Վրեժ Պետրոսյանն ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի կինոօպերատորական բաժինը, վերջերս իր  մահկանացուն կնքած աշխարհահռչակ կինոօպերատոր Վադիմ Յուսովի արվեստանոցի առաջին շրջանավարտներից էր: Մոսկվայից վերադառնալուց հետո միանգամից կինոռեժիսոր Արման Մանարյանի հետ, որպես բեմադրողօպերատոր, նկարահանեց  «Ոսկին և հողը» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանն էր: Բագրատ Հովհաննիսյանի հետ նկարահանել է «Ադամամութ» երկսերիանոց հոգեբանական դրաման, որը համարում է իր լավագույն օպերատորական աշխատանքը: Վրեժ Պետրոսյանը հայ անվանի ռեժիսորների հետ նկարահանել է նաև բազմաթիվ գեղարվեստական լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական ֆիլմեր: Ստեղծագործական բավականին երկար ճանապարհ է անցել կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում են ծնվել «Քամին ունայնության», «Արարատյան կայարան», «Պոետի վերադարձը», «Սահման» ֆիլմերը: 10-րդ «Ոսկե ծիրանի» շրջանակներում Հարություն Խաչատրյանն այս տարի ներկայացրեց իր վերջին աշխատանքը` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», որի բեմադրող օպերատորը ևս Վրեժ Պետրոսյանն է:

– Ուզում եմ  նախապես  նշել, որ  ես ինձ պատերազմի վավերագրողների շարքը չեմ դասում, պարզապես ազատամարտի տարիներին ես իմ ֆիլմերն էի նկարահանում, որոնց մեջ դասական  պատկերացմամբ պատերազմ չկա: Կան ռեալ կռվող տղաներ, խրամատներ, կրակոցներ, նույնիսկ զոհեր: Թշնամու կրակահերթերից օդում սվսվացող փամփուշտները տաքացրել են ճակատս, անցել եմ Մռավի լեռնաշղթայից  Մատաղիս, Աղդամ, Հորադիզ ընկած ճանապարհներով, երազել դուրս պրծնել եռակի շրջապատված Բերդաձորից…

Աշխատել եմ բազմաթիվ ռեժիսորների հետ, նկարել եմ խաղարկային ու վավերագրական բազմաթիվ ֆիլմեր, բայց ամենահարազատը մնում են իմ հեղինակային  ֆիլմերը, որոնցից կառանձնացնեի արցախյան թեմաներով «Անվերջ ձգվող դասամիջոցը»  և «Ապրելու առաքելությունը»,  ինչպես նաև «Լույսի հետք», «Ես ապրում  եմ ողջերի հետ» ֆիլմերը:

Այս ոլորտում առաջին լուրջ աշխատանքս համարում եմ պատանի ազատամարտիկներին նվիրված «Անվերջ ձգվող դասամիջոց» ֆիլմը: Նկարահանումները կատարել եմ արցախյան պատերազմի տարիներին, անմիջապես խրամատներում: Մարտակերտի շրջանում հանդիպեցի մի հետաքրքիր ջոկատի, որի կազմում Հայաստանի ու Արցախի  տարբեր շրջաններից եկած 13-17 տարեկան, կարելի է ասել երեխաներ էին: Պատանեկան ջոկատում  ամենաավագը մարտակերտցի 17-ամյա Ռաֆիկ Դանիելյանն էր, որ հինգ անգամ վիրավորվել է:  Այս պատանիների մեծ մասը եկել էին գյուղերից, որոնք ադրբեջանցիներն ավերել ու թալանել էին: Տղաներ էլ կային, որ Հայաստանից էին եկել ու հասել Արցախ` հայրենասիրական ամենաազնիվ մղումներով: Իմ նպատակն էր ցույց տալ, որ աշխարհի ամենամեծ սարսափն ու անհեթեթությունն այս իրականությունն է, որտեղ  դպրոցական նստարանների փոխարեն   երեխաներն ընտրել են  խրամատները, որտեղ նրանք իրավունք չունեին լինելու, բայց այնտեղ էին: Պատանեկան ջոկատի տղաներից չորսը զոհվեցին…

Ֆիլմի կոմպոզիցիան կառուցել եմ որպես մի խոհական պոեմ: Առաջին անգամ անցկացված համահայկական «Վահագնի» կինոմրցանակաբաշխությունում այն արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակի:

Vrej3

«Անվերջ ձգվող դասամիջոցը» Վրեժ Պետրոսյանը նկարել է 1993-95 թթ. ընթացքում, բայց Արցախում առաջին նկարահանումները կատարել է 1989-ին: Հենց այդ ժամանակ էր, որ Բերդաձորում հայտնվեց  շրջափակման մեջ:

– Առաջին նկարահանումները Արցախում կատարել եմ 89-ի ձմռանը` եռակի շրջափակման մեջ գտնվող Բերդաձորի գյուղերում: Փայլուն ընկեր ունեի` Առնո Մկրտչյանը, որն այդ գյուղերի ինքնապաշտպանական խմբերի ղեկավարն էր: Հենց նրա մոտ գնալիս էլ հայտնվեցի շրջափակման մեջ: Չորս կողմից ելուզակներով շրջապատված էինք: Այդ ժամանակ միայն մեկ երազանք ունեի` գոնե մեկ անգամ էլ տեսնեմ տղայիս: Ի վերջո, բախտս բերեց, ռուս զինվորների մեքենայով ընկերոջս` Վալերի Բալայանի  հետ մի կերպ մտանք Շուշի, որտեղ ադրբեջանցիներ էին: Նրանց մտքով չանցավ, որ կարող է հայ լինել ռուսների մեջ: Այսպես մի կերպ հասա Ստեփանակերտ, այնտեղից էլ ուղղաթիռով` Երևան: Այդ տարիներին կատարած նկարահանումները  շատ թանկ են ինձ համար: Փաստորեն ՕՄՕՆ-ականների անձնագրային ռեժիմի  վտանգավոր ու անկանխատեսելի շրջանում  մնացել եմ Հին Շեն, Մեծ Շեն գյուղերում, որոնք ադրբեջանցիները երեք անգամ գրավել են, թալանել, ավերել, գնացել, հետո նորից վերադարձել: Նման պայմաններում եմ կատարել նկարահանումները: Նկարում էի այն, ինչ հասցնում էի նկարել. որսորդական մի քանի հրացաններով գյուղը պաշտպանող տղաներին, Երևանից այստեղ եկած ազնվագույն ուսանողներին: Նրանցից մի քանիսը  բանտ են նետվել, կտտանքների ենթարկվել, մահվան դատապարտվել ու իրենց մահկանացուն կնքել Բաքվի բանտերում:

Vrej7

Իմ ընկերը` Առնո Մկրտչյանը, նույնպես Բաքվի բանտում նման ճակատագրի արժանացավ: Եղան նաև այդ դժոխքից հրաշքով փրկվածներ: Տեսանյութը պահպանում էի որպես թանկ մասունք, որը հետագայում դարձավ «Ապրելու առաքելություն» ֆիլմի հիմքը: Ֆիլմը այս մարդկանց  մասին է, նրանց հերոսական ու անձնազոհ պահվածքի, գիտակցված ու նվիրական մաքառման, հայրենի հողը թշնամուն չհանձնելու վճռական որոշման մասին: Ֆիլմում նաև այս հերոսական,  հրաշք, բայց նաև դատարկվող  գյուղերի պատմությունն է, ինչը ինձ համար ամենասարսափելին է: Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը Բաքվի բանտից հրաշքով ազատված  բանաստեղծ Էդուարդ Սաֆարյանն է, որը նաև սցենարի համահեղինակն է, մյուսը` մահվան դատապարտված, բայց նորից հրաշքով հայրենի գյուղ վերադարձած Գառնիկ Առուստամյանը` «Արջ Գագոն», որը ֆիլմում ասում է. «Ինձ ոչ ոք այլևս չի կարող տեղահան անել այս գյուղից»: Բայց տղաներից շատերը, որոնք ծանր տարիներին քաջաբար պաշտպանում էին գյուղը, այսօր գյուղից շատ հեռու` Ռուսաստանի  մարզերում  առևտուր են անում, օրվա հացի խնդիր լուծում:

Vrej6

Պատերազմից հետո Արցախը մեծ վերածնունդ է ապրել, երբեմն զարմանում եմ, թե  նախկին ավերակների փոխարեն ինչպիսի շինություններ են կառուցել, բայց այդ ամենի  կողքին, ցավոք,  կան  դատարկվող գյուղեր: Բերդաձորը դրախտային մի վայր է, հրաշալի  բնություն` անտառներ, առուներ, բայց մարդիկ թողել-գնացել են, մոսկվաներից ետ չեն գալիս: Մի՞թե հնարավոր չէ նույն Բերդաձորում, Քարվաճառում կամ մի ուրիշ ազատագրված վայրում այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ գնան ու արմատներ գցեն այնտեղ: Իմ կարծիքով` այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը հեռու են բավարար համարվելուց: Շատ բաներ ինձ համար այսօր անհասկանալի են: Գուցե դժվարություններն ամբողջ խորությամբ ես չեմ պատկերացնում, բայց հստակ գիտեմ մի բան` ազատագրված հողերի վերաբնակեցումը մեր կարևորագույն խնդիրն  է: Հողը պաշտպանում է այդ հողի վրա ապրող մարդը, նաև անկասկած`զենքը:

1994 թվականին պատերազմի թարմ հետքերով որոշեցինք  նաև խաղարկային ֆիլմ նկարել: Հետաքրքիր ստեղծագործական խումբ էր հավաքվել: Մեկնեցինք Մարտակերտի Ումուդլու գյուղ նկարահանումների, որտեղից ադրբեջանցիները նոր էին հեռացել: Ֆիլմը կոչվում էր «Ղարաբաղյան անավարտ օրագիր», սցենարի հեղինակը Էդիկ Խաչիկյանն էր: Սա, ըստ էության, արցախյան պատերազմի մասին պատմող   առաջին խաղարկային կինոֆիլմն էր` նկարահանված ամբողջովին կինոժապավենի վրա, պրոֆեսիոնալ կինոդերասաններով, մասսայական  տեսարաններով: Մեր  նկարահանումները լի էին վտանգներով ու արկածներով: Միայն նշեմ, որ գործընկերներիս` Արտո Խաչատրյանի, Լևոն Կարապետյանի հետ մարտական շատ տեղերով էինք անցել, բայց ավելի վտանգավոր իրադրություններում հայտնվեցինք խաղաղ պայմաններում` նկարահանումների ժամանակ (դերասաններ տեղափոխող մեքենայի պայթելը թուրքերի թողած  տանկային ականի վրա, չտեղեկացված դերասանի` Դավիթ Հակոբյանի մարտական փամփուշտներով կրակելը կինոսարքի ուղղությամբ և այսպիսի  բազում դրվագներ): Ի դեպ, նկարահանող խմբի անվտանգությունը ապահովելու համար Երևանից մեզ էին միացել զինված հատուկ ջոկատայինների քսանհինգ տղաները,  որոնք նաև անշահախնդրորեն նկարահանվում էին ֆիլմում:

Vrej9

Նման տառապանքով ծնված այս ֆիլմերը ինչո՞ւ  մեր երիտասարդներն այսօր չեն տեսնում:

– Հավանաբար ծռմռված բերաններ ու ժարգոնային բառապաշար ունեցող  կերպարներով լի սերիալներն այնքան շատ են, որ այլևս տեղ չեն թողնում հերոսական պատմություններին: «Անվերջ ձգվող դասամիջոց» ֆիլմն ընդամենը մեկ անգամ է ցուցադրվել, «Ապրելու առաքելությունը» հեռուստատեսությամբ երբևէ չի ցուցադրվել: Գուցե պատճառն այն է, որ «ուռա» շեշտադրությամբ ֆիլմեր չեն, տարբեր խնդիրներ ու հարցեր են երևան հանում…

Անկեղծ ասած` ես էլ մի առանձնակի ցանկություն չունեմ ցուցադրելու: Միգուցե ճիշտ է, որ այս պահին երիտասարդ սերնդին ավելի հասանելի ու հասկանալի, քարոզչական ճիշտ շեշտադրումներով  ֆիլմեր  պետք է մատուցվեն: Պատերազմը դեռ չի ավարտվել…


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը