Երեկ` փետրվարի փետրվարի 8-ին, «Կինոաշխարհում» զետեղված «Ֆիլմ Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին. ի՞նչ ազգություն ունի հերոս լողորդը և ո՞վ է ռեժիսորը»  հոդվածում, որը ռուսական մամուլում հայտնված մի կասկածելի տեղեկատվության մասին էր, խոստացել էինք կապվել ռեժիսոր Արտակ Իգիթյանի հետ և նրանից արժանահավատ տեղեկություններ ստանալով` փարատել մեր տարակուսանքը:

Ստորև նույնությամբ ներկայացնում ենք նրա պատասխանը:

Հարգելի «Կինոաշխարհ»,

նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր տեղեկացվածության համար: Մինչ հայկական որոշ կայքեր պրոպագանդում են ռուսների  «20  կյանք» կոչվող կինոնախագիծը, դուք փորձում եք անալիզ անել և  հասկանալ` ինչ է տեղի ունենում, որ գրեթե նույն վերնագրով, նույն թեմայով նկարահանվում է ֆիլմ, այն էլ նման թերի սինոփսիսով:

Դեռևս 2012  թվականն էր, որ ես սկսեցի մտորել այս թեմայով ֆիլմ նկարահանելու մասին, քանի որ Շավարշ Կարապետյանն այն  հայ հերոսն է, որի մասին  ֆիլմ չունենալը պարզապես աններելի է մեր ազգի համար: Ի դեպ, ֆիլմը մտահղացման առաջին օրվանից անվանվել է «20»:  Ֆիլմի սցենարական աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցվեցին այդ տարվա ընթացքում, 2013 թվականին կատարվեց հիմնական դերասանական  և ստեղծագործական կազմի ընտրությունը,  տարվեցին պրոդյուսերական աշխատանքներ:

Ուզում եմ նշել, որ Հայաստանի կողմից ֆիլմն աջակցություն է ստացել միմիայն Ազգային կինոկենտրոնի կողմից, անգամ որոշվել է ֆինանսավորման չափը: Պարոն Գևորգյանը ճիշտ է մատնանշել, որ պաշտոնական հայտ դեռևս չեմ լրացրել: Խնդիրն  այն է, որ չեմ բնակվում Հայաստանում  և դեռևս չէր գտնվել ֆինանսավորման մյուս մասը: Նշեմ, որ բազմաթիվ մեծ ընկերություններ մերժել են ֆինանսավորել ֆիլմը, ես չեմ մեղադրում նրանց, քանզի կարծում եմ, որ այս նախագիծը նախ և առաջ պետք է ունենա պետական հովանավորություն:

Ֆիլմի կարևորությունը գիտակցելով և աշխատանքները չհետաձգելու  նպատակով` նախագիծը ներկայացրել եմ մի քանի ռուսական ընկերությունների, ստորագրվել են պայմանագրեր այն սկսելու վերաբերյալ: Շավարշը հայ է, բայց տիեզերական  մեծության մարդ, և ռուսական ընկերությունները դա քաջ գիտեն: 2015 թվականին Կազանում կմեկնարկի աշխարհի ջրային սպորտի չեմպիոնատ, ֆիլմի պրեմիերան կլինի դրանից անմիջապես առաջ:

Չբացելով շատ փակագծեր` նշեմ, որ Շավարշ Կարապետյանը հանդիսանում է ֆիլմի գլխավոր կոնսուլտանտը և մեծ անհամբերությամբ  սպասում է  իմ  «20»   կոչվող ֆիլմին:  Նրա համաձայնությամբ է այս ֆիլմի գաղափարը դարձել կինոսցենար և շուտով կդառնա ֆիլմ: Մեկ տարուց բոլորիս բարի դիտում եմ մաղթում, մենք դիտելու ենք  ֆիլմ, որը պատմելու է Շավարշ Կարապետյանի և նրա հերոսութունների մասին: Ֆիլմը կոչվելու է «20» :

Հարգանքով՝ Արտակ Իգիթյան