Դերասանուհի Մեգ Ռայանը մտադիր է նկարահանել Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»
Դերասանուհու ռեժիսորական դեբյուտը կոչվելու է «Իթակա»: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Նորաթուխ ռեժիսորը խաղալու է սեփական ֆիլմի դերերից մեկը, նրա խաղընկերներն են լինելու Սեմ Շեպարդը, Մելանի Գրիֆիթը և իր որդին` Ջեկ Քուեյդը, որ առավել հայտնի է «Քաղցած խաղեր» ֆիլմում խաղացած դերով: Կինոնկարի գործադիր պրոդյուսերը Թոմ Հենքսն է:
«Իթական» Վիլյամ Սարոյանի 1942 թ. գրած «Մարդկային կատակերգություն» վեպի էկրանավորումն է լինելու: Այս որոշչափով ինքնակենսագրական վեպը պատանի փոստատարի մասին է, որը ապրում է ամերիկյան փոքր Իթակա քաղաքում: Վեպի գործողությունները ծավալվում են երկրորդ համաշխարհայինի տարիներին: Հերոսի ավագ եղբայրը պատերազմ է գնում, իսկ ինքը մնում է տանը մոր, եղբոր ու քրոջ հետ և հոգ տանում ընտանիքի մասին:
Ուշագրավ է, որ 1943 թ. MGM կինոստուդիան գնել է Սարոյանից վեպն էկրանավորելու իրավունքը և դրա հիման վրա նկարահանել համանուն կինոնկարը, որում խաղում էին Միկկի Ռունին և Ֆրենկ Մորգանը: Կինոնկարն առաջադրվել է «Օսկար» մրցանակի հինգ անվանակարգերում, սակայն արձանիկը շահել է միայն «Լավագույն սցենար» անվանակարգում:
Մեգ Ռայանը կինոյի ոլորտում գործում է որպես դերասանուհի, կրկնօրինակման դերասանուհի և պրոդյուսեր: Նրա առավել հայտնի աշխատանքներից են «Թե ինչպես Հարրին հանդիպեց Սալլիին», «Հրեշտակների քաղաքը», «Նամակ ունեք», «Քեյթը և Լեոն» և ուրիշ ֆիլմերում խաղացած դերերը: 2011 թ. հայտարարվեց, որ Ռայանը կատակերգական դրամա է նկարահանում` «Into the Beautiful», սակայն ֆիլմն այդպես էլ արտադրության չդրվեց:
«Կինոաշխարհ»