«Պատերազմը չի տանում լավագույններին, լավագույններն իրենք են գնում»
ՀՀ ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, օպերատոր և լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը ծնվել է 1967 թ. Երևանում: 1989-94 թթ. «Խալդ» և ապա «Վ. Այվազյան» երկրապահ կամավորական ջոկատների կազմում պարբերաբար մասնակցել է ՀՀ սահմանների և Արցախի պաշտպանության համար մղված մարտական գործողություններին: 1992 թ. անդամագրվել է Շահեն Մեղրյանի ստեղծած «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին: 1993 թ. մարտի 27-ին Տոնաշենի ազատագրման ժամանակ վիրավորվում է ոտքից, ձեռքից ու ստանում կոնտուզիա: Բուժման համար ուղղաթիռով տեղափոխվում է Ստեփանակերտ, ապա` Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոց: 1993-ի մայիսին, լրիվ չապաքինված, վերադառնում է Շուշի` Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ գործող գումարտակ, որտեղ էլ սեպտեմբեր ամսին Ջեբրայիլի մատույցներում կրկին վիրավորվում է:
-Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո` 1984 թ., աշխատանքի անցա Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում: Մեկ տարի անց մեկնեցի բանակ: Վերադառնալուց հետո վերապատրաստման կուրսեր անցա նախ Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, այնուհետևª Մոսկվայում: Ավելի ուշ նաև հեռուստատեսության ստուդիայում գործող մասնագիտական դասընթացներին եմ մասնակցել: Մինչև 2005 թ. աշխատել եմ Հանրային հեռուստաընկերությունում:
Երբ սկսվեց 88-ի շարժումը, ես հիմնականում լուսանկարներ էի անում: Արցախում հայտնվել եմ 91-ի վերջին, իսկ մինչ այդ «Հորիզոն» հեռուստաընկերության համար նկարահանումներ եմ արել Հայաստանի սահմանամերձ շրջաններում՝ Նոյեմբերյանում, Շամշադինում, Երասխավանում, որտեղ իրավիճակն արդեն լարված էր: Պետք է նշեմ, որ Արցախի հետ ոչ անմիջական կապը ստեղծվել է 1989 թ., երբ կոմերիտմիության օժանդակությամբ այնտեղից երեխաներ էինք բերում և ուղարկում ճամբարներ: Ստացվեց այնպես, որ Կազանից վերադարձող 80 երեխա տեղափոխող «Յակ-40»-ները չկարողացան վայրէջք կատարել Ստեփանակերտում, քանի որ ռուսական զորքն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ը փակել էին օդանավակայանը: Մենք ստիպված եղանք երեխաների մի մասին մեկ շաբաթ պահել Երևանում` Նորքի «Պիոներ պալատում» (հիմիկվա «Հայորդաց տանը»): Այդ ընթացքում երեխաների ծնողների հետ նամակագրական կապ էինք հաստատում, որպեսզի տեղեկացնենք երեխաների մասին: Այդպես ծանոթացա շատերի հետ ու Արցախի հետ կապը հաստատվեց:
1991 թ. մեկնեցի Հադրութ` Էդիլլու գյուղ, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Մանվել Գրիգորյանի ջոկատը: Երևան վերադառնալուց 3 օր անց կրկին որոշեցի մեկնել Արցախ` այս անգամ արդեն Ստեփանակերտ, որի ճանապարհն ամբողջությամբ փակել էր ռուսական զորքը: Այնուամենայնիվ հաջողվեց մտնել Ստեփանակերտ: Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի օգնությամբ կարողացա միանալ հայաստանյան ջոկատներին ու սկսեցի նկարահանումներ անել: Այդ ընթացքում նկարահանել եմ եվրոպական, Իրանի պատվիրակությունների, ինչպես նաև Բորիս Ելցինի այցը: Հիշում եմ մի դեպք. եվրոպացիները ցանկություն էին հայտնել այցելել Քարինտակ գյուղ, որտեղ 14 զոհ էինք ունեցել և գյուղը ակտիվ ինքնապաշտպանություն էր կազմակերպել: Արթուր Մկրտչյանը համաձայնել էր կազմակերպել նրանց այցը, բայց Շոշ գյուղից դեպի Քարինտակ ճանապարհին ադրբեջանցիները կրակահերթ սկսեցին: Երբ կրակը դադարեց, Արթուր Մկրտչյանն առաջարկեց շարունակել ճանապարհը, բայց հյուրերը չհամարձակվեցին` ասելով, որ ամեն ինչ արդեն պարզ է: Երբ վերադարձանք, Արթուր Մկրտչյանը նրանց ասաց` խոստանում եմ, որ մարտ ամսին կարճ ճանապարհով ձեզ կբարձրացնեմ Շուշի: Նկատի ուներ, որ մարտին Շուշին կազատագրվի:
Դրանից հետո մասնակցել եմ Մալիբեյլիի, Կրկժանի, Ղարադաղլուի, Խոջալուի ազատագրման մարտերին: Ղարադաղլուում զոհվեց Արջը «Արաբո» ջոկատից: Ես ցուցանակ պատրաստեցի, որի վրա գրեցինք «Արջաձոր», որպեսզի գյուղի անվանումը հավերժացնի նրա հիշատակը: Բայց հավանաբար հետևողական չեղանք, ու այդ գյուղն այժմ, կարծեմ, այլ անվանում ունի:
– Խոջալուի իրադարձություններն այս տարիների ընթացքում լուրջ շահարկումների առիթ են դարձել: Ամեն տարի նրանք վայնասուն են բարձրացնում` իբր հայերը ցեղասպանություն են իրականացրել Խոջալուում: Որպես իրադարձությունների ականատես` ի՞նչ կարող եք պատմել:
– Կարող եմ ասել այն, ինչ բազմիցս կրկնել է հայկական կողմը: Խոջալուից խաղաղ բնակչության համար ճամապարհ էր բացվել, որպեսզի նրանք հանգիստ հեռանան: Երբ գյուղում էինք, երկնքում ադրբեջանական ուղղաթիռներ հայտնվեցին ու առանց բնակիչներին օգնելու որևէ փորձ անելու` հեռացան: Ես չեմ բացառում, որ հենց այդ ուղղաթիռներից կարող էին կրակել մարդկանց վրա: Խոջալու գյուղում հիմնականում մեսխեթցիներ էին ապրում, և ադրբեջանցիներն իրենց քաղաքական կեղտոտ խաղերի ու հայերին վարկաբեկելու համար կարող էին նման քայլի դիմել: Ինձ համար հստակ է մի բան՝ հայկական կողմը խաղաղ բնակչության համար միջանցք էր բացել և չէր պատրաստվում սպանել այդ մարդկանց:
92-ի մարտին ես կրկին մեկնեցի Արցախ, քանի որ տպավորվել էին Արթուր Մկրտչյանի խոսքերըª մարտին գրավելու ենք Շուշին: Մարտին չգրավեցինք, ես վերադարձա Երևան ու նոր տեսախցիկով ապրիլին կրկին մեկնեցի Արցախ: Մայիսի 6-ին Հադրութից մեկնում էի Ստեփանակերտ, երբ իմացա, որ մեր տղաները գործողություններ են իրականացնում Շուշիի ուղղությամբ: Միացա տղաների խմբին, որը շարժվում էր դեպի Շոշ:
Շուշիում նկարահանած տեսարանները մինչ օրս ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Չգիտեմ ինչու` այսօր քիչ է խոսվում Ջանհասան-Քյոսալարի իրադարձությունների մասին, բայց դրանք արցախյան պատերազմի կարևոր դրվագներից են: Այս պատերազմը մի բան էր, որ հասունացել էր ու պիտի պայթեր: Այն մեզ պարտադրվեց, բայց այդ պատերազմի արդյունքում մենք կարողացանք ազատագրել մեր հողն ու ամրապնդել սահմանը: Նոր պատերազմ, իհարկե, չեմ ցանկանում, բայց եթե մեր հարևանները մեկ անգամ էլ դիմեն արկածախնդրության, գուցե կկարողանանք ամրապնդել նաև Տավուշի հատվածում գտնվող սահմանը, որն այսօր շատ անհանգիստ է: Գյուղացին հնարավորություն չունի խաղաղ պայմաններում մշակելու իր հողը:
– Իսկ ձեռք բերած հաղթանակը որքանո՞վ ենք արժևորում այսօր:
– Ամեն ինչ պայմանավորված է իշխանությունների վերաբերմունքով: Հայրենական պատերազմում տարած հաղթանակը մատուցում էր խորհրդային իշխանությունը գրքերով, ֆիլմերով, հեռուստահաղորդումներով և այլն: Արցախյան հաղթանակի քարոզչություն, որպես այդպիսին, այսօր չի իրականացվում: Տարեկան մեկ-երկու միջոցառումները բավարար չեն: Այն տղաները, որոնք պետք է հպարտանան այդ հաղթանակով, այսօր չեն կարողանում դա անել: Հաղթանակի օրն առանձին խմբերով հավաքվում են, մեկնում Արցախ, անտեսված մի անկյունում միմյանց շնորհավորում, ու դրանով էլ ամեն ինչ ավարտվում է: Ազատամարտիկներն այսօր հավաքվում են միայն տխուր առիթներով: Թաղումների ժամանակ, մի կողմից, տխրում են, մյուս կողմից էլ` ուրախանում, որ միմյանց տեսնում են: Հաղթանակի տոնը պետք է կազմակերպել այնպես, որ բոլորը կարողանան ի սրտե ուրախանալ, բոլորը հպարտանան այդ հաղթանակով: Կռված տղաների սոցիալական խնդիրները պետք է լուծվեն: Ի՞նչ է կատարվում այսօր. օգտվում են այն մարդիկ, որոնք իրականում կապ չունեն թեʹ պատերազմի, թեʹ հաղթանակի հետ, բայց ճարպկությամբ կարողանում են ինչ-որ փաստաթղթեր ձեռք բերել, անգամ կոչումների ու պարգևների են արժանանում: Սա մեկի հորեղբոր տղան է, մյուսը` նրա մորաքրոջ. հայկական տարբերակով` կնիքը ձեռքիդ է, կարող ես խփել: Բայց չեմ ուզում ծանրանալ այս երևույթի վրա, նման մեխանիզմներով Հայրենական պատերազմի մասնակիցներ էլ կան: Այժմ նկարում եմ նրանց, ովքեր կենդանի են: Պատահում են դեպքեր, երբ զրուցում ես մարդու հետ ու անմիջապես հասկանում, որ իր պատմածի հետ բոլորովին կապ չունի: Իհարկե, պատահում են նաև դեպքեր, երբ մարդը պատմում է պարտիզանական ջոկատի մասին, և ինձ թվում է` հենց ինքս եմ եղել այդ ջոկատում: Ես եղել եմ Շահեն Մեղրյանի պարտիզանական ջոկատում, և ինձ շատ ծանոթ ու հարազատ են նրանց պատմածները: Պարտիզաններից շատերը չեն սիրում պատմել իրենց մասին, որովհետև մարդիկ կարող են չհասկանալ, անգամ ծիծաղել նրանց պատմածների վրա, որովհետև այն, ինչ անում են պարտիզանները, իրականում սովորական մարդու բանականությունից վեր է:
– Ինչո՞վ եք այսօր զբաղված:
– Այսօր տեսախցիկի փոխարեն գերադասում եմ լուսանկարչական ապարատը: Տեսախցիկի առաջ մարդիկ սկսում են ճոռոմ-ճոռոմ բառեր արտասանել, բայց կարծում եմ, որ լուսանկարի լռությունն ավելի խոսուն է: Դժվարանում եմ այսօր ֆիլմ նկարել, չնայած իմ տեսանյութերն օգտագործվել են բազմաթիվ ֆիլմերում: Ինձ համար այսօր դժվար է նկարել ֆիլմ, օրինակ` Շահեն Մեղրյանի մասին, որին անձամբ ճանաչել եմ: Պատասխանատվությունը չափազանց մեծ է, գուցե չհաջողվի ներկայացնել նրան այնպիսին, ինչպիսին կար: Շահենին առնչվող մի դեպք եմ ուզում պատմել: Նրա հայրենի Գյուլիստան գյուղը շրջափակման մեջ էր: Նրա ղեկավարած պարտիզանական ջոկատին հաջողվեց մտնել գյուղ: Շահենն իրենց տնից իր սիրելի գիրքն էր վերցրել` Մուշեղ Իշխան: Արտատափում ինձ ասաց, որ առվից ջուր բերեմ, հետո ջրի ամանը փակեց ու տվեց մեր ուղղաթիռի օդաչուին ու ասաց. «Սա կտաս Զինավոր դայուն (խոսքն իր հոր մասին էր), կասես` սա հայրենիքի ջուրն է, ու մենք այս ջուրը շուտով կվայելենք»: Ես տեսել եմ տարեց շահումյանցիների, որոնք հավատում էին, որ վերադառնալու են իրենց տները, այդ հավատով երիտասարդների կողքին, զենքը ձեռքներին կռվում էին, օգնում, ինչով հնարավոր էր: Շահեն Մեղրյանի պարտիզանական ջոկատը չափազանց մեծ դեր կատարեց Քելբաջարի ազատագրման ժամանակ: Ի դեպ, 1992 թ. հունիսի 13-ին ստեղծված այդ ջոկատն առաջին պարտիզանական ջոկատն էր Արցախյան պատերազմում: 1993 թ. ապրիլի 4-ին ջոկատը մտավ Գլուլիստան: Ապրիլի 17-ին Շահենին սպանեցին: Մեր տղաները դուրս եկան Շահումյանից ու այդ հարցն առ այսօր փակված է:
– Ասում են` պատերազմը տանում է լավագույններին:
– Պատերազմը չի տանում, լավագույններն իրենք են գնում, որովհետև միշտ քայլում են առջևից, լինում են ամենավտանգավոր տեղում: