Մոսկվայում ավարտվեց «Արտդոկֆեստ» վավերագրական կինոյի փառատոնը: Ինն օրվա ընթացքում «Խուդոժեստվեննի» կինոթատրոնի բոլոր հինգ դահլիճներում առավոտից երեկո ցուցադրում էին բնավ էլ ոչ դյուրընկալելի կինո, որ հանդիսատեսից ներքին լուրջ աշխատանք է պահանջում: Եվ դալիճները միշտ լեփ-լեցուն էին:Առհասարակ մեր ժամանակներում տնից դուրս գալ և գնալ ինչ-որ տեղ կինո նայելու, այն էլ փողով, իմ կարծիքով, խիզախության հավասար բան է: Եվ ես ակամա հարց եմ տալիս` ինչո՞ւ: Ի՞նչն է նման հետաքրքրության պատճառը:

Կարծում եմ` մտածող ու վերլուծող մարդու համար չափազանց կարևոր է կյանքի հավասարակշռության դիտարկումը` հույզերի, զգացողությունների, տեղեկատվության: Հնարավոր չէ գոյություն ունենալ միայն գույների տարածությունում, թեկուզ` հաճելի վարդագույնի… Ինքզինքը հայելու մեջ նայելու, կողքից տեսնելու հնարավորություն,  ասենք`իր մեջ ինչ-որ բան շտկելու, օրինակ` այտից կեղտը մաքրելու համար, պետք է ունենա թեʹ մարդը, թեʹ հասարակությունը:

Վավերագրական կինոն հենց այդ հայելին է, որին նայելիս հնարավորություն ենք ունենում ինչ-որ բան մեր մեջ ուղղելու, կնշանակի` դեպի լավը փոխվելու:

Վավերագրական կինոն  մեր դժվարին կյանքի մասին է: Եվ զարմանալին այն չէ, որ այս տարի գլխավոր անվանակարգերում հաղթեցին երիտասարդ ռեժիսորները, այլ այն, որ փառատոնի բոլոր չորս մրցանակները (գլխավոր մրցանակ, լավագույն լիամետրաժ ֆիլմ, հատուկ մրցանակ և ժյուրիի հիշատակում) ստացան աղջիկները: Ժյուրիի հիշատակումը ստացավ Մադինա Մուստաֆինան (Մարինա Ռազբեժկինայի արվեստանոց), որ ընդամենը 20 տարեկան է: Մադինան  շատ համարձակ ու  դաժան ֆիլմ է նկարել երիտասարդ տղայի մասին, որն իր սեռը փոխելու որոշում է կայացրել: Եվ Պավել Լունգինը, հանձնելով նրան դիպլոմը, առանց սեթևեթանքի, խնդրեց նրա աշակերտը դառնալ` ասելով, որ ամբողջ կյանքն ապրելով կինոյում` չի հասկանում, թե ինչպես կարելի է ֆիլմ նկարել մարդկանց իրական կյանքն այդ աստիճան թափանցելով:

Գլխավոր մրցանակը ստացավ Ալինա Ռուդնիցկայի` մեր վավերագրական կինոյի ամենավառ ռեժիսորներից մեկի «Արյունը»: Սա պատմություն է դոնորական արյուն հավաքող շարժական կայանի մասին: Ճամփորդելով բուժաշխատողների հետ` ֆիլմի հեղինակն ըստ էության այդ առօրեական պատմությունը  վերածում է կինեմատոգրաֆիական էպոսի այն մարդկանց մասին, որոնք պատրաստ են անգամ կես գնով հանձնելու և հանձնելու սեփական արյունը, չէ՞ որ ընտանիքով ապրում են այդ փողի հաշվին:

Լավագույն լիամետրաժ ֆիլմի համար մրցանակը և հատուկ մրցանակն այս անգամ բաժին հասան երկու մոսկվացի աղջիկների: Դարյա Խլյոստկինան իր «Վերջին լիմուզինը»  նվիրել է Լիխաչովի անվան ավտոգործարանին` արդյունաբերական Մոսկվայի երբեմնի խորհրդանիշին: Մի ժամանակ հենց ԶԻԼ-ում են ստեղծել լեգենդար լիմուզինները, որոնցով շքերթ էին ընդնում Կարմիր հրապարակում… Եվ ահա տարիներ անց ԶԻԼ-ի մասին կրկին հիշել են և պատվիրել  երեք պատմական լիմուզին… Իմիջիայլոց, ցուցադրությանը եկել էին գործարանի այն 40 աշխատակիցները` ֆիլմի հերոսները, և պետք էր տեսնել, թե ինչպես են ծափահարում վերջին կադրերի ժամանակ, երբ լիմուզինն առույգ երաժշտության տակ սլանում է Մոսկվայի փողոցներով: Չնայած այն հանգամանքին, որ պատվերը վերջին պահին չեղյալ են համարել:

Վերջապես, հատուկ մրցանակը ստացավ երիտասարդ մոսկվացի Իննա Լեսինայի «Մորֆոլոգիա» կինոնկարը` լուսավոր, լավատեսական ժապավեն, կարելի է ասել` վավերագրական կատակերգություն,` նվիրված շատ դրական մարդու, որ սիրահարված է իր աշխատանքին: Եվ, ի դեպ, նա պատալոգոանատոմ է: Ամբողջ գործողությունը տեղի է ունենում դիարանում: Բայց հավատացեք` չկար մի պահ, որ մարդիկ տխրեին կամ մտածեին մահվան մասին` նայելով այդ ֆիլմը:

Հավանաբար դա երիտասարդության կախարդական բնույթն է:

… Եվ այնուամենայնիվ, չնայած նման ակնբախ ստեղծագործական հայտնություններին, չեմ կարող չմտածել այն լուրջ ճգնաժամի մասին, որում հայտնվել է այսօր մեր վավերագրական կինոն:  Կինոն չի կարող ապրել առանց հանդիսատեսի: Մինչդեռ  փառատոներից դուրս վավերագրական կինոն ավելի ու ավելի անմատչելի է դառնում: Այո, բարեբախտաբար Մոսկվայում երևան է եկել Վավերագրական կինոյի կենտրոնը, որոշ ֆիլմեր կարելի է այնտեղ տեսնել: Բայց ընդանուր առմամբ կարող եմ ասել, որ դոկֆեստի պատմության մեջ, հազվադեպ բացառությամբ, դաշնային խոշոր ալիքներով չի ցուցադրվել և ոչ մի մրցութային կինոնկար, ինչը, իմ համոզմամբ, նորմալ չէ և ճիշտ չէ:

Վիտալի Մանսկին ռուս վավերագրող ռեժիսոր է, պրոդյուսեր, «Արտդոկֆեստ» փառատոնի և ոչ խաղարկային կինոյի բնագավառում «Դափնու ճյուղ» ազգային մրցանակաբաշխության նախագահը: Նա ավելի քան 50 մրցանակների է արժանացել Ռուսաստանում և արտասահմանում: 1995-ից զբաղվում է հեռուստատեսությամբ վավերագրական կինոյի տարածմամբ:

Մանրամասն տեʹս vmdaily.ru