Quantum jump (1)«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն» ընկերության մուլտիպլիկատոր Հայկ Սահակյանցի «Քվանտային թռիչք» («Quantum jump») կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է 2013 թ. մայիսին: 3D տեխնոլոգիական հնարավորություններով նկարահանված այս ֆիլմը կարճ ժամանակահատվածում ապահովել է փառատոնային հստակ ուղի, որը հաջողությամբ շարունակվում է 2014 թվականին: Օրեր առաջ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Չինաստանում անցկացվող Gold Panda Awards for Animation միջազգային մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն անիմացիոն կերպար» մրցանակին:
http://www.youtube.com/watch?v=MvrURgLe68U

Հայկ Սահակյանցը դժվարանում է պատասխանել, թե իր հերոսի հատկապես որ հատկանիշն է գրավել չինացիներին: «Շատերն էին նշում, որ ֆիլմի գլխավոր կերպարը շատ կենդանի էր և ծիծաղելի, իրականում ինձ համար դժվար է կարծիք հայտնել, քանի որ այս կերպարը նաև իմ երևակայության արդյունքն է»,- նշում է երիտասարդ մուլտիպլիկատորը:
Ընդամենը 7 րոպե տևողությամբ մուլտֆիլմը պատմում է Շաոլին վանքի երիտասարդ միաբանի մասին: Երիտասարդը, ավագ վարդապետների նման, երազում է տիրապետել մեդիտացիայի բոլոր կանոններին և բարձրանալ, մինչդեռ նրան վստահել են միայն հավաքարարի աշխատանքը: Մի օր միաբանը գաղտնի մտնում է մի սենյակ, ընդունում ջրաշուշանի դիրք, կենտրոնանում և փորձում բարձրանալ: Մի քանի անհաջող փորձից հետո մեծ աղմուկով ու դղրդյունով ամբողջ վանքը բարձրանում է օդ և կախվում կիրճից: Սահակյանցի հավաստմամբ` Quantum jump-ը չունի տարիքային սահմանափակում և կարող է գրավիչ լինել բոլորի համար:

2014 թվակնաին ֆիլմը հասցրել է ևս մեկ մրցանակ ստանալ: Համացանցում տարեսկզբին անցկացված կարճ ֆիլմերի` Internet Short film festival փառատոնում Quantum jump-ն արժանացել է դիպլոմի` զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, երաժշտական և ձայնային ձեւավորմանն աջակցել է ռուսաստանյան «Թունբոքս» ընկերությունը: Բյուջեն կազմել է մոտ 8 միլիոն դրամ:

Տ․Գ․