Нуне Манукян 12013 թ. նոյեմբերի 1-5-ը Երևանում արդեն 9-րդ անգամ անցկացվեց մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնը: Այս սիրված կինոտոնը իրականություն է դառնում մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական «Ռոլան Բիկով» հիմնադրամի շնորհիվ: «Կինոաշխարհը» փառատոնից հետո հանդիպեց հիմնադրամի նախագահ և փառատոնի հիմնադիր տնօրեն Նունե  Մանուկյանի հետ` խոսելու հիմնադրամի գործունեության, կինոփառատոնի նպատակների ու հաջողությունների մասին:

Logo 3– Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական «Ռոլան Բիկով» հիմնադրամը երեխաների և պատանիների հետ ստեղծագործական, կրթական ու նաև սոցիալական ուղղվածության աշխատանքի մեծ փորձ ունի: Նշեմ, որ անցած տարիների ընթացքում հիմնադրամը հասցրել է բազմաթիվ ծրագրեր իրականացնել ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, ու նաև UNISEF-ի, USAID-ի աջակցությամբ և ֆինանսավորմամբ:

Հիմնադրամը, ի թիվս այլ ծրագրերի, հանդիսանում է նաև մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչը, որն իր տեսակի մեջ միակ մանկապատանեկան կինոֆորումն է Անդրկովկասում: Այն իրականանում է  Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում: Փառատոնի պատվավոր նախագահն է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՎԳԻԿ-ի պրոֆեսոր Արմեն Մեդվեդևը:

Բացի հիմնական մրցութային ծրագրերից, կինոփառատոնի շրջանակներում իրականացվում են հատուկ և թեմատիկ կինոցուցադրություններ, ֆիլմերի պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ, վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, համերգներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, հոբելյաններ, ֆիլմերի քննարկումներ, կլոր սեղաններ և այլն: Այս տարի ավելացել են նաև երեք նոր նախագծեր` «Պատիվ ունեմ» (ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ հնարավոր դարձավ կինոդիտումներ կազմակերպել ռազմաուսումնական հաստատություններում և ուսումնական զորամասերում), «Սպորտն իմ ընտրությունն է» և «Երաժշտական ֆիլմեր»:

Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը դարձավ երիտասարդության միջազգային մշակութային երկխոսության հարթակ: Դրա շրջանակներում իրականացավ «Կինոն` հանդուրժողականության լեզու» խորագրով կոնֆերանս և «Խաղաղ ապրելն ավելի լավ է» մրցույթը: Ի դեպ, մրցույթի հաղթող ճանաչված կինոհայտը (նաև սցենարի տեսքով) իրական շանս ունի վերածվելու ֆիլմի: «Երկրի օրը» այս տարի նվիրված էր Հարավաֆրիկյան հանրապետությանը: Այդ առիթով Ժամանակակից արվեստի թանգարանում «Խաղաղություն» խորագրով կերպարվեստի և լուսանկարչական ցուցահանդես կազմակերպվեց: Մենք այն մտադիր ենք տանել Յոհաննեսբուրգ, որտեղ էլ իր հերթին  կիրականանա «Հայաստանի օրը» միջոցառումը: Այս համատեքստում մեր կինոփառատոնի մասնակիցները նաև հնարավորություն ունեցան դիտելու Թիմ Ֆրիչարդի «Անտուն երեխաները միավորվում են» ֆիլմը:

UNISEF-ի հետ համատեղ իրականացվեց «Մենք բոլորս տարբեր ենք, մենք բոլորս հավասար ենք» միջոցառումը: Իրականացվեց նաև «Ճապոնիայի օրը» ծրագիրը: Տեղի ունեցավ ռուս հանրահռչակ մուլտիպլիկատոր Գարրի Բարդինի «Երեք մեղեդի» նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Հեղինակը որոշել էր, որ այն պետք է կայանա հենց Երևանում: Մենք շարունակում ենք ավանդաբար ցուցադրել «Գժուկ» մանկական երգիծական ալմանախի նոր համարները:

Дети

Կինոփառատոնի մրցութային անվանակարգերում այս տարի աշխատում էին ինչպես պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստների, այնպես էլ մանկապատանեկան ժյուրիները: Վերջինիս կազմում այս տարի ընդգրկվել էին Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Թեղուտ, Շնող և Շահումյան բնակավայրերի երեխաները: Նրանց էին միացել Գյումրիի «Թռչունյաց տան», «Հույսի կամուրջ» ՀԿ-ի (սահմանափակ կարողություններով երեխաների համար), ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Սիամանթոյի անվան թիվ 162 հանրակրթական դպրոցի և «Երևակ» կրթահամալիրի սաները:

Нуне Манукян и Армен МедведевՀարկ է նշել, որ անցած ինը տարիների ընթացքում մեր կինոփառատոնը հյուրընկալել է կինոաշխարհի այնպիսի հանրահայտ գործիչների, ինչպիսիք են «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին, հռչակավոր մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյնը, ֆրանսիական Vesna միջազգային կինոփառատոնի նախագահ Միրեյ Անտուանը, մանկապատանեկան ֆիլմերի արգենտինական Nueva Mirada միջազգային կինոփառատոնի նախագահ Սուսաննա Վիլեջջիան, լեհական Ale Kino! միջազգային կինոփառատոնի նախագահ Եժի Մոշկովիչը, Հայդարաբադի (Հնդկաստան) միջազգային կինոփառատոնի նախագահ Վեդա Կումար Մանիկոնդան, ուկրաինական KROK միջազգային կինոփառատոնի համանախագահներ Դավիթ Չերկասսկին և Էդուարդ Նազարովը, ռուսաստանյան հայտնի հեռուստալրագրող Ալեքսանդր Գորդոնը, «Աֆրիկա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն, Յոհաննեսբուրգի (ՀԱՀ) առաջին Մանկական թանգարանի հիմնադիր տնօրեն  Բենջամին Ֆրենսիսը, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը, ռեժիսոր-մուլտիպլիկատոր, «Նիկա» մրցանակի եռակի դափնեկիր Գարրի Բարդինը, իտալական Giffoni միջազգային կինոփառատոնի նախագահ Կլաուդիո Գուբիտոսին, հայտնի մուլտիպլիկատոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պետրովը, մշակութաբան, կինոգետ, Ռուսաստանի մշակութաբանության ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող, ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող «Կինոյի կուլտը» հաղորդաշարի հիմնադիր և անփոփոխ հաղորդավար Կիրիլ Ռազլոգովը և այլք:

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ