Ուկրաինական կինոն ավելի շուտ կմտնի Եվրամիություն, քան երկիրը
Պետկինոն սկսել է Կինոյի աջակցության եվրոպական հիմնադրամ` Eurimages մտնելու ընթացակարգը: Այդ մասին «Կոմենտարիաներին» հայտնել են Կինոյի հարցերի պետական գործակալությունում:
Ըստ այդ գերատեսչության ներկայացուցիչների տված տեղեկությունների` Ուկրաինայի և Eurimages-ի պայմանագիրը ստորագրվելու է 2014 թ. հոկտեմբերին, իսկ 2015 թ. հունվարին արդեն երկիրն այդ հիմնադրամի լիիրավ անդամ կդառնա:
Մինչ այս Պետկինոն և Ուկրաինական կինոընկերակցությունը բանակցություններ են վարել Eurimages-ի հետ, որոնց արդյունքն այդ կազմակերպություն Ուրաինայի ընդունվելու գործընթացի նախաձեռնությունն է: Իսկ օրերս ուկրաինական գերատեսչությունները ստացել են հիմնադրամի քարտուղարության պաշտոնական պատասխանն այն մասին, որ Eurimages-ը սկսում է Ուրաինայի անդամագրվելու ընթացակարգը:
Պետկինոյի ղեկավար Եկատերինա Կոպիլովայի խոսքով` Կինոյի աջակցության եվրոպական հիմնադրամ Ուկրաինայի ընդունվելու անհրաժեշտության մասին խոսակցությունները շարունակվում են ավելի քան երկու տասնամյակ: Սակայն հավակնորդ երկիրը Eurimages մտնելու իրական հնարավորություն կունենա այն ժամանակ, երբ կկարողանա ներկայացնել կինոարդյունաբերության տեսանկյունից որակյալ նախագծեր, ինչպես նաև կինոբարեփոխումների առանձին ուղղություններ:
«Վերջապես այսօր` կինոոլորտի երկամյա բարեփոխումներից հետո, Ուկրաինան պատրաստ է համագործակցելու եվրոպական գործընկերների հետ` ստեղծելու համատեղ արտադրության ֆիլմեր: Հատկապես կինոնախագծերի որակն է հնարավորություն տալիս մեզ դիմելու Eurimages-ին, իսկ ապագայում հավակնելու օգնության այն կինոբարեփոխումների առանձին ուղղությունների իրականացման հարցում, որոնք ներկայումս կատարվում են Ուկրաինայում»,- ասել է Կոպիլովան:
Ուկրաինական կինոընկերակցության տնօրեն Իգոր Սավիչենկոյի խոսքով` ուկրաինացի պրոդյուսերները վաղուց են երազում, պետականից բացի, ֆինանսավորման այլ աղբյուրի մասին, իսկ Eurimages-ը տալիս է նման հնարավորություն:
«Եվրոպական հիմնադրամի աջակցությունը սոսկ ֆինանսական մասնակցություն չէ, դա որակի նշան է և երաշխիք, որ ֆիլմը հետաքրքիր կլինի եվրոպական դիստրիբյուտորների համար: Կարևոր է նաև այն, որ Eurimages-ի ֆինանսական աջակցության դեպքում ունեցվածքի իրավունքները մնում են պրոդյուսերին»,- ասել է Սավիչենկոն:
Նա նշել է նաև, որ ներկա պահին ավարտվել է նախապատրաստական փուլը, և ստացվել են բոլոր անհրաժեշտ խորհրդատվությունները երկու կողմից:
«Ընդունվելու ընթացակարգը բավական տևական է: Սկզբում մենք պետք է հաշվետվություն պատրաստենք Ուկրաինայի կինոյի վիճակի մասին, որը այնուհետև քննարկելու է Eurimages-ի հանձնաժողովը»,- ասել է պրոդյուսերը:
Սավիչենկոն ընդգծել է նաև, որ Eurimages ընդունվելուց հետո Ուկրաինան ֆիլմերի ֆինանսավորման, դիստրիբուցիայի և կինոթատրոնների ցանցի զարգացման հնարավորություն կունենա:
Eurimages-ը (Եվրոպայի խորհրդին առընթեր Կինոյի աջակցության եվրոպական հիմնադրամ) հիմնադրվել է 1989 թ.: Նրա կազմում ԵԽ-ի անդամ երկրներից 36-ն են: Eurimages-ը ֆինանսավորում է լիամետրաժ, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր, որոնք նկարահանվում են Եվրոպայում կամ վեր են հանում Եվրոպայի մշակութային բազմազանությունը: Հիմնադրամի ամենամյա բյուջեն 25 մլն եվրո է: Այդ ֆինանսական փաթեթը ձևավորվում է անդամ երկրների անդամավճարներից, ինչպես նաև հիմնադրամի գործունեությունից ստացված հասույթից: Eurimages-ն օժանդակում է համատեղ արտադրություններին, կինովարձույթին, կինոցուցադրություններին և կինոթատրոնների թվանշայնացմանը:
2012 թ. հիմնադրամն օժանադակել է 68 եվրոպական ֆիլմերի, ներառյալ` Լարս ֆոն Թրիերի «Հեշտամոլ կինը», Միշել Գոնդրիի «Օրերի փրփուրը» և Պաոլո Սորրենտինոյի «Apparato Umano» կինոնկարները: 2011 թ. Eurimages են ընդունվել Վրաստանը և Ռուսաստանը:
Աղբյուրը` novosti-n.mk.ua