Գրող, թարգմանիչ, հրապարակախոս, 1975-85 թթ. «Հայֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Թոփչյանի հետ հարցազրույցի  երկրորդ մասը:

Կինոսցենարների Ձեր սահմանած որակական չափանիշները` հիմնված հայ գրողների ստեղծագործական մտքի վրա, ընդգրկել են համամարդկային արժեքներ: Դուք, համենայն դեպս, ջանացել եք, որ այդպես լինի: Նախորդ դարի 70-80-ականներին Հայոց ցեղասպանության փաստը կինոյի լեզվով բարձրաձայնելու չիրականացված դեպքեր եղե՞լ են:

– Մի օր Հենրիկ Մալյանին տվեցի Վահան Թոթովենցի ՙԿյանքը հին հռովմեական ճանապարհի վրա՚ վեպն ու ասացի` կարդա, հոյակապ նյութ եմ առաջարկում քեզ: Հաջորդ օրը եկավ շատ բարձր տրամադրությամբ, հիացած. ուրախությունից երգում էր:  Զանգեցի Ստեփան Ալաջաջյանին, քանի որ վստահ էի, որ միայն նա կարող էր Թոթովենցի գործը սցենար դարձնել: Մալյանն էլ միացավ նրան, դարձավ նաև համասցենարիստ: Կազմ-պատրաստ սցենարը տարանք Մոսկվա: Մերժվեց, բայց ոչ թե գեղարվեստական, այլ քաղաքական նկատառումներով: «Հայֆիլմում» աշխատածս տարիներին դա միակ սցենարն էր, որ Մոսկվան մերժեց: Բայց որպեսզի չնեղացնեն Մալյանին, առաջարկեցին. «Ստեղծագործական նույն կազմով նոր սցենար գրեք, բերեք»: Ասացի, որ կարող ենք վերցնել նույն հեղինակի մեկ այլ գործ: Վերադարձանք Երևան, ու Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա կարճ ժամանակում գրվեց նոր սցենար, որը Մոսկվան հաստատեց, ու նկարահանվեց «Կտոր մը երկինքը»: Բայց ես ուզում էի, որ հենց «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպն էկրան բարձրանար: Թոթովենցը բազմաթիվ լեզուներ գիտեր, զարգացած, լուսավոր մարդ էր, մեծ գրող. նա Անդրանիկ զորավարի գրագիրն է եղել: Թոթովենցի այդ պատմվածքը վսեմ, բարձր երազների կործանման մասին է: Ցեղասպանության խնդիրը հենց այդ տեսանկյունից պետք է բարձրացնել:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մոտենում է: Ի՞նչ ենք դնում աշխարհի սեղանին, ի՞նչ գրական ստեղծագործություն կամ ֆիլմ: Մենք հրեաների հետ համեմատվելու ոչ մի եզր չունենք: Նրանք արվեստի միջոցով Հոլոքոստի վրա են հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը: Իսկ ի՞նչ կարող ենք անել մենք:

– Շատ կարևոր է, թե ինչ գաղափարախոսություն ենք մշակել մենք: Ու սա միայն կինոյի խնդիրը չէ, այլ նաև պետության: Ցեղասպանության խնդիրը մշտապես մեր ճանապարհը փակում ու թույլ չի տալիս, որ ավելի լայն նայենք աշխարհին: Հենց ուզում ենք մի քիչ շունչ քաշել, ցեղասպանության խնդիրը տագնապի թելը քաշում է` հիշեցնելով, որ դեռ կարևոր հարց ունենք լուծելու: Բայց ես կտրականապես մերժում եմ այն թշվառ, ընչազուրկ, տգեղ հալածյալի կերպարը, որ տասնամյակներ շարունակ մեր մշակույթը գուրգուրում ու փայփայում է: Թշվառին ոչ ոք չի սիրում: Հռոմեացիներն ասում էին. «Թշվառներն իրենց արժանի ճակատագիրն են ստացել»: Դաժան է, բայց ճշմարտություն է պարունակում: Թշվառին լավագույն դեպքում ժամանակավորապես աղքատախնամի չոր հաց կտան, որ չմեռնի: Թշվառը չի կարող պահանջատեր լինել. միայն մուրալ կարող է: Ու նրան այդպես էլ ընկալում ու ընդունում են: Մենք պետք է լինենք պահանջատեր, իսկ դրա համար պետք է արժանապատվություն ունենալ: Իսկ որպեսզի արժանապատվություն ունենանք, պետք է ցեղասպանության ճանաչման խնդիրը վերլուծենք բարձր արժեքների տեսանկյունից: Գարսիա Լորկայի կորուստը ոչ միայն իսպանացիներինն է, այլև ամբողջ աշխարհինը: Նույնն էլ Ռուբեն Սևակի կորուստը: Բայց արդյոք մենք կարողացա±նք դա ապացուցել ու համոզել աշխարհին: Թե± մինչև հիմա ողբալով ասում ենք.«Գիտե՞ք` թուրքերն ինչ արեցին: Մի գիշերում ազգի ծաղիկը մորթեցին»: Ու դեռ սպասում ենք, որ աշխարհն ասի` վա¯յ-վա¯յ-վա¯յ, խեղճ ժողովուրդ, ի¯նչ մեղք եք: Իսկ եթե մի հզոր գործ գրվեր, որով հարգարժան եվրոպացիներին ապացուցվեր, որ Ռուբեն Սևակն իր արվեստով նույնքան բարձր է, որքան XX դարասկզբի նրանց պոետները, ամեն ինչ այլ կերպ կընկալվեր:

Ձեր «Եվ անգամ մահից հետո» վեպը հենց Ռուբեն Սևակի մասին է, իսկ «Բանկ Օտոմանը» թուրքական բանկը թալանելու փորձ անող հայ երիտասարդների: «Հայֆիլմում» աշխատելու տարիներին, պաշտոնական դիրքի չարաշահումը մերժելով, որևէ սցենար չեք առաջարկել, բայց հիմա լիովին ազատ եք: Մտադրություն չունե՞ք Ձեր վեպերից մեկնումեկը սցենար դարձնել:

– «Եվ անգամ մահից հետո» վեպը գրել եմ սերիալային պոետիկայով. դրա հիման վրա ֆիլմ նկարահանել, անշուշտ, հնարավոր է: Երբ պետհամալսարանում կազմակերպվեց իմ «Բանկ Օտոմանի» քննարկումը, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը որպես թերություն նշեց` դա սցենար է, ոչ թե վեպ: Ես պատասխանեցի. «Պարոն Գաբրիելյան, Դուք ակամայից ինձ կոմպլիմենտ արեցիք»:

Ես աշխատել եմ «Հայֆիլմում» ու լավ գիտեմ, որ լավ սցենար գրելն ավելի դժվար է, քան լավ վեպ գրելը: «Բանկ Օտոմանը» կինոյի դինամիկայով է գրված: Իմ վեպի թե մեկ ուրիշի ստեղծագործության հիման վրա կնկարահանվի  Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ, էական չէ. կարևորը` որ խնդիրը ճիշտ մատուցվի: Ամեն ցեղասպանություն իր պրոբլեմն ու առանձնահատկությունն  ունի: Այդ լաչակներից, տարազներից, կքված կերպարանքներից հոգնել եմ արդեն: Այդպիսի պատկերներ եղել են, իհարկե: Բայց մենք չպետք է վավերագրական գործ ստեղծենք: Մեր խնդիրը դա չէ: Արվեստը, կինոն միստիկ աշխարհ են ստեղծում: Մենք պետք է միստիկա ստեղծենք, լավ իմաստով խաբենք աշխարհին, ոչ միայն աշխարհի համակրանքը շահենք, այլև նրան մեր դաշնակիցը դարձնենք:

Ես թերթերում կարդացել եմ, որ ուզում են «Շինդլերի ցուցակի» նման մի ֆիլմ էլ մենք նկարենք: Կարդացի ու սոսկացի: Կարծիքս հայտնել եմ նաև հանրապետության նախագահին: Ասացի. «Բացարձակ տխմարություն է, որովհետև դա հրեական պատմություն է, որով հրեաներն իրենց խնդիրներն են լուծել»: Հազար շնորհակալություն Ֆրանց Վերֆելին մարդասիրության համար, բայց նրա «Մուսա լեռան 40 օրը» վեպը դարձյալ հրեական խնդիրներ է լուծում:

Ինչո՞ւ ընտրեցիք Ռուբեն Սևակին: Եթե ուզում էիք անպայման ցեղասպանության զոհ դարձած մտավորականի անդրադառնալ, ապա կային Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը: Ինչո՞ւ հենց Սևակ:

– Ցեղասպանության մասին դեռ դպրոցական տարիներից եմ կարդացել, եթե ոչ հարյուրավոր, ապա, հաստատ, տասնյակ գրքեր: Ինչ որ տպագրվել է թեʹ Հայաստանում, թեʹ դրսում, կարդացել եմ: Ռուբեն Սևակին ընտրեցի մի պատճառով. ահա իր ժամանակի գեղարվեստական միտքը, տագնապները  լավագույնս արտահայտող տաղանդավոր պոետ, որը, որպես տղամարդ, ասպետ է: Ասպետականության հանգամանքն անձնական բնույթ չունի. ժամանակաշրջանի ավարտի նշանակություն ունի: Դենի դը Ռուժմոնի  «Սերը և Արևմուտքը» գործի 31-րդ թարգմանության հեղինակն եմ: Շվեյցարացի փիլիսոփան, խոսելով համաշխարհային պատերազմը նախապատրաստող, դրդող հանգամանքների մասին, նշում է, որ հիմնական պատճառն ասպետականության կորուստն էր: Նա օրինակ է բերում գազի օգտագործումը թշնամուն ոչնչացնելու համար: Ոչ մի ասպետ իրեն նման բան թույլ չէր տա: Զենքերի տեսակներ կան, օրինակ` հրազենը, որ ասպետը երբեք չէր օգտագործի: Ասպետական կորստի հանգամանքը կար նաև Հարավսլավիայի ռմբակոծության մեջ. 19 երկիր հարձակվում է մեկ երկրի վրա: Դրանք ավազակության սկզբունքներն են` վերադարձ դեպի բարբարոսություն:

Համաշխարհային մտավորականության մասին պատմություններից երկու դեպք գիտեմ, երբ գրողն էքստրեմալ իրավիճակում կանգնած է մահվան դեմ հանդիման, կարող է արժանապատվորեն փրկել իր կյանքը, բայց կյանքից ավելի բարձր է դասում իր պատիվն ու առաքելությունը: Մեկը հրեա բժիշկ Յանուշ Կորչակն է, որի նկատմամբ պատկառանքից ելնելով` գերմանացիներն առաջարկում են  երկրից անվնաս ու անվտանգ հեռանալ, բայց նա գերադասում է իր ազգակից որբ երեխաների հետ մնալ ու մեռնել: Մյուս մտավորականը Ռուբեն Սևակն է: Կալանավորված պոետին հայ հոգևորականները հորդորում են առերես, ժամանակավոր մահմեդականություն ընդունել` խոստանալով Պոլսում վերամկրտել որպես հայ քրիստոնյա: «Ինչպես Վարդան Մամիկոնյանն ու Վարդանանք ձևականորեն ընդունեցին մահմեդականություն` իրենց կյանքը փրկելու համար, այնպես դու ընդունիր»,- ասում են հոգևորականները: Իսկ երիտասարդ պոետը մերժում է. «Վարդանանք իրավունք ունեին. նրանք քաղաքական գործիչներ էին ու պարտավոր էին այդպես վարվել հանուն ժողովրդի»:

Հայտնի է, որ թուրք ավազակապետն առաջարկում է Սևակին կնության առնել իր դստերը: Թրքուհին 18 տարեկան գեղեցկուհի էր, իսկ ինքը 30-ամյա գրավիչ, կրթված երիտասարդ: «Ես ոչ միայն իմ հավատն ու լեզուն, այլև իմ սերը չեմ կարող դրժել»,- պատասխանում է Սևակը` ընդունելով մահվան դատավճիռը:

Կալանավայրից  10-12 նամակ է գրել կնոջը` Յաննիին: Զգացմունքների ինչպիսի շիկացում. տարածությունն ու բաժանումն անգամ անզոր են եղել նրանց մեծ սիրո դեմ: Ահա այսպիսի պատմությունները պետք է էկրան բարձրացնել, որոնք վսեմ, բարձր, առաքինի, կիրթ մարդուն ու մտավորականին կներկայացնեն:

 – Ցեղասպանությունն աշխարհին ներկայացնելու մոտեցումը, ձևն ինքնին քաղաքականություն է: Ինչպե՞ս մատուցել, որ չվրիպես, չսայթաքես, որ ողբերգությունն ազդի ու ճիշտ նշանակետին խփի, ինչպես դա անում են հրեաները: Բավականին հաջող ֆիլմեր են նկարահանում նույն թեմայով նաև սերբերն ու խորվաթները:

– Ողբերգություն. պետք է  թեման, նյութը ներկայացնել այնպես, որ հիմքում ողբերգություն լինի: Իսկ ողբերգությունը ծնվում է այն ժամանակ, երբ կործանվում է, նահատակվում է վսեմը, բարձրը, առաքինին, գեղեցիկը, արժանավորը` Սոֆոկլեսի, Էվրիպիդեսի, Շեքսպիրի հերոսները զոհվում են` ողբերգության ազդեցություն թողնելով: Հայոց ցեղասպանության իրողությունը միջազգային հանրությանը ներկայացնելիս մենք պետք է այս սկզբունքները որդեգրենք:

Հաճախ համամարդկային երևույթներն անգամ ազգային հողի վրա ենք ներկայացնում, չենք ձերբազատվում նեղ ազգայինի ազդեցություններից, այդ պատճառով էլ ընկալման խնդիր ենք ունենում: Տեղ չի հասնում մեր ասելիքը:

– Այնքան ցույց տալու բան ունենք աշխարհին, բայց թաղված ենք ազգային ճահճի մեջ, ոչ թե հողի, այլ` ճահճի, ու դուրս գալ չենք ուզում: Իմ իդեալն այն ստեղծագործողն է, որի ոտքերն ազգային հողի վրա են, իսկ հայացքն ուղղված է աշխարհին: Անգամ հզոր ազգերը չեն կարող իրենց պայմանները թելադրել աշխարհին:

Մեր քրիստոնեական դարձն աշխարհընկալման երևույթ էր: Մենք ոչ միայն կրոն ընդունեցինք, այլև քաղաքակրթություն, որը պիտի դառնար համաշխարհային: Քրիստոնեությունը մենք չընդունեցինք որպես աղոթելու կերպ, այլ ընդունեցինք որպես աշխարհ ստեղծելու, ընկալելու և մեկնաբանելու կերպ: Բայց հետզհետե այն դարձրինք նեղ գետտոյական հանգամանք, որից վախենում ենք հեռանալ ու որին վախենում ենք մոտենալ: Մեր քրիստոնեությունը հասավ մինչև Նարեկացի, Շնորհալի, Մխիթարյաններ: Մխիթարյաններն աշխարհընկալման քրիստոնեական իդեոլոգիան են, որ ստեղծեցին արևմտահայ մշակույթը` թատրոնը, պոեզիան: Նրանց մշակութային հսկայական ժառանգության ակունքները հասնում են IV-V դարեր: Տեսեք` ինչ շղթա է: Մենք ինքներս պետք է հասկանանք ու համոզվենք դրանում: Այսպիսի հարստություն ունենք ու նեոաշուղությանն ենք վերադարձել, ընդ որում` այնպիսի ժանրերում, որտեղ աշուղություն անելու իրավունք ուղղակի չունենք: Պոետներն իրենց  սազն են առած նվագում, հեռուստաաշուղները` մի կողմից, կինոաշուղները` մյուս:

Ներկայացվում է մի «արվեստ», որի ակունքները ոʹչ ազգային են, ոʹչ էլ համաշխարհային: Պարզապես մի քանի հոգով` ախպեր-տղերքով, հավաքվել նկարում են ու մեզ ստիպում, որ դա ընկալենք որպես ազգային արժեք: Չի կարելի ժողովրդին փթիրով կերակրել: Մենք ցեղասպանությունը պետք է ներկայացնենք հատուկ գաղափարախոսությամբ` պահանջատերի գաղափարախոսությամբ:

Հարցազրույցը` Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ