img_6542225464_img_6135862368_6Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ. հավերժ վերադարձ» (սցենարի հեղինակներ` Հ. Խաչատրյան, Մ. Ստամբոլցյան) վավերագրական կինոնկարը ժամանակային-տարածական և բովանդակային մեծ ընդգրկում ունի: Դիտակետում մեկ հերոսի ճակատագիրն է` նրա փախուստը, ինքնավտարումը հայրենիքից ու ինքն իրենից և հավերժ սպասվող վերադարձը: Պատումն սկսվում է արդեն հեռավոր «բացախոսության» ժամանակներից, որ նախորդեցին խորհրդային տերության փլուզմանն ու մեր երկար սպասված անկախության գալստյանը, և շարունակվում մինչև մեր օրերը: Ավելի վաղ` 1989 թ. նկարահանված «Քամին ունայնության» ֆիլմում երգահան-բանաստեղծ Ռուբեն Հախվերդյանը և դերասան Գևորգ Աղեկյանը (Պլյուշ), նույն հեղինակների մտահղացմամբ, հայտնվել էին նախկին Խորհրդային Միության տարբեր վայրերում` Մոսկվայում, Տալլինում, հասել ընդհուպ մինչև Հեռավոր Արևելք ու Կամչատկա…  «Ունայնության քամին», այդպիսով, նրանց տանում է երկրից հեռացած մարդկանց հետքերով և շարունակ նույն հարցով` ի՞նչն է դրդել իրենց ծանոթ ու անծանոթ հայրենակիցներին լքել հայրենիքը:

Արդ, նրանցից մեկին առանձնացնելով ավելի քան երկու տասնամյակ առաջ նկարված ֆիլմից և հետամուտ լինելով նորից հանդիպել նրան արդեն մեր օրերում` Հարություն Խաչատրյանը վերաձևում, վերստեղծում է ուրույն վավերագրական պատում, որի սահմաններում տեղավորվում է հայրենիքից կտրված, հեռու ապրված ողջ մի կյանք:

Ո՞վ է այդ հերոսը, որ իրեն Հայկ է զգում, համենայն դեպս` այդպես է կոչում ինքն իրեն: Ազգի նահապետ, որ լքե՞լ է իր ժողովրդին: Նրան և հարյուրհազարավոր մեր հայրենակիցներին ինչո՞ւ են կանչում և գրավում անծայր, օտար եզերքները, ի՞նչն է ձգում կամ ստիպում փախչել: Մի՞թե միայն սոցիալական անլուծելի խնդիրները: Ի՞նչ նպատակ կամ առաքելություն են նրանք տեսնում այդքան հեռու, իր իսկ հերոսի խոսքերով ասած` «վախենալու չափ հեռու» գնալու մեջ: Տայգաներում իր ինքնությունը վերահաստատել փորձող այս հերոսին Ռուբեն Հախվերդյանը հարց է ուղղում. «Ինչի՞ ես եկել, ի՞նչ ես անում էստեղ…»: Այդ հարցը հռետորական հնչեղություն է ստանում ֆիլմում. իսկապես, ի՞նչ է անում հայը հեռավոր աքսորավայր սիբիրներում և այլուր, Սարոյան բեմադրում, Խորենացի կարդում, «Կռունկ» երգում… Ո՞ւմ համար: Անասելի խոչընդոտներ, դժվարություններ հաղթահարելով` այնտեղ կեցության իրավունք ձեռք բերում, սովորում որս անել, դիմագրավել բնության դաժան գրոհումներին, ծովի ու տունդրայի վտանգներին, «սովորում դրսում ապրել…»: Եվ այդ ամենն ինչի՞ համար, մի օր օտարության մեջ սպանվելու կամ անհետ, անսահման մենակ գոյությա՞ն համար: Թեև ֆիլմի հերոսն իր համար փիլիսոփայական հիմնավորումներ է փորձում գտնել, համարում է, որ մենակ չէ, այլ ապրում է ժամանակի հետ, պատմության հետ…

Խաչատրյանն իր ֆիլմերում հաճախ է օգտագործում Ավետ Տերտերյանի ստեղծագործությունները: Այս անգամ էլ հանճարեղ կոմպոզիտորի երաժշտության տիեզերական տագնապն ուժգնացնում է կադրերում «թպրտացող» տագնապը, երբ էկրանին տեսնում ենք մեծ ցանցերով բռնված անհամար ձկների վերջին ճիգերը, որոնք կարծես ուզում են անջատվել ձյան, սառույցի վրա մեռնող հսկայական կույտից:

1988-ի երկրաշարժ, դրան հաջորդած ահռելի ժամանակահատված, նոր սկիզբ առած դարաշրջան: Այնինչ ժամանակը ֆիլմում ասես կանգ է առել: Հերոսի համար այն կանգնած է: Նա ասես չի զգում, որ կյանքը սպրդում է իր իսկ ձեռքերից, որ ծերացել է, դարձել ծանրաշարժ: Սակայն կրթությամբ լինելով ռեժիսոր` նա գիտակցում է, որ «անիմաստ կլինի այդպիսի ֆինալը, պետք է վերադառնալ»: Նա դեռ հույս ունի, որ իրենից հեռու մեծացած երեխաներին հայրություն կանի ապագայում, նաև մի օր կվերադառնա իր հայրենի գյուղ, ուր իրեն սպասում են «պապական տները», և դրսում աշխատած գումարներով կվերականգնի խոնարհված վանքը… Անվերջ փախուստ` վերադարձի հույսով: Իսկ էկրանին Մոսկվայի հայկական եկեղեցին է, այնուհետև` գերեզմանատունը, որտեղ հանգրվանել են դեռևս նախանցյալ դարում ծնված և անցյալ դարի դաժան 30-ականներին զոհ գնացած ու շատ ուրիշ, այդ թվում` մեզ մոտ ժամանակներում աշխարհ եկած և, ավաղ, անժամանակ կյանքից հեռացած մեր հայրենակիցները…

Այս և շատ ուրիշ կադրեր ամփոփում են մի շարք կենտրոնախույս հարցականներ, որ պատմության ընթացքում շարունակ ծառանում են մեր առջև: Առհասարակ ֆիլմի պատկերաշարը, հերոսին զուգահեռ, խոսում է վավերագրական կինոյին հատուկ ուժով և ինչ-որ չափով պատասխան տալիս բազում անպատասխան հարցերի, որոնք անտառի մոտ, ճամփեզրին կայծկլտացող մոխրի նման, այդուհանդերձ, շարունակում են մխալ նույնիսկ այն ժամանակ, երբ հերոսը հեռանալուց առաջ ձյուն է լցնում վրան…

Սիրանույշ ԳԱԼՍՏՅԱՆ