Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի հետ պայմանավորվեցինք հանդիպել հենց իր տանը: Շաբաթվա բոլոր օրերին զբաղված է. նկարահանումներ, դասախոսություններ: «Ես ի՞նչ պիտի խոսեմ իմ կինոդերերի մասին, ի՞նչ եմ արել որ, էնքան լավլավ դերասանուհիներ կան, նրանց մասին գրեք»,- ասաց տիկին Սոֆիկը:

Նշանակված ժամին դուրս էր եկել` ինձ դիմավորելու և իր տուն ուղեկցելուՄինչև հասանք իր բնակարան, 10 րոպե տևեց: Նկատեցի, որ դուռը բանալիով չբացեց, ուղղակի թեթևակի հրեց: Մտանք տուն. ոչ ոք չկար: «Դուռը բա±ց էիք թողել, տիկին Սոֆիկ»,- հարցրի: «Հա, բա հո չէի կողպելու, ո՞վ պիտի մտներ որ»,իմիջիայլոց ասաց ու ներս հրավիրեց: Փաստորեն, 10 րոպե գնալը, 10 էլ` վերադառնալը, առնվազն 20 րոպե դուռը բաց էր մնացել: «Տիկին Սոֆիկ, բա չե՞ք վախենում, որ գողմող մտնի Ձեր տուն, գոնե ապահովության համար կողպեք»: «Այ բալես, իմ հայրական տան դուռը երբեք կողպեք ու բանալի չի տեսել. միշտ բաց, հարևանի տան բանալին էլ` մեր տան պատից կախ: Դա եմ տեսել, դա էլ` սովորել: Մեր տանը գրքերից բացի, ուրիշ բան չի եղել: Մայրս հացի փող չուներ, բայց գիրք էր գնում: Էստեղ էլ` նույնը: Ուսանողներս էլ լավ գիտեն, որ ինձ համար գրքից առավել ոչ մի նվեր գոյություն չունի: Ի՞նչ կա իմ տանը, որ գողին հետաքրքրի, գրքեր. հազիվ թե: Էս կահույքն էլ որ տեսնում եք, նոր ենք գնել, առաջ դա էլ չունեինք, ինձ պետք էլ չի եղել»,- ծիծաղելով ասաց դերասանուհին ու սեղանին դրեց նկարների ալբոմը: Դեմքն ավելի պայծառացավ. շոյեց ալբոմի էջերն ու սկսեց խոսել:

– Նկարներիս մեծ մասը մի լրագրող տարել է, որ հոդվածի մեջ տեղադրի, խոստացել է շուտ վերադարձնել: Շատ թանկ լուսանկարներ են, մասունքներ: Իմ անցյալն է` հրաշալի, երանելի: Ստեղծագործական խմբերի հետ ի¯նչ օրեր էին, ի¯նչ մարդկանց հետ եմ շփվել:

Երբևէ փողի համար նկարահանվե՞լ եք:

– Աստված ոչ անի: Եթե առաջարկվող դերը սրտովս չեղավ, ինչ գին էլ ասեն, չեմ խաղա: Երբ իմանում են, թե ինչքան եմ ստանում իմ դերերի համար, զարմանում են` արժե՞ այդ գրոշների համար խաղալ: Բայց բանն այն է, որ  38 տարի է` կինոյում եմ ու երբեք փողի համար չեմ խաղացել: «Մեր գյուղը» սերիալն էինք նկարահանում. ապշեցի,  երբ տեսա, որ դերասաններից մեկը հատուկ եկել էր իր հասանելիք գումարը ստանալու.  փողից բացի, նրան ոչինչ չէր հետաքրքրում: Տեսել եմ, շատ եմ տեսել, երբ դերասանը ճիգեր է անում, որ լավ խաղա, բայց որ հենց մենակ փողի համար խաղա, ազնիվ խոսք, չէի տեսել: Այդ նույն ֆիլմի նկարահանումների ժամանակ Վանաձորի թատրոնի դերասան Վրույր Հարությունյանը հաց չկերավ, որովհետև դժգոհ էր իր խաղից: Այ, այդպիսի դերասաններ էլ կան: Տեսնո՞ւմ եք ինչքան տարբեր են: Հենրիկ Մալյանն էլ էր այդպիսին. եթե  իր աշխատանքից դժգոհ լիներ, երբեք հաց չէր կտրի:

Փողն ինձ չի հետաքրքրում. խաղալ եմ ուզում: Ինչպիսին էլ լինի դերասանը, ինչքան էլ նախկինում լավ դերեր կերտած լինի, կարևորն այն է, թե հիմա որտեղ է, շարունակո՞ւմ է խաղալ, թե՞ պարապ է: Դերասանը միշտ պիտի խաղա: Ես կարող էի թատրոնում շարունակել, բայց երևի այնքան էլ խելացի չգտնվեցի, որ մնայի այնտեղ: Իմ տարիքում դերասանն իրեն լավ է զգում բեմում, այնքան լավ, որ չի ուզում բեմից իջնել: Մինչդեռ երիտասարդ ժամանակ մտածում է` երբ է ներկայացումն ավարտվելու, որ շուտ տուն փախչի:

Ոչ ոքի չեմ մեղադրում, որ այսօր թատրոնում չկամ, եթե մեղադրում էլ եմ, միայն իմ ներսում, ոչ բարձրաձայն: Հիմա էլ եմ ուզում թատրոնում խաղալ, բայց այսպես ստացվեց:

Վերջին տարիներին նաև սերիալներում եք ընդգրկված: Էլի՞ ոչ փողի համար:

– Նույնիսկ սերիալում չեմ խաղա փողի համար: Խաղում եմ, որովհետև առանց խաղալու պարզապես չեմ կարող: Քանի որ թատրոններում էլ չկամ, երբ դերը հավանում եմ, ընդունում եմ սերիալների հրավերները: Բայց նրանք էլ գիտեն, որ չեմ նայում դրանք: Ախր 200 սերիանոց արվեստ կլինի՞: Արվեստը Փելեշյանի 8-10 րոպեանոց ֆիլմերն են, արվեստը Մհեր Մկրտչյանն է, Գալյա Նովենցը, Փարաջանովը, Մալյանի կինոն:

Ձեր բեմական կնքահայրը Հենրիկ Մալյանն էր: Խաղաոճից բացի, վարպետը Ձեր մարդկային կերպարի ձևավորման հարցում է՞լ է դեր ունեցել:

– Նա միշտ ինձ հետ է: Անընդհատ գզում եմ նրա ներկայությունը: Ինչ դեր խաղամ` նախ և առաջ նրան եմ պատասխանատու: Մտածում եմ` տեսնես Վարպետն ի՞նչ կասեր: Ուսանողներիս այնպես եմ պատմում Մալյանի մասին, որ նրանք էլ են կենդանի տեսնում Վարպետին: Ախր ես հանդիպել եմ մեծ հայի, մեծ արվեստագետի, մեծ հոգեբանի: Ես նրա երեխան եմ, նա է ծնունդ տվել իմ միջի դերասանուհուն: Ինչ էլ անեմ, չեմ կարող ուսանողներիս առաջ այնպես խոսել, ինչպես Մալյանն էր խոսում մեր կուրսում: Դա հիպնոս էր, խոսքի հիպնոս:

Մինչև Մալյանը բեմարվեստի հետ կապ ունեցե՞լ եք: Ինչպե՞ս է տեղի ունեցել Ձեր ու թատրոնի առաջին հանդիպումը:

– Ես միշտ թատրոնի խելառ եմ եղել: Ամեն օր պետք է  լինեի Սունդուկյան թատրոնում. 20 անգամ «Օթելլո» եմ տեսել, 40 անգամ` «Ապուշը»: Ամեն երեկո 6:30-ին դողն ընկնում էր ջանս: Մայրս գիտեր` փող լինի-չլինի, հարևանից էլ պարտք անի, Սոֆոն պիտի թատրոն գնա: Գնում էի ու մի ժամ շուտ տնկվում թատրոնի դռանը: Հսկիչները թույլ էին տալիս ինձ առանց տոմսի մտնել: Խնդրում էին դիրեկցիային, որովհետև փող չունեի ամեն օր վճարելու:

Մի օր էլ սովորականի պես տնկված էի Սունդուկյանի այգում: Մի կապուտաչյա, շիկահեր աղջնակի տեսա: «Ահա քեզ Դեզդեմոնա»,- հիացա: Մի քիչ հետո նրան մոտեցավ դարձյալ կապուտաչյա մի տղամարդ. հայրն էր:

Ներկայացումն սկսվեց. պրեմիերա էր, Սոս Սարգսյանն էր խաղում: Ավարտին բեմ հրավիրեցին ռեժիսորին: Տեսնեմ` այն նույն կապուտաչյա հայրիկն է. Մալյանն էր:

Ես պոլիտեխնիկի ուսանող էի: Հենց այդ տարին էլ ընդունվեցի մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետ ու նստեցի նրա կուրսում:

Ինչպե՞ս, թողեցի՞ք պոլիտեխնիկը

– Հա, բա ո՞նց: Ընդունվեցի ու հասկացա, որ  Մալյանն ինձ հիշել էր մեր այն օրվա առաջին հանդիպումից: Չէր կարող չհիշել, որովհետև ես միայն իմ հագի մի հատիկ շորն ունեի: Ես հետո մի պատմվածք գրեցի: «Իմ շորերն ու ես», տպագրվեց «Նոր դար» ամսագրում: Շատ հավանեցին գրողները, որովհետև իմ ունեցած-չունեցած մի հատիկ շորի մասին էի գրել:

Մինչև հիմա շատերը պատմում-ծիծաղում են: Թբիլիսիում` Համամիութենական փառատոնում, «Նահապետ» ֆիլմում խաղացած դերի համար, որպես լավագույն կնոջ դեր, մրցանակ ստացա: Իմ էդ շորով բարձրացա բեմ` մրցանակս վերցնելու: Ժյուրիի նախագահը հենց տեսավ, թե ինչ զգեստով եմ բարձրացել, իրեն կորցրեց: Երբեք շորն ու կոշիկն ինձ չեն հետաքրքրել:

Մի՞շտ եք այդպիսին եղել` անպաճույճ, առանց կանացի արդուզարդի: Չէ՞ որ դա անդրադառնում է նաև Ձեր դերերի վրա:

– Միշտ, միշտ այսպիսին եմ եղել: Ռեժիսորներն արդեն գիտեն ու ինձ առաջարկում են տատիկի, մեծ մայրիկի դերեր: Գործընկերներս` Աննա Հեքեքյանը, Լալա Մնացականյանը, ասում են. «Սոֆա ջան, արի մազերդ, եղունգներդ ներկենք, համ էլ այդպես ինչ դեր ուզես` կխաղաս»: Գիտեմ, որ ինձ շատ սիրելուց են այդպես ասում, բայց ես չեմ ուզում փոխվել, հասկանո՞ւմ եք, որովհետև չեմ կարող փոխվել:

Գեղեցիկ հոնքեր ունեք, ինչպե՞ս է ստացվել:

– Ուղղակի ձեռք չեմ տվել, եթե պոկեի-հանեի, ուրիշ կլինեին:

img_1918988909_dyn_136_hogineri-cnund_1Կյանքում ու դերերում Դուք նույնն եք, այնպիսի տպավորություն է` կարծես դերը չեք խաղում, այլ հենց բնական վիճակում եք:

– Հենրիկ Հովհաննիսյանը մինչև հիմա փորձում է գտնել իմ կոդը: Իմ կոդը շատ պարզ է` բնությունն է: Ես բնության էակ եմ: Ես դերասանուհու տեսակ չեմ: Ռեժիսորներն էլ գիտեն: Նկարահանում են մեկ դուբլից: Ես երկրորդ, երրորդ դուբլ չեմ անում: Դերը յուրացնում եմ ու միանգամից արտահայտվում, վերջ, էդ մի անգամն է:

Շատ եմ կարոտում մեր ստեղծագործական խմբերին: Դուք տեսնում եք ֆիլմը, բայց ինչքա¯ն հիշողություններ, քաղցր, անմոռանալի պահեր կան կադրից դուրս: Հիմա իմ կարոտելու տարիքն է, ախր: Էս անընդմեջ կորուստներն էլ` Ազատի, Սոսի, Գալյայի մահերը, ավելի են խորացնում կարոտս: Ո՞նց մոռանամ «Նահապետ» ֆիլմի նկարահանումները, երբ Գալյա Նովենցն ու  ես Թալինում մի տան մեջ էինք ապրում, Սոսը, Ֆրունզը, Մալյանը` մյուս տանը:

Ես շուտ բռնկվող եմ, սրան-նրան անընդհատ դիտողություն կանեմ: Նկարահանումների ժամանակ էլ եմ էդպես. ամեն մեկին մի բան կասեմ: Երևի մասնագիտությամբ ռեժիսոր եմ, դրա համար էլ այդպիսի բնավորություն ունեմ, չգիտեմ: Իսկ Գալյայի բերանից մի բառ չէիք լսի: Զուսպ, համեստ, բայց ամեն ինչ տեսնում էր, լսում ու հասկանում: Շատ-շատ մի անգամ ժպտար, ու դրանով պարզ  էր դառնում, որ ամեն ինչ հասկացել է: Շշմելու աղջիկ էր Գալյան: Ես նրա նման չեմ կարող լինել, չէ¯: Ես խելառ եմ. մի լավ թատրոն, կինո տեսնեմ` կուրախանամ, կհիանամ: Շառլը գա Հայաստան, նրան տեսնեմ` կգոռամ. «Շա¯ռլ, ես քեզ սիրում եմ»: Եթե Փարաջանովը ողջ լիներ, ես նրա տնից դուրս եկողը չէի: Այ, տեսեք, էս լուսանկարներում ի¯նչ մարդկանցով եմ շրջապատված. Վիլյամ Սարոյանին, Փարաջանովին, Փելեշյանին, Մալյանին եմ տեսել: Ի¯նչ հզոր, շշմելու մեծություններ են, բա նրանց հետ շփված մարդը խելառ չի՞ լինի:

Ամռանը, երբ Փելեշը եկավ Հայաստան, ասաց. «Սոֆիկ, հիշո՞ւմ ես էն մառախուղը»: 1980-ականներն էին: Տիգրան Մանսուրյանն ասաց. ՙԵկեք գնանք մեր տուն, չինական հորոսկոպ ունեմ, ձեր հորոսկոպի նշանները նայենք՚: Գնացինք. Տիգրանն էր, Ազատը` Գասպարյանը, Փելեշն ու ես: Տիգրանը սկսեց իր նոր գործերից նվագել, ես անընդհատ թեյ էի խմում: Արդեն շատ ուշ` վեր կացանք, որ տուն գնանք: Տիգրանը թե` բա հորոսկո՞պը: Ասացինք` մի ուրիշ անգամ: Դուրս եկանք` մի մառախուղ, առաջդ չես տեսնում: Ձեռք ձեռքի բռնեցինք ու քայլեցինք: Մեկ էլ ժամացույցի զանգի ձայներ լսեցինք, գլխի ընկանք, որ Լենինի հրապարակում ենք ու կանգնած ենք ուղիղ Լենինի արձանի մոտ: Էդ թանձր մառախուղն ու ինձ, Փելեշին, Ազատին` իրար ձեռք պինդ բռնած, հիշում եմ, բայց թե ոնց տուն հասանք, ոչ մի կերպ չեմ հիշում:

– Մշտապես հիացած եք կյանքով, մարդկանցով, արվեստով, ինքնաբավ ու գոհ եք ամեն ինչից ու ամենքից: Իսկ մեծ դերեր չէի±ք ուզենա խաղալ:

– Իմ 5-րոպեանոց դերերը շատ եմ սիրում: Ընդհանրապես խելքս գնում է փոքր դերերի համար: Փոքր դեր խաղալն ավելի դժվար է, քանի որ  դրանով ավելի լավ է երևում դերասանի տաղանդն ու վարպետությունը: Դերասանն այդ մի քանի րոպեում գործի է դնում իր ուժերն ու ընդունակությունները: Մեծ դերերի մասին չեմ մտածել, բայց ամբողջ կյանքում երազել եմ Համլետ խաղալ:

– Ճի՞շտ, Համլե՞տ:

– Հա, բա էլ ի՞նչ, Համլետ:

Զրույցը վարեց Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ