Գլխավոր «Ոսկե արծիվը» նվաճեց «Լեգենդ № 17»-ը` որպես տարվա լավագույն ֆիլմ
Երեկ երեկոյան` հունվարի 29-ին, Մոսկվայում` «Մոսֆիլմ» կինոստուդիայում, տեղի ունեցավ «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Գլխավոր անվանակարգում` «Լավագույն ֆիլմ», «Ոսկե արծիվը» շնորհվեց հոկեիստ Վալերի Խառլամովի մասին Նիկոլայ Լեբեդևի «Լեգենդ № 17» կինոնկարը:
Մրցանակը ռեժիսորին հանձնեց քիչ առաջ տարվա պատվավոր հատուկ մրցանակը ստացած Մարկ Զախարովը: Գլխավոր դերերը ֆիլմում խաղացել են Դանիլա Կոզլովսկին և Օլեգ Մենշիկովը: Նրանք մրցանակ չստացան, սակայն «Արծիվ» շնորհվեց Վլադիմիր Մենշովին երկրորդ պլանի տղամարդու դերի համար:
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, բացի «Լեգենդ № 17»-ից, մրցանակի էին առաջադրված Ժորա Կրիժովնիկովի «Горько»-ն, Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը խմելու տվեց գլոբուսը», Գեորգի Դանելիայի «Կու Կին-ձա-ձա»-ն և Ֆեոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադը»:
Լավագույն սցենարի համար պարգևի արժանացան Նիկոլայ Կուլիկովը և Միխայիլ Մեստեցկին, որոնք նույն ֆիլմի սցենարիստներն են: Ռեժիսոր Վալերի Տոդորովսկին, հանձնելով մրցանակը, բոլոր կինեմատոգրաֆիստների անունից ներողություն խնդրեց սցենարիստներից, որոնց աշխատանքը միշտ չէ, որ ըստ արժանվույն է գնահատվում:
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում «Ոսկե արծիվը» ստացավ ռեժիսոր Ալեքսանդր Վելեդինսկին «Աշխարհագրագետը խմելու տվեց գլոբուսը» ֆիլմի համար: Հանձնելով մրցանակը` «Մոսֆիլմի» ղեկավար Կարեն Շահնազարովը ասաց, որ «ռեժիսորները հանդուգն գործ են անում` ստեղծում են իրենց աշխարհը»: Վելեդինսկին էլ ի պատասխան մեջբերեց իր գործընկերների խոսքը, որոնց կարծիքով ամենից կարևորը ռեժիսորների համար «առողջությունն է, առողջությունը և էլի առողջությունը»:
Ելենա Լյադովան և Կոնստանտին Խաբենսկին «Լավագույն կնոջ դեր» և «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգերում «Ոսկե արծիվ» ստացան «Աշխարհագրագետը խմելու տվեց գլոբուսը» ֆիլմում խաղացած դերի համար:
«Երկրորդ պլանի լավագույն կնոջ դեր» անվանակարգում հաղթեց Նինա Ուսատովան «Լեգենդ № 17»-ի դերի համար: Իսկ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատար ճանաչվեց Վլադիմիր Մենշովը` նույն կինոնկարում խաղացած դերի համար:
Տարվա լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց Սերգեյ Յաստրժեմբսկու «Աֆրիկա. արյուն և գեղեցկություն» ժապավենը:
Ռուսական վարձույթում ամենահաջողակ ֆիլմ ճանաչվեց արտասահմանյան «Ձգողականությունը», որը ներկայացված է «Օսկար» մրցանակի: Լավագույն անիմացիոն ֆիլմ հայտարարվեց «Սուս, տատիկը քնած է» կինոնկարը: Լավագույն երաժշտության համար մրցանակը շնորհվեց «Լեգենդ № 17»-ի կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևին: Իսկ օպերատոր Մաքսիմ Օսադչին դափնեկիր դարձավ «Ստալինգրադ» ֆիլմի համար:
«Լավագույն հեռուստասերիալ» (10 սերիայից ավելի) անվանակարգում հաղթանակ տարավ Սերգեյ Ուրսուլյակի «Կյանք և ճակատագիրը»: Հեռուստաֆիլմերի լավագույն դերասանուհի ճանաչվեց Պոլինա Ագուրեևան նույն` «Կյանք և ճակատագիրը» ֆիլմում խաղացած դերի համար: Լավագույն տղամարդու դերի մրցանակն էլ շնորհվեց Ագուրեևայի խաղընկեր Սերգեյ Մակովեցկուն:
Աղբյուրը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ
