Վախճանվել է Ֆելինիին ոգեշնչած մերկապարուհին
Հունվարի 29-ին Հռոմում 78 տարեկան հասակում մահկանացուն կնքեց թուրք պորտապարուհի և մերկապարուհի Այշե Նանան: Ժամանակին նրա հետ կապված աղմուկը ոգեշնչման աղբյուր է դարձել Ֆեդերիկո Ֆելինիի համար` նկարահանելու «Քաղցր կյանքը» («La Dolce Vita»):
1958 թ. Այշե Նանան (իսկական անունը` Քիաշ Նանահ) մերկապար է կատարել Հռոմի ռեստորաններից մեկում: Այդ ժամանակ տվյալ հաստատությունում գտնվող մի փողոցային լուսանկարիչ` Տացիո Սեկյարոլին, նկարել է պարուհուն: Երեկույթի թեժ պահին ռեստորանում են հայտնվել ոստիկանները և ձերբակալել բոլոր ներկաներին «հասարակական բարոյականությանը վնաս հասցնելու համար»: Սակայն Սեկյարոլիին հաջողվել է փախչել և իր հետ տանել ֆոտոժապավենը: Մի քանի օր անց Սեկյարոլին հրապարակում է լուսանկարները մամուլում, ինչը մեծ աղմուկ է առաջացնում:
Այս պատմությունն էլ խթան է դարձել, որպեսզի Ֆելինին սկսի «Քաղցր կյանք» ֆիլմի աշխատանքները (ռեժիսորը վաղուց էր մտադիր ֆիլմ նկարել Հռոմի հասարակության ունևոր շերտի մասին, որը ցոփ կյանք էր վարում): Ռեժիսորն էկրանին վերականգնել է Այշե Նանայի մերկապարի տեսարանը: Մերկապարուհու դերը, որի անունը կինոնակրում Նադյա է, կատարել է Նադյա Գրեյը: Աղմկահարույց լուսանկարչի դերը բաժին է հասել Վալտեր Սանտեսոյին: Ֆիլմում նրան Ֆելինին տվել է Պապարացո ազգանունը, որից էլ հետագայում առաջացավ «պապարացի» հասարակ անունը:
Այշե Նանան 1950-1980 թթ. էպիզոդիկ դերեր է կատարել մի քանի իտալական կինոնկարներում: Մասնավորապես նա երևում է Մարկո Ֆեռերիի 1982 թ. նկարահանած «Պյեռի պատմությունը» և Ջո Դ’Ամատոյի 1979 թ. «Վանական գայթակղություններ» ֆիլմերում: