Քննադատները Էմմա Թոմսոնին պարգևատրեցին «Մերի Փոփինսի» հեղինակի դերի համար
Բրիտանացի դերասանուհի Էմմա Թոմսոնն արժանացել է ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի (National Board of Review of Motion Pictures) մրցանակին որպես 2013 թ. լավագույն դերասանուհի: Այդ մասին հաղորդում է կազմակերպության կայքը: Դերասանուհին մրցանակը ստացել է գրող Պամելա Թրևերսի մասին պատմող «Փրկել միստր Բենքսին» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար:
Էմմա Թոմսոնն առաջին անգամ չէ, որ արժանանում է NBR-ի մրցանակին: Կինոքննադատների խորհուրդը նրան լավագույն դերսանուհի է ճանաչել 1992 թ. («Հաուարդ-Էնդ կալվածքը») և 1995 թ. («Քերինգթոն», «Բանականություն և զգացմունքներ»):
2013 թ. լավագույն դերասան է ճանաչվել Բրյուս Դերնը, որ նկարահանվել է «Նեբրասկա» ֆիլմում: Կինոքննադատները լավագույն ռեժիսոր են ճանաչել Սփայք Ջոնսին «Նա» ֆիլմի համար: Նույն ֆիլմը համարել են տարվա լավագույնը:
Լավագույն սցենարի համար մրցանակները շնորհվել են Իթան և Ջոել Քոեններին «Լյուին Դևիսի ներսում» ֆիլմի աշխատանքի համար: «Տարվա հայտնություն» են համարվել դերասաններ Մայքլ Բ. Ջորդանը («Ֆրութվեյն» կայարան») և Ադել Էկզարկոպուլոսը («Ադելի կյանքը»): «Spotlight Award» անվանակարգով գնահատվել է Մարտին Սկորսեզեի և Լեոնարդո դի Կապրիոյի համագործակցությունը «Ուոլ սթրիթի գայլը» կինոնկարում:
Կինոքննադատների խորհուրդը ներկայացրել է նաև 2013 թ. 10 լավագույն կինոնկարների ցուցակը, որում ընդգրկվել են «Ստրկության 12 տարի», «Գրավիտացիա», «Լյուին Դևիսի ներսում», «Փրկել միստր Բենքսին», «Ուոլ սթրիթի գայլը», «Նեբրասկա» և այլ ֆիլմեր:
54-ամյա դերասանուհի, սցենարիստ և պրոդյուսեր Էմմա Թոմսոնը «Օսկարի» կրկնակի մրցանակակիր է («Հաուարդ-Էնդ կալվածքը» (1993) ֆիլմում խաղացած դերի համար և «Բանականություն և զգացմունքներ» (1996) կինոնկարի սցենարի համար): Թոմսոնը բազմիցս արժանացել է նաև այնպիսի մրցանակների, ինչպիսիք են «Ոսկե գլոբուսը», «Էմմին», դերասանների գիլդիաների մրցանակները, ինչպես նաև Բրիտանիայի և Եվրոպայի կինոակադեմիաների մրցանակները: «Փրկել միստր Բենքսին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թ. հոկտեմբերին:
Կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակը շնորհվում է ամեն տարի 1930 թ. ի վեր: Սկզբում ընտրվում էին միայն լավագույն ֆիլմերը` նկարահանված ԱՄՆ-ում և արտասահմանում, սակայն ժամանակի հետ անվանակարգերի ցուցակն ընդլայնվել է մինչև 19: 1909 թ. Նյու Յորքում հիմնադրված խորհրդի կազմում կինոյի պատմաբաններ են, պրոֆիլային ուսումնական հաստատությունների ուսանողներ և դասախոսներ: Այս խորհրդի որոշմամբ տարբեր տարիների լավագույն դերասաններ են համարվել Լոուրենս Օլիվյեն, Ռոբերտ դե Նիրոն, Գրեյս Քելլին, Ինգրիդ Բերգմանը, Ռասել Քրոուն, Նիկոլաս Քեյջը, Միշել Պֆայֆերը և ուրիշներ: