kinopoisk.ru1841 թվականն էր, երբ տաղանդավոր ջութակահար, ազատ սևամորթ Սողոմոն Նորթափն իր երկու «գործատուների» հետ ժամանեց Վաշինգտոն: Հենց այստեղ` քաղաքի Ալեքսանդրիա համայնքում էր գտնվում ԱՄՆ-ի այդ ժամանակվա խոշորագույն «ստրուկների շուկան»: Նորթափը հույս ուներ արագ դրամ վաստակել ջութակով ու վերադառնալ կնոջ և երեխաների մոտ: Բայց նրան առևանգեցին, ծեծեցին ու վաճառեցին Նոր Օռլեանի ստրկատերերին: Այդպես ազատ սև մարդը հայտնվեց ստրկատիրական Հարավում, որտեղ տանջվեց շուրջ 12 տարի:

Ազատումից մեկ տարի անց Նորթափը հրատարակեց իր հուշերի գիրքը` «Ստրկության տասներկու տարին»: Իսկ 2013 թվականին համաշխարհային կինոէկրաններ ելավ բրիտանացի ռեժիսոր Սթիվ Մակքուինի («Քաղց» (2008), «Ամոթ» (2011)) համանուն կինոնկարը, որում Նորթափի դերում հանդես է գալիս Չիվետել Էջիոֆորը: Մակքուինի նախնիները նույնպես ստրուկներ էին, և բնական է, որ նա մեծ նրբությամբ մոտեցավ իր աշխատանքին: Եվ հավանաբար որպեսզի ֆիլմը հասնի հնարավորինս լայն հանդիսատեսի, ռեժիսորն իր արտհաուսային` երբեմն մոլորեցնող ու բավականին պահանջկոտ ոճը փոխարինեց ավելի ծանոթ ու պայմանական պատումով, որտեղ կան բոլոր հարկավոր իրավիճակները: Մակքուինի կնիքը, այնուամենայնիվ, շոշափելի է:

Եվ գուցե սրանով է պայմանավորված «Ստրկության տասներկու տարվա» սուր հակասությունը: Բանն այն է, որ էկրանին կարծես միաժամանակ զարգանում է երկու ֆիլմ, որոնց սինթեզն այդպես էլ տեղի չի ունենում: Մեկը մաքուր Մակքուինն է` անշտապ, լարված և մտահոգ, արտահայտիչ լռությամբ, տպավորիչ ու խորհրդանշական գունային լուծումներով (օպերատոր` Շոն Բոբիտ): Մյուսը` սխեմատիկ, դասագրքային տեսարաններով առաջ շարժվող մի պատում, որը, անկասկած, նույնպես կարող է մեծ արժեք ներկայացնել (որոշ հոլիվուդյան ֆիլմերում այդպես էլ լինում է): Սակայն «Ստրկության» դեպքում ֆիլմի այդ «բաղադրամասը» հաճախ այնքան տարրական է, շինծու և անտեղի, որ գրեթե վարկաբեկում է իր մյուս հատվածը, հատկապես` այն պահերին, երբ ընկնում է «բարոյախրատականության» մեջ:

Այդպես տեսարաններից մեկում հանկարծակի հայտնվում է կանադացի ատաղձագործի կերպարը` Բրեդ Փիթի կատարմամբ, որը սկսում է բացատրել դաժան ու զազրելի ստրկատեր Էդվին Էփսին (Մայքլ Ֆասբենդեր), որ թեʹ սպիտակները, թեʹ սևերը հավասար են, իսկ ստրկատիրությունը սխալ է: Բնականաբար, նա իրավացի է: Սակայն սա քաղաքական ելույթ չէ, այլ գեղարվեստական ստեղծագործություն, որտեղ նման ճակատային մոտեցումը հազվադեպ է իրեն արդարացնում: Անգամ եթե սա իրական դեպք է, միևնույն է, հենց ֆիլմի կոնտեքստում այն բավականին անհեթեթ է, նույնիսկ` ծիծաղելի: Ի դեպ, Մակքուինը խոստովանել է, որ ինքն անձամբ չի հաստատել Փիթին այս դերում. վերջինս ֆիլմում է հայտնվել հավանաբար այն պատճառով, որ նաև պրոդյուսերներից մեկն էր: Սրանից էլ կարելի է ենթադրել, որ ֆիլմում տեղ գտած որոշակի այլ կասկածելի դետալներ ռեժիսորի նախնական մտապատկերից նույնպես դուրս էին:

Եվ եթե դրանք վերջնական մոնտաժում հանվեին կամ ձևափոխվեին, «Ստրկության տասներկու տարին», անկասկած, կշահեր, քանի որ ֆիլմի սրտում իրոք եռում են սուր հոգեբանական հարցադրումներ և այնպիսի ստեղծագործական մոտեցում, որի համար Մակքուինն ի սկզբանե արժանացել էր քննադատների և կինոսերների ուշադրությանը: Էջիոֆոր-Նորթափը` նախկինում ազատ մարդ, ամեն կերպ փորձում է պահպանել իր ինքնասիրությունը, սակայն հանգամանքները հետզհետե կոտրում են իրեն, իսկ ստրուկի հրամցվող մենթալիտետն աստիճանաբար դառնում է նրա էության մաս: Ինչպես և նախկին գործերում, «Ստրկությունում» նույնպես ներկայացվում է մարդու մարմնի հիվանդագին խոշտանգումը (թեʹ բառացի, թեʹ վերացական իմաստով), ինչը Մակքուինի մոտ վերածվում է մաշկի տակ թաքնված հոգևորի որոնման: Սակայն «Քաղցում» և «Ամոթում» սա գործում էր, որովհետև մոտեցումն ու նպատակներն էին համահունչ: Երրորդ ֆիլմի նպատակները, մեծ հաշվով, այլ են` ավելի քաղաքական: Այնուամենայնիվ նման ստեղծագործությունները, անկասկած, ունեն գոյության իրավունք: Եվ պետք է նշել, որ անկախ ամեն ինչից, Մակքուինը նույնիսկ այստեղ է հաջողացնում մնալ անկեղծ և ամեն դեպքում` հետաքրքիր:

Արթուր ՎԱՐԴԻԿՅԱՆ