Կինոնկարին նախորդած բեմադրությունը չտեսած հանդիսատեսի անտեղյակությամբ ու բերկրանքով իբրև ռեժիսորական նուրբ կատակ ընդունեցի «Ձայն լռության» ֆիլմ-անակնկալն իր ձոնով` ուղղված մեծն Ֆեդերիկո Ֆելլինիին և Ջուլիետա Մազինային: Հենց առաջին տեսարաններից մեկի դիտման ընթացքում, երբ աղբակույտերում հայտնվեց հերոսուհին, ներքին մի զգացողություն կար, որ նրան ճանաչում ենք վաղուց: Միաժամանակ ֆիլմի գործողության զարգացումն անկանխատեսելի բնույթ ուներ` չնայած Ֆելլինիին առնչվող կինեմատոգրաֆիկ մի շարք ակնարկներին: Ֆելլինիական ինքնահեգնումը` իբրև գեղարվեստական մեթոդ, յուրատիպ ադապտացիայի է ենթարկվել` դառնալով Չալդրանյանի ռեժիսուրայի մի նոր, հասուն երանգ: Կարծում եմ` այսօրինակ մոտեցումով մտահղացված ֆիլմը, որի մեջ միտումնավոր առկայություն ունեն դասական կինոյի շերտերը, հետաքրքիր էջ է ոչ միայն Վիգեն Չալդրանյանի ստեղծագործության մեջ, այլև առհասարակ մեր ֆիլմարվեստում:
Այդօրինակ զուգախաղերն ընդունված են կինոյում վաղուց, և խոսքը բնավ ոʹչ ածանցված ֆիլմերի, ոʹչ էլ «ռիմեյքների» մասին է:
http://www.youtube.com/watch?v=Sg4USTx1uIU
Այդպես, Ռուբեն Մամուլյանի «Երգ երգոց» կինոժապավենում հերոսներից մեկը միտումնավոր հիշեցնում է Էրիխ ֆոն Շտրոհեյմին, որ այդ ժամանակ ուղղակի վտարված էր Հոլիվուդից… Ինքը` Շտրոհեյմը, Բիլլի Ուայլդերի «Սանսեթ բուլվարում» խաղում է մի «համր» կինոաստղի (Գլորիա Սվենսոն) դռնապանի դերը, որը, սակայն, նախկինում եղել է նրան նկարահանող ռեժիսորը: Իր հերթին, երբեմնի կինոաստղն ակնկալում է դեր ստանալ Սեսիլ դը Միլից, որը չգիտի` ինչպես քաղաքավարի մերժի վերջինիս, քանի որ սկսվել է ձայնային կինոյի դարը… Եվ հոլիվուդյան խոհանոցի պատմության այսօրինակ ներկայությանն առնչվում ենք 30-ականների խաղարկային այս լավագույն ֆիլմերից մեկում: Եթե չընկալենք, թե ինչպես է ինքն իր մինչ այդ խաղացած շեքսպիրյան դերերը պարոդիայի ենթարկում` ծաղրանմանակում Լոուրենս Օլիվիեն «Արքայազնը և պարուհին» կինոնկարում, իսկ Մերիլին Մոնրոն` խաղում մի աղջկա, որը հիմարիկ և միամիտ է ձևանում, այլ ոչ թե այդպիսին է, մեզ կմնա զարմանալ, թե ինչով է արդարացված Օլիվիե մեծ արտիստի ներկայությունն այդ էժանագին սալոնային մելոդրամայում…
Վերջապես, ամերիկյան կինոկլասիկայի նմուշներից մեկը համարվող «Ուժասպառ ձիերին սպանում են, այնպես չէ՞» ֆիլմից հանդիսատեսի աչքի առաջ տառացիորեն ծնունդ է առնում Մոքսեն Մախմալբաֆի «Հեծանվորդը»… Եվ այս տեսակ սինեմատիկ շերտեր կարելի է նկատել հին ու նոր բազմաթիվ ֆիլմերում:
Մի քանի խոսք ներկայացում և կինոնկար ջրբաժանի մասին: Ինձ միշտ թվացել է, որ գոյություն ունի առաջին տպավորության «էմոցիոնալ դաջվածք»: Այսինքն` առաջին ազդեցությունը թույլ չի տալիս օբյեկտիվ գնահատել երկրորդը: Եվ դա աշխատում է ամենատարբեր հարթություններում: Օրինակ` ժամանակին նրանք, ովքեր դիտել էին «Վայրի խոլորձը», առանձնապես չէին տպավորվում «Իննուկես շաբաթ» ֆիլմից, և հակառակը: Որքան հնարավոր է մի կողմ դնելով գրականության բոլոր առավելությունները` կարելի է պնդել, որ եթե սկզբում կարդացել ես գիրքը, նույնիսկ սցենարը, գտնվում ես բառերի մոգության դաշտում, և դա այնքան ուժեղ է, որ որևէ ֆիլմ կամ ներկայացում այլևս հազիվ թե քեզ ցնցի: Պատահում է, որ գիրքն այնքան էլ ուժեղ չի ազդում, եթե ֆիլմը տեսնելուց հետո ես կարդում: Ինձ հետ դա պատահեց Դ. Լոուրենսի «Լեդի Չաթերլեյի սիրեկանը» ընթերցելիս: Այնինչ որոշ ժամանակ անց հասկացա, որ ֆիլմի թողած ազդեցությունն է մեղավոր… Գիրքը և կինոն բավական տարբեր, խիստ տարբեր բաներ են: Նույնը կարելի է ասել և թատրոն-կինո անհեթեթ համեմատություն-հակադրության մասին: Թատրոնն անգերազանցելի է կերպարային իր կենդանի կերտմամբ, ոչ թե պարզապես կենդանի ներկայությամբ: Սակայն կինոն էլ ունի այլ առանձնահատուկ առավելություններ, օրինակ` մարդու դեմքի խոշոր պլանն էկրանին բացահայտում է նրա էությունն ու անելիքները, եթե անգամ դերասանը ոչինչ չի անում: Զուր չէ, որ Բերգմանը խոստովանել է, թե իրեն մշտապես գերում է մարդկային դեմքի խոշոր պլանը: Մի ռեժիսոր, որ մշտապես տանջվում էր թատրոնի ու կինոյի միջև, իր իսկ լեզվով ասած, ՙինչպես կնոջ և սիրուհու միջև՚, ֆիլմերից մեկում այսպիսի տեսարան ունի. հանդիսականները գալիս են ֆիլմ դիտելու, հանկարծ լույսն անջատվում է, դերասանները բարձրանում են բեմ ու խաղում մոմերի լույսի ներքո: Այնուհետև լույսերը միանում են, և ցուցադրվում է ֆիլմը: Վերջում դահլիճից դուրս գալիս հանդիսատեսն ասում է. «Անկեղծ ասած, ինձ ներկայացումն ավելի դուր եկավ»: Իհարկե, թատրոնին հատուկ մարդկային կենդանի կոնտակտին այստեղ հավելվել էր տվյալ ներկայացմանը լրացուցիչ ինտիմ բնույթ հաղորդող հանգամանքը` անսպասելի խաղը մոմերի առկայությամբ: Եվ իհարկե, առաջին վառ տպավորությունը բաժին ընկավ ներկայացմանը: Ֆիլմից առաջ հանդիսատեսն արդեն հուզական առումով պարպվել էր: Բայց կինոյինը` կինոյին, թատրոնինը` թատրոնին:
Այս մտայնությամբ սկսեցի հոդվածս, քանի որ իսկապես ներկայացումը չեմ տեսել: Իսկ տեսնելու դեպքում ամեն կերպ պիտի աշխատեի ազատվել նրա ազդեցությունից, որպեսզի իրոք օբյեկտիվ դիտեի ֆիլմը: Ամեն ինչ չէ, որ համեմատության մեջ է իմացվում: Բացառությունը հաստատում է օրինաչափությունը. թերևս բոլորին հայտնի ճշմարտություն:
Վերադառնալով Վիգեն Չալդրանյանի ֆիլմին` ուզում եմ նշել, որ այն արժեքավոր է հատկապես նաև այն առումով, որ չնայած հերոսն ու հերոսուհին մի տեսակ մեկուսացած են աշխարհից, գործողությունը կտրված չէ մեր իրականությունից, այլ ընդհակառակը, բավական խորքով ներառում և արտահայտում է մեր իրավիճակն ու ժամանակները, կոնկրետ մերօրյա իրականության մեջ վերջին երկու տասնամյակում տիրող սոցիալ-հոգեբանական խնդիրները` միաժամանակ կամուրջ նետելով դեպի համամարդկայինը: Այն աչքի է ընկնում և իր յուրօրինակ պատկերակարգով` պատկերային ինքնատիպ ոճ ու ճաշակով:
Հարկ է առանձնակի շեշտել նաև լեզվական կուլտուրան: Հերոսները խոսում են կիրթ հայերեն, և դա հնչում է անբռնազբոս ու ճկուն, ի հեճուկս անկիրթ ՙբնականության՚ ջատագովների, որոնք շարունակ աղավաղում են մայրենի լեզուն եթերում, բեմում և այլուր` պատճառաբանելով, թե մեր գրական լեզուն արհեստական է հնչում: Բավական զուսպ և սեղմ միջոցներով ստեղծված այս կինոնկարը տևում է մոտ երկու ժամ, սակայն չի ձանձրացնում, պահում է հանդիսատեսին և հետո էլ մտորելու առիթ տալիս:
Սիրանույշ ԳԱԼՍՏՅԱՆ