Մեր իրականության մեջ հազվագյուտ է մտավորականի վեհ ու զտարյուն տեսակը: Մեր ժամանակների ու սերնդի դժբախտություններից մեկն էլ դա է: Կեցվածքով ու պահվածքով, խոսքի կուլտուրայով, ինտելեկտուալ պաշարով, անգամ հագուկապով է առանձնանում անխառն մտավորականը, որն իր հոգևոր, մտավոր ու մարդկային հատկանիշներով ազգի սերուցքի կշռաքարն է:

Մեր կողքին, մեր քաղաքում է ապրում գրող, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ, գրականագետ, գրաքննադատ, մշակույթի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Թոփչյանը: Նրան հազվադեպ կարելի է տեսնել հանդիսավոր արարողությունների, մշակութային միջոցառումների ժամանակ: Մեկ էլ գեղեցկուհի տիկնոջ` Անահիտ Թոփչյանի հետ կհայտնվի ամենահամեստ մի ցերեկույթում, կկանգնի աչքից հեռու մի տեղ:

image2005-ին Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպը գրական հանրության շրջանում  մեծ արձագանք առաջացրեց. Ռուբեն Սևակի կյանքին ու ողբերգական վախճանին նվիրված գեղարվեստական առաջին  ստեղծագործություններից մեկն  էր լույս տեսել: Ստվարածավալ գիրքը միաժամանակ լուրջ ուսումնասիրություն էր, որը, սակայն, մեր գրական որոշ այրեր անվերապահորեն չընդունեցին: Իսկ Սփյուռքից հնչել է 40  հիացական կարծիք: 3 տարի հետո լույս տեսավ արձակագրի հաջորդ վեպը թուրքական բանկի անհաջող կողոպուտը ծրագրած հայ երիտասարդների մասին` «Բանկ Օտոմանը»:

Ալեքսանդր Թոփչյանը 70-ից ավելի թարգմանությունների հեղինակ է. ֆրանսագիր դասականներին ու ժամանակակից գրողներին թարգմանաբար ներկայացնում է հայ ընթերցողին, իսկ հայ գրական մշակույթը դնում եվրոպացիների սեղանին:

Ստեղծագործական ոլորտներից մեկն էլ հայ կինոյին է պատկանում: Եթե հանգամանքները մի քիչ այլ կերպ դասավորվեին, բացառված չէ, որ անվանի կինոգործիչ դառնար: Համենայն դեպս, նրա հայրը որդուն հենց նման մասնագիտություն է ցանկացել:

Ձեր մուտքը հայ կինո: Սկսենք սկզբից` պարզելու, թե որ նժարն էր ավելի ծանր, գրականությա՞ն, թե՞ կինոյի:

– 1956 թվականի ամառն էր. դպրոցը նոր էի ավարտել, ուզում էի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետն ընդունվել: Հայրս կտրականապես դեմ էր: «Ավելի լավ է` ՎԳԻԿ ընդունվես. ես կօգնեմ քեզ այդ հարցում»,- ասաց: Նամակ գրեց կինոռեժիսոր Եֆիմ Ձիգանին: Նա էլ պատասխանեց, որ կուրս է հավաքելու ու շատ ուրախ կլինի, եթե ես էլ իր սանը դառնամ, միայն թե քննություններս հաջող հանձնեմ: Ես ահագին բան գիտեի կինոյի մասին, բավականին գրականություն էի կարդացել, նաև Էյզենշտեյնի գրքերը: Բայց կարգն այսպես էր.  ՎԳԻԿ-ում սովորելու համար «Հայֆիլմը» պետք է ուղեգիր տար, որը երաշխավորագրի նշանակություն ուներ: 17 տարեկան էի. ստեղծագործություն էի գրել ու մշակել, սցենար դարձրել: ՙՀայֆիլմի՚ ղեկավարներն ու ռեժիսորները զրուցեցին հետս: Տպավորությունը դրական էր. ամեն ինչից երևում էր, որ երաշխավորագիրը կտան: Սակայն երեկոյան հորս զանգեց «Հայֆիլմի» տնօրենը և ասաց, որ ՎԳԻԿ ընդունվելու համար առնվազն 1 տարվա ստաժ է պետք, ինձ կմերժեն այնտեղ ու չեն ընդունի ինստիտուտ:

Ներսես Հովհաննիսյանին, Արա Վահունուն և ինձ հրամանագրով ընդունեցին «Հայֆիլմ»` աշխատանքի: Այդ ժամանակ Արտաշես Հայ-Արտյանը նկարահանում էր «Հյուսիսային ծիածան» ֆիլմը: Երեք նոր ընդունվածներիս տարբեր հանձնարարություններ տվեցին:  Հիշում եմ` տաղավարային նկարահանում էր: Ընդմիջմանը Հրաչյա Ներսիսյանը կանգնած էր Ներսես Աշտարակեցու սքեմով ու վեղարով: Հայ-Արտյանն ինձ իր մոտ կանչեց ու ասաց. «Ճանաչո±ւմ ես այն մարդուն»: Այո, իհարկե` պատասխանեցի: «Կհետևես նրան ու հենց որ խմի, ինձ կտեղեկացնես»,- շարունակեց:

Ապշած էի, տարակուսած: Ես էլ գիտեի` կարգին գործ պիտի անեմ «Հայֆիլմում». դու մի ասա` ոստիկանի դեր եմ կատարելու: Հո չէի ասի` չեմ անելու: Հայ-Արտյանի գնալուց հետո Հրաչյա Ներսիսյանն ինձ իր մոտ կանչեց: Ընդհանրապես նա արևմտահայերեն էր խոսում.

– Տղաս, հոս եկուր:

Մոտեցա:

– Ի՞նչ ըսավ քեզի Հայ-Արտյանը:

Չգիտեի` ինչ պատասխանեմ, անհարմար վիճակի մեջ էի:

– Ասաց, որ պիտի չխմեք:

– Ճիշտ կըսե, աղեկ կըսե,- ասաց ու գրպանից 25 ռուբլիանոց հանեց ու ինձ մեկնեց,- «Արարատ» սրճարան կերթաս, բուֆետչիկ Հովսեփին կըսես, թող ուտելու բան տա, անոթի եմ:

Գնացի, գտա Հովսեփին, ինչ որ պետք էր, ասացի: Նա ուտելիքը փաթաթեց, մի փոքրիկ շիշ էլ օղի կողքը դրեց ու տվեց ինձ: Բերեցի-հանձնեցի Հրաչյա Ներսիսյանին: Փաթեթը դրեց հակահրդեհային վահանակի հետևում, կարճ ժամանակ հետո եկավ-տարավ:

Շուտով Հրաչյա Ներսիսյանը նորից երևաց: Հայ-Արտյանը, նրան տեսնելով, հոտ քաշեց ու ասաց.

– Հրաչ, դե լավ, էլի: Էլի խմել ե՞ս:

Հետո դարձավ ինձ.

– Բա դու չտեսա՞ր, որ խմում է:

– Չէ, չեմ տեսել,- պատասխանեցի:

Հո չէի ասելու` հա, տեսել եմ, օղին էլ ես եմ իմ ձեռքով բերել-տվել իրեն:

Այս պատմությունից հետո եկա տուն, հորս ասացի` էլ չեմ գնալու «Հայֆիլմ»:

– Կինոն հենց սկզբից Ձեր սրտով չէր, ու կարծեք հանգամանքներն էլ Ձեր ուզածով էին դասավորվում:

– Ես այլ կերպ էի պատկերացնում կինոարտադրությունը` ստեղծագործական անհատական մոտեցմամբ: Մի խոսքով` կինոն ինձ բացարձակապես չհետաքրքրեց: Ընդունվեցի համալսարանի բանասիրական ֆակուլտետ. ավարտելուց հետո անցա ժուռնալիստիկայի: Աշխատեցի թերթերում, «Պիոներ կանչում», որ բավականին լուրջ ստեղծագործական աշխատանք էր ծավալում, նոր տաղանդներ բացահայտում: Հետո երկուսուկես տարի` 1964-66 թթ., նորից աշխատանքի անցա «Հայֆիլմում». խմբագիր էի: Այդ տարիներին նկարահանվեց Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը, Փարաջանովի հետ ծանոթացա: Առնոլդ Աղաբաբովը նկարահանում էր «Գառնի» կարճամետրաժ ֆիլմը: Ինձ իր մոտ կանչեց: Գնացի. մի աղջիկ էր կողքին նստած: Հայ-Արտյանի «Լալվարի որսկանը» ֆիլմից գիտեի, կադրերում տեսել էի, Անահիտն էր: Իսկ նա ինձ առաջին անգամ էր տեսնում: Աղաբաբովն ասաց. «Ահա և քո ապագա կինը»:

250px-Aleksandr_ev_Anahit_TopchyanԵրկուսս էլ անհարմար վիճակում հայտնվեցինք: Ես ուղղակի փախա Աղաբաբովի սենյակից: Հետո զանգեցի նրան ու հարցրի` ինչու այդպես ասաց: Նա էլ թե` «Ի՞նչ է, Անահիտից ավելի՞ լավ աղջիկ ես գտնելու»: Այդպես էլ եղավ. ես ու Անահիտն ամուսնացանք:

Փաստորեն, կինոն ճակատագրական դեր է ունեցել Ձեզ համար. գտել եք Ձեր անձնական երջանկությունը: Բայց, միևնույն էերկար չմնացիք «Հայֆիլմում»:

– Վարդգես Պետրոսյանն ինձ կանչեց «Գարունում» աշխատելու: «Գրական-մշակութային բաժինը վերցրու, ինչ ուզում ես` արա»,- ասաց: Փաստորեն, լիովին վստահում էր: Սիրով համաձայնեցի, թեև «Հայֆիլմում» բավականին բարձր էր աշխատավարձս, իսկ «Գարունում» դրա կեսն էի ստանալու: Չեմ փոշմանել, որովհետև այդ ամսագիրը ստեղծագործական վերելք եղավ ոչ միայն ինձ, այլև շատ-շատերի համար:  Թող ներվի իմ անհամեստությունը, բայց այնտեղ ես մի ամբողջ գրական սերունդ եմ պատրաստել: Գեղագիտություն, ազատ միտք ու խոսք, գրական շատ կարևոր հարցեր. այդ տարիներին ուրիշ ոչ մի թերթ նման հնարավորություն չէր տալիս: Չմոռանանք նաև այդ շրջանի թատրոնը, որ բարձրակարգ հանդիսատես տվեց:  Իդեալ ունեցող հասարակություն էր կրթվում, իսկ իդեալն արվեստում էր: Եթե այն չլինի, արվեստը կվերածվի պարզունակ մի բանի: Այդ տարիների ևʹ թատրոնը, ևʹ «Գարունը», լավ իմաստով, սադրիչ դեր էին կատարում. մարդուն  ստիպում էին մտածել, քաշում վեր, կրքեր բորբոքում: Ես հայաստանցիներին ծանոթացրի սփյուռքահայ գրող Զահրատի հետ, որին շատերն այստեղ սվիններով ընդունեցին: Վահագն Դավթյանը «Հայրենիքի ձայն» պարբերականի խմբագիրն էր. քաղաքական քննադատության ենթարկեց Զահրատին:  Գրողների համագումարում ելույթ ունեցա` ի պաշտպանություն սփյուռքահայ գրողի և երիտասարդ բանաստեղծների: «Քրոնոսի նման խժռում եք ձեր զավակներին, որպեսզի երկարացնեք ձեր իշխանությունը»,- ասացի ամբիոնից: Կարեն Դեմիրճյանը հավանել էր ելույթս, հատկապես այդ համեմատությունը:

– Դուք երրորդ անգամ էլ եք բացել «Հայֆիլմի» դուռը, այս անգամ` ներսում մնացել ավելի երկար:

– 10 տարի աշխատեցի «Գարունում»: 1975-ին Գևորգ Հայրյանը հրավիրեց «Հայֆիլմ»` գլխավոր խմբագիր աշխատելու: «Գարունում» իշխանափոխություն էր եղել, էլ չէի ուզում մնալ այնտեղ: Գնացի  «Հայֆիլմ»:

Պարզվեց` աշխատողները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել: Սցենար չկար, որ ֆիլմ նկարահանեին, արտադրությունը գործի դրվեր ու ֆինանսավորվեր: Սենյակում մի պահարան լիքը սցենարներ կային` բոլորը մերժված, խոտան: Գրել էին, ուղարկել Մոսկվա, անորակ լինելու պատճառով չէին հաստատվել և հետ էին ուղարկվել: «Վեց ամիս հետո ես առնվազն երեք սցենար կդնեմ սեղանին»,- վստահ ասացի, և չանցած 4-5 ամիս` մի քանի սցենար  մտավ արտադրություն, մարդիկ սկսեցին աշխատավարձ ստանալ, ամեն ինչ հունի մեջ ընկավ: Ավելին` իմ ժամանակ կինոստուդիան աշխատում էր պահեստավորված սցենարների պաշարով: Կլոր տարին նկարահանումներ էին ընթանում, որովհետև անընդհատ աշխատելու նյութ կար, հումքն ապահովված էր: Սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամներին կտրականապես արգելել էի սցենար գրել ու հանձնել նկարահանման: Թույլ չէի տալիս, որ որևէ մեկը չարաշահի պաշտոնեական դիրքը, օգտվի ընձեռված հնարավորությունից: Պրոֆեսիոնալ սցենարիստներ կային, թող նրանք աշխատեին, որպեսզի ամեն մարդ իր գործով զբաղվեր: Նայեք «Հայֆիլմի» ֆիլմոգրաֆիան. 1975-85 թթ. նկարահանված բոլոր ֆիլմերի սցենարները ես եմ ընդունել, պատրաստել ու հաստատել: «Երկունքը», «Կյանքի լավագույն կեսը», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը»,  Ներսես Հովհաննիսյանի բոլոր ֆիլմերն իմ ժամանակ են նկարահանվել, բացառությամբ  «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարի, որով չէի ասի, թե հիացած եմ: Նաև Արման Մանարյանի, Բագրատ Հովհաննիսյանի, Յուրի Երզնկյանի, Կարեն Գևորգյանի, Հենրիկ Մարգարյանի, Էռնեստ Մարտիրոսյանի ֆիլմերը: Ի դեպ, «Ատամնաբույժն արևելյան»-ի գաղափարն էլ է իմը: Տարեկան 4-5 ֆիլմ էր մտնում արտադրություն, նաև հեռուստատեսային 6-7 նախագծեր էին նկարահանվում, միասին 10 միավոր էին կազմում: «Հայֆիլմն» աշխատում էր ծանրաբեռնված, բնականաբար ավելի շատ գումար էր մտնում կինոստուդիա: Այդ տարիներին ծաղկում ապրեց նաև հայկական մուլտիպլիկացիան: Տեսա, թե ինչ տաղանդավոր մուլտիպլիկատոր է Ռոբերտ Սահակյանը, որ նոր էր մտել այդ ասպարեզ, ու նրան ստեղծագործելու բացարձակ ազատություն տրվեց:

Ի՞նչ սկզբունքներ ու չափանիշներ էիք մշակել սցենարներն ընտրելիս:

– Ես սկզբունքորեն շեշտը դնում էի մեր գրական ներուժի վրա: 50-ից ավելի ժամանակակից գրողների հետ էի աշխատում, դրսից էլ էին սցենարներ լինում, բայց ֆիլմերի հումքը 90 տոկոսով մեր գրողների ստեղծագործություններն էին: Ձգտում էի երիտասարդներին էլ ասպարեզ տրամադրել, որ աշխատեն, ինքնադրսևորվեն: Վիգեն Չալդրանյանը, Սուրեն Բաբայանը իմ ժամանակ մտան կինո:  Նրանց ուժերին ծանոթանալու համար կարճամետրաժ ֆիլմերի հնարավորություն էինք տալիս: Անհամեստություն չլինի` ես գոհ եմ այդ տարիների իմ աշխատանքից: Կինոյում չգրված օրենք կա` եթե 4 սցենարից 1-ը լավ է ստացվել, ուրեմն լավ ես աշխատել: Իսկ եթե 4-ից 3-ը Մոսկվան չի մերժել, ուրեմն գերազանց ես աշխատել: Ես չեմ հիշում մի սցենար, որ իմ աշխատած տարիներին Մոսկվան մերժած լինի:

Հարցազրույցը` Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ

Շարունակելի