Կիևի կինոյի տանը հունվարի 21-ին կկայանա «Սերգեյ Փարաջանովի էկրանային աշխարհները» գրքի շնորհանդեսը: Նույն օրը Կինոյի տան կինոդահլիճում կանցկացվի «Սյուրռեալիստական Փարաջանով» երեկոն: Ցույց կտան ռեժիսորի «Կիևյան որմնանկարները» և Ռոման Շիրմանի «Վտանգավոր ազատ մարդ» վավերագրական ֆիլմը:

536328_2

Կադր «Կիևյան որմնանկարներ» ֆիլմից

Հունվարի 9-ին լրացավ հանճարեղ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90 տարին: 1959 թ. նա նկարահանեց իր առաջին խաղարկային ֆիլմը` «Առաջին տղան»: Սակայն նրան իսկական փառք բերեց 1964 թ. «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարը, որը արտասահմանյան կինոքննադատները համարեցին XX դարի լավագույն ֆիլմ: Փարաջանովի վերջին ավարտված կինոնկարը «Աշուղ Ղարիբն» էր, որ 1988 թ. նկարահանվեց Միխայիլ Լերմոնտովի համանուն հեքիաթի մոտիվներով:

536328_3

Կադր «Կիևյան որմնանկարներ» ֆիլմից

«Կիևյան որմնանկարները» Սերգեյ Փարաջանովի քիչ հայտնի գործերից է: Այն նվիրված է  Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ռեժիսորն այն չի ավարտել: Փորձնական կադրերից հետո կինոստուդիայի տնօրինությունը որոշում է ընդունել դադարեցնել նկարահանումները: Գործողությունները տեղի են ունենում Կիևում, հերոսների շարքում են կինոռեժիսորը, թանգարանի աշխատակցուհին, 55-ամյա բեռնակիրը: «Մարդը» ոչինչ չէր հասկանում… Նրան թվում էր, որ գիշերային քաղաքում մինչև ոսկորները թրջված քայլում է գաստրոնոմի «Բեռնակիրը» «քսան քրիզանթեմի բռնկումների» հսկայական զամբյուղով, որին նա սխալ հասցե է տվել… Գուցե ենթագիտակցաբար, որպեսզի գտնի սյուժեն, ինչը տարրալուծված է կյանքում… Եվ ես հետևում եմ նրան` ավելացնելով իմ հղացումը և հիվանդ երևակայությունը…»,- ասվում է ֆիլմի սցենարում:


Սեանսները կսկսվեն ժամը 18:00-ին: Հանդիպումը վարելու են ռեժիսոր Ռոման Բալայանը և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Սերգեյ Տրիմբաչը: