unnamed (6)Ես հիշեցի, որ անցյալ տարի այս նույն ժամանակ էր, երբ «Կինոաշխարհ» թերթից «Կինոգետի հարթակ» բաժինը վարելու առաջարկ ստացա: Եվ ես առաջարկեցի այդ բաժինը սկսել լուսավոր կետից, ուզում էի, որ լավ բաներից խոսենք: Եվ առաջին նյութս նվիրեցի անցյալի հայտնի անուններին` ճանաչված, բայց գուցե ինչ-որ չափով մոռացված անուններին: Ակամա հիշեցի անձնական վերաբերմունքս Լևոն Ներսիսյանին, Ռուբեն Զարյանին, էլի մի քանի անուններ տվեցի, և Ֆեյսբուքում ոմանք շնորհակալություն  հայտնեցին, որ այդ անունները հիշեցի: Իմիջիայլոց,  դա ինձ հուզող թեմաներից է, և եթե հետագայում հաջողվի, ես անպայման դեռ անդրադառնալու եմ դրան. ուրիշների մասին, որոնք հետք են թողել քո անձնական կյանքում: Ու դա իսկապես լուսավոր կետ է դառնում:

Հիմա երևի արժե խոսել այն մասին, թե ինչ հարցեր են ինձ հուզում` կապված հայ կինոյի հետ: Միանգամից ասեմ, որ արդեն մի քանի տարի իմ տեսական հարցադրումներով հստակ կողմնորոշվել եմ, որ չկա կինոյի ապագայի հետ կապված մի խնդիր, որ տեղային բնույթ  ունենա: Դրանք գլոբալ խնդիրներ են: Այն, ինչ կատարվում է կինոյում, գուցե բացահայտում է այն խնդիրները, որոնք չեն հաղթահարվում մեզանում, բայց այդ նույն խնդիրներն այսօր համաշխարհային կինոյում կան:

Երբ ասում են կինոյի արդյունաբերություն, մի հավատացեք, դա ինքնին թյուրիմացություն է, այսօր կինոն խոշոր բիզնեսի իր բոլոր հնարավորությունները սպառել է: Ինչո՞ւ: Խոսել կինոյի մասին և չխոսել կինոթատրոնների բացակայության մասին, հնարավոր չէ: Դա սարսափելի իրողություն է: Բայց դրա տակ թաքնված է մի պարզ ճշմարտություն: Կինոն այլևս կենցաղային անհրաժեշտություն չէ մարդու կյանքում. կինոթատրոնը, կինոդահլիճը: Դա փաստ է: Մարդիկ ժամանակին շաբաթը երկու անգամ կինոթատրոն էին գնում, հիմա ո՞վ է գնում, լավագույն դեպքում` փառատոների ժամանակ: Եթե հիմա մի տասը նոր կինոթատրոն բացենք, դրանք իրենց գոյությունը կպահպանեն ավտոմատ խաղերի շնորհիվ, ոչ թե ֆիլմերի: Կինոթատրոններին եկամուտ կինոն չի բերում, ուրիշ բան է բերում: Իսկ եթե կինոն չի եկամուտ բերում, մեծ հարցականի տակ է դրվում կինոբիզնես հասկացությունը, որովհետև կինոբիզնեսի շնորհիվ է կինոն կայացել ժամանակին: Սա էլ է փաստ: Մեծ քաղաքներում գուցե ինչ-որ չափով այդ սովորույթն արտաքնապես պահպանվում է, բայց միևնույն է, ժամանակակից մարդը մտնում է այն կինոթատրոնը, որի կողքին կան սրճարաններ, բարեր, խաղեր, ժամանցի այլ տեսակներ:

Ասում եք փոքր գավառական քաղաքներում կինոթատրոնն ավելի± պահանջված պիտի լիներ, որտեղ  մարդիկ մշակութային օջախների առատությունից շփացած չեն: Իսկ ինտերնետն ինչի՞ համար է, բա համակարգիչներն ի՞նչ են: Եթե կարող ես համակարգիչով ձրի ֆիլմ նայել: Ո՞վ է վճարում դրա համար: Հեղինակային  իրավունքը վերանում է. ընդհանրապես, ոչ միայն կինոյում, ամեն տեղ: Գուցե սարսափելի բան եմ ասում, բայց բիզնեսի դարը սպառվում է: Գուցե դեռ դա չենք զգում: Սեփականության գլխին հարված է գալու ինտերնետի միջոցով:

Ինչպե՞ս կարող ես այսօր պահպանել հեղինակային իրավունքդ:  Ինտերնետն անհնարին է դարձնում որևէ գաղտնիք պահելը: Գաղտնիքի դարը ավարտվում է: Լավ իմաստով գաղտնիքն էլ է վերանում: Սիրո գաղտնիքը: Սիրո խորհրդավորությունը, ռուսերեն լավ բառ կա` таинственность: Դա էլ է վերանում: Մարդու տեսակն է փոխվում առհասարակ: Մարդկությունն այդ վտանգի առաջ է կանգնած:

Ինչ վերաբերում է մեր կինոյին, եթե ընդհանուր գնահատական տանք, այս մեկ տարվա ընթացքում, փառատոներով, մրցանակաբաշխություններով հանդերձ, սկզբունքային տեղաշարժ չի նկատվում: Եվ  չի կարելի այս հարցում որևէ հաստատության կամ մարմնի մեղադրել, որովհետև նորից եմ ասում` կինոն բարդ խնդիրների  առաջ է կանգնած, և  ապագա ներդրողները, հովանավորները հույս չունենան, թե կինոյից մեծ օգուտ կարելի է քաղել: Կինոյի մեջ ներդրումն այսօր դառնում է ավելի շուտ բարեգործություն կամ ուղղակի նվիրատվություն արվեստին:

Եթե նախկինում ես որևէ հայկական ֆիլմ տեսած չլինեի, ամոթ կհամարեի, իսկ այսօր հարյուրից ավելի ֆիլմեր են ստեղծվում, և հնարավոր է, որ կողքի լսարանում ստեղծվող  ֆիլմն անգամ տեսած չլինես: Մի շարք ֆիլմեր, իհարկե, տեսել եմ, առավել ևս քննարկումներին մասնակցել եմ: Բայց «Հայակը» դեռ չի սկսվել, որպեսզի ընդհանուր պատկերի մասին լիարժեք գաղափար կազմեմ:

Վերջին ուշադրության արժանի ֆիլմերից, իհարկե, պետք է նշել Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» կինոնկարը, որը, ի տարբերություն նրա նախորդ աշխատանքների, գեղարվեստական ավելի ամուր հիմքերի վրա է, որովհետև այստեղ չի շեղվել, չի ծանրաբեռնվել տարբեր մոտիվներով, ծանրացել է մարդկային կերպարի վրա, այդ կնոջ կերպարի, որ խաղում է Մարիամ Դավթյանը:

Գիտեք ինչ, մենք շատ ենք տարվում և երբեմն թույլ ենք տալիս քաղաքական և հասարակական սխալներ: Շատ ենք ոգևորվում այնպիսի թեմաներով, թե ինչպես է գերի ընկածին պահում ադրբեջանցին: Մենք փաստը  չենք օգտագործում քաղաքական նպատակներով: Ենթատեքստն այս է. տեսեք, ի տարբերություն ձեզ, որ մեզ` հայերիս, վարկաբեկում եք, մենք ստեղծում ենք ֆիլմ ադրբեջանցու մասին: Ստացվում է, որ կարծես ավելի շատ զբաղված ենք արդարանալով, քան ճիշտն ասելով: Եվ այն ֆիլմերը, որոնք նվիրված են ղարաբաղյան թեմային,  կաղում են և նպատակին չեն ծառայում: Ժամանակին, երբ Կարեն Գևորգյանը ֆիլմեր էր նկարում, հաշիվ էր ներկայացնում մեր ազգին, ցույց էր տալիս ղարաբաղյան շարժման իսկական իրականությունը, ոչ թե կոմպլիմենտ էր անում ադրբեջանցուն` մոռանալով պրոբլեմը:

Կան մի քանի ֆիլմեր, որոնց մեջ սխալ տեսարաններ կան, անունները չեմ ուզում տալ, օգտագործում են տեսարաններ, որոնք կարելի է նմանեցնել ցեղասպանության տեսարաններին: Ցեղասպանությունը և ղարաբաղյան պատերազմը տարբեր են, այն տեսարանը, որը ցեղասպանությանը սազում էր, չի սազում ղարաբաղյան թեմային: Նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել:

Ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա դա լուրջ խնդիր է, թե ինչպես ենք պատրաստվում դիմավորել 100-րդ տարելիցը: Մի քանի հաջող գաղափարներ կան: Օրինակ` Արմեն Գասպարյանի սցենարը, որը պատմում է, թե ինչպես են ջարդից փախած հայերը թաքնվում թուրքի տանը և որոշ ժամանակ այդպես գոյությունը պահպանում: Համոզիչ էր արված, այդ դեպքում ես դիտողություն չունեմ, և ցույց էր տրված, որ ազգերը չեն մեղավոր, այլ քաղաքական գործիչները: Եթե դա ստացվի, ապա դա մեծ նվեր կինի:

Նիկա Շեկի ֆիլմը սկզբունքորեն չեմ ընդունում, քանի որ կոպիտ քաղաքական սխալ է թույլ տրված: Սումգայիթ և երկու թաղում, նրանց կողմից և մեր: Չեմ ուզում կրկնել, սա կոպիտ քաղաքական սխալ է, Սումգայիթը միակողմանի էր, հայերը նման բան չեն արել: Ֆիլմի լավագույն էպիզոդը փաստորեն հակահայկական է:

Նման բաները պետք է բացահայտվեն սցենարների քննարկման ժամանակ: Օրինակ` «Փարաջանով» ֆիլմի սցենարը մենք ջախջախել էինք, մենք դեմ էինք վավերագրական նյութերը գեղարվեստական ֆիլմի նպատակով օգտագործելուն, և մեր  դիտողությունը ազդեցություն ունեցավ ֆիլմի ճակատագրի վրա: Այդ քննարկումները փաստորեն կարևոր են և ինչ-որ դրական ազդեցություն ունենում են, բայց  նույնքան կարևոր է ֆիլմի նկարահանման ընթացքում խմբագրի ներկայությունը: Կողքի հայացքը շատ կարևոր է: Եթե այդ կողքի հայացքը լիներ, գուցեև Նիկա Շեկի ֆիլմում այդ էպիզոդը չլիներ:

Ինձ չի գոհացնում, որ թեմատիկ առումով սահմանափակ ենք և ձեռնամուխ չենք լինում իրական պրոբլեմներին: Այդ տեսանկյունից լավ տպավորություն թողեց Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի «Կախազարդը» ֆիլմը: Իհարկե, նրանց նախորդ ֆիլմը` «Անառակ որդու վերադարձը», ավելի հաջողված էր, ամբողջական ֆիլմ էր: «Կախազարդի» սկիզբը հաջողված էր, վերջապես կինոյում մարդ տեսանք, դրական հերոսի կարոտ ունենք, որին կարելի է կարեկցել, որի զգացմունքներն ընդունելի են մեզ համար: Այդ ֆիլմում դա կար, բայց հետագայում, ցավոք, զարգացում չունեցավ:

Ես քննադատել եմ «Իմ անունը Վիոլա է» ֆիլմը: Ես սյուժեին դեմ չեմ, երկու աղջկա հարաբերություններ ես նկարագրում, խնդրեմ, սեռական փոքրամասնությունների հարց ես բարձրացնում, լավ, բայց հանկարծ տեսնում ես երրորդին` տղամարդուն: Հոգեբանական լուծումների փոխարեն մի դերասանը խաղում է երկու դեր: Խճճվում ես, և ֆիլմը դառնում է անհասկանալի:

Մեծ հույսեր են ներշնչում երիտասարդները, անշուշտ: Այդ տեսանկյունից ինձ դուր եկավ  ուսանողների նկարած վավերագրական ֆիլմը` «Երևանը` արևածագից մինչև մայրամուտ», որ կատարվել էր լեհական ծրագրով, լեհ կինեմատոգրաֆիստների ղեկավարությամբ, վարպետության դասի արդյունք էր: 40 րոպեանոց ֆիլմ էր և դիտվում էր: Սա իսկական կինո էր, սուտ կադր չկար, օյինբազություններ չկային, համակարգիչ չկար: Կինոն ի՞նչ է` իրականության հավերժացում: Այստեղ կար կենդանի մարդու պատկեր: Իհարկե, մոնտաժված էր լավ վարպետների օգնությամբ, և այդ մոնտաժն էլ նպաստում էր ֆիլմի հաջողությանը: Բայց, ցավոք, սա օտարի վարպետությունն էր, քոնը չէր: Եվ Երևանն էլ ճշմարիտ Երևանը չէր: Ծրագրի հեղինակների մտածողության կամ նախասիրությունների կնիքն էր երևում: Հիմա մնում է, որ երեխաները, վարպետության դասի փորձը ձեռք բերած, ինքնուրույն գտնեն իրենց թեման, իրենց Երևանը, ինչպես այդ ֆիլմում գտել էին այն ծերուկներին: Ես հպարտացա, որ ունենք լավ ուսանողություն:

Կուզեի հիշատակել նաև մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, սակայն անուններ դարձյալ չեմ տալիս, որովհետև այդ դեպքում մի 40 անուն պետք է թվարկեմ:

Եվ, վերջապես, կուզեի հիշեցնել, որ կինոն կոլեկտիվ արվեստ է, ճիշտ չէ, երբ այս կամ այն ֆիլմի առնչությամբ մեկի անունն են տալիս: Մի հեղինակով կինո չի կարող լինել: Օրինակ` Թատերագետների ասոցիացիան մի լավ նախաձեռնություն է սկսել. հանդիպեցնում է դրամատուրգներին ու ռեժիսորներին, մի 20 հոգով նստում կարդում են գործը, քննարկում են, մի տեսակ ակումբային աշխատանք է ստացվում: Այդպես պետք է վարվել նաև կինոյում: Պետք է հանդիպեցնել: Այսպիսի հասկացություն կա` նյութի դիմադրություն: Պետք է նյութի դիմադրությանը հանդիպես, որ հաղթահարես: Պետք է երկու հոգի հանդիպեն և կռվեն, այդ  դեպքում միայն զգացմունք կծնվի: Այնպես որ, եթե հարցնում եք, թե ինչ կմաղթեի մեր կինոգործիչներին գալիք տարում, ապա ցանկանում եմ հաճախակի և բուռն ստեղծագործական վեճեր:

Զրուցակից` Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ