիկա՜, Ամերիկա՜, և որքան էլ ոսկի թափես, մեկ է, քո հողը չի ծնել կինոյի մարմինը: Եվրոպական կինոյի սիրտն իր տեղն է ընկնում, XXI դարի սկզբին իտալական կինոն վերահաստատում է իր լավագույն ավանդույթները: Եվ ուրեմն կրկին բոլոր ճանապարհները տանում են Հռոմ: Արևմտյան փառատոների սիրելի Պաոլո Սորրենտինոյի հաղթարշավը հասավ օվկիանոսից անդին՝ «Ոսկե գլոբուս» բերելով նրա «Մեծ գեղեցկություն» ֆիլմին:

Պաոլոյին հաջողվել է պատկերել գոյության մեծ գեղեցկությունը, որից մարդու սիրտ է պայթում հենց հանդիպման առաջին պահից (իրոք, ֆիլմի սկզբում արևելցի մի զբոսաշրջիկ է մահանում), և մեկնարկին վերցրած բարձր նոտան պահել մինչև ավարտ` ցուցադրելով իտալական կինոյին բնորոշ մի դիապազոն, որ հնարավոր չէ ոչ մի այլ բանի հետ շփոթել: Պատկերացրեք «մահը Վենետիկում », երբ «կյանքը քաղցր է». ներդաշնակորեն համադրված երկու սկիզբ` իբրև մեկ ամբողջություն, իբրև անսպասելի հանդիպում և երկար սպասված հրաժեշտ: Կյանքի խելահեղ հրավառությունն ու մահվան անխուսափելի թեթևությունը, աշխարհիկն ու չնաշխարհիկը, բոհեմիկն ու կաթոլիկը, մոգական իրականությունն ու նատուրալիստական միստիկան ներդաշնակորեն միախառնվել են՝ XXI դարի սկզբի Հռոմի կինոձոնը դարձնելով անմոռանալի հանդիսանք, տոն, որ դիտումից հետո դեռ երկար-երկար կմնա քեզ հետ: Ֆելլինիի հանրահայտ գլուխգործոցի սորրենտինոյական շրջաբանությունն ապացուցում է, որ կյանքն առաջվա պես քաղցր է, գունդ ու մարմին հողեղեն են ու անցողիկ, բայց և ոսկի: Մարդը մարմին է, երկիրը` մի գունդ, ու մենք մարմին ենք` գնդով մեկ ցրված, որ միաբան է միայն ոսկեթել իր մեծ երազում` լինել երջանիկ, ազատ ու անկախ, բայց ոսկին քիչ է, իսկ մարդիկ` շատ-շատ, երազը` ձրի, ապրելը` փող

ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆ