954871_3Դերասան Ռոբերտ դե Նիրոն «Սանդենս» կինոփառատոնում ներկայացրել է  «Հիշելով նկարչին» վավերագրական ֆիլմը` նվիրված իր հորը: Ռոբերտ դե Նիրո ավագը հեռացել է ընտանիքից, երբ գիտակցել է, որ համասեռական է:

Ֆիլմի սցենարը դերասանը գրել է` կարդալով հոր`էքսպրեսիոնիստ նկարիչ Ռոբերտ դե Նիրո ավագի օրագրերը: Դերասանի հայրը` երկրորդ սերնդի իտալացի ներգաղթյալը, աբստրակտ նկարչությամբ է զբաղվել 40-50-ական թթ.:

Նա ճանաչված էր գեղարվեստական շրջանակներում և վայելում էր կերպարվեստի նշանավոր հավաքորդ Պեգգի Գուգենհեյմի հովանավորությունը: 1942 թ. նա Նյու Յորքի ստեղծագործական թաղամասում գտնվող արվեստանոցը մտավ իր սիրուհու` ուսանողուհի և նկարչուհի Վիրջինյա Էդմիրալի հետ, որը մեքենագրուհի էր աշխատում գրող Հենրի Միլլերի մոտ: Շուտով զույգը որդի ունեցավ, որին ի պատիվ հոր անվանեցին Ռոբերտ:

Դե Նիրո ավագը, ինչպես և շատ ուրիշ աբստրակտ-էքսպրեսիոնիստ նկարիչներ, սկսեց հազվադեպ ցուցադրվել 1960-ական թթ., երբ մեծ տարածում գտավ պոպ արվեստը: Այդ ժամանակ գեղանկարիչը մեկնեց Ֆրանսիա, ուր ապրեց մի քանի տարի: Հետագայում նրան ֆինանսապես սկսեց օգնել որդին, որ  արդեն նկարահանվում էր դրամարկղային ֆիլմերում: Դե Նիրո ավագը վախճանվել է 1993 թ., քաղցկեղից:

Շնորհանդեսի ժամանակ Ռոբերտ դե Նիրո կրտսերը պատմել է The Huffington Post-ին, որ ֆիլմը նկարել է հոր հիշատակին և կինոնկարում օգտագործել է փաստորեն բոլոր հասանելի տեսանյութերը նրա մասին: Այս ֆիլմով դե Նիրոն ցանկացել է իր վեց երեխաներին, որոնցից չորսը ծնվել են պապի մահվանից հետո, ծանոթացնել դե Նիրո ավագի կյանքին ու ստեղծագործությանը:

Ավելի վաղ դե Նիրոն նվիրել է հորը գեղարվեստական «Բրոնկսյան պատմություն» (1993) ֆիլմը երիտասարդ իտալացու մասին, որին իր հովանավորության տակ է առնում մաֆիոզին: Այդ կինոնկարը բարձր է գնահատվել քննադատների կողմից:
Դե Նիրոն պատմել է, որ հոր նկարներն օգտագործել է իր ֆիլմերում, դրանք մինչև հիմա կախված են իրեն պատկանող նյույորքյան ռեստորանում:
«Ես թույլտվություն խնդրեցի հորիցս կախել իր նկարները ռեստորանում, և ի զարմանս ինձ նա համաձայնեց: Նույնիսկ իր ձեռքով կախեց: Ես առաջարկեցի նրան հաճախակի այցելել, և նա շուտ-շուտ էր գալիս ընկերների հետ: Ես նրան  առաջարկեցի նաև ճաշացանկը կազմել, և նա արեց: Այդ ճաշացանկը կգործի ռեստորանում, քանի դեռ այն չի փակվի»,- ասել է դերասանը:

«Սանդենս» փառատոնում ֆիլմի ցուցադրությանը զուգահեռ բացվել է նաև դե Նիրո ավագի նկարների ցուցահանդեսը, իսկ լիակատար հետահայացը տեղի կունենա ավելի ուշ Նյու Յորքում:

http://www.youtube.com/watch?v=JCR324GhLpg

Աղբյուրը` Պոդրոբնոստի