9 (1)«Սերը դավաճանություն է, սերը կարոտ է, սերը մեղք է, սերը եսասեր է, սերը հույս է, սերը ցավ է, սերը մահ է… Ի՞նչ է սերը…»:

Ահա այսպիսին էր աշխարհի կինոքննադատների արձագանքը, երբ III հազարամյակի սկզբում` 2000 թ. Կաննի միջազգային հեղինակավոր կինոփառատոնում գլխավոր մրցութային ծրագրում հայտնվեց համեմատաբար անհայտ մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի գլուխգործոցը՝ «Սերը շուն է» կինոնկարը։ Ֆիլմն աշխարհին ներկայացրեց ոչ միայն նոր մեքսիկական կինեմատոգրաֆը, որն առանձնապես շատ հայտնի չէր եվրոպացի կինոէսթետներին, այլև վեր հանեց մի հզոր անհատականություն, որպիսին Ինյարիտուն էր՝ այդ ժամանակ դեռևս 36-ամյա հավակնոտ դեբյուտանտը։

Առհասարակ վերջին 30 տարին արևելյան և լատինամերիկյան կինեմատոգրաֆի հաղթարշավի տարիներն են։ Հենց 2000-ականների սկզբում էր, որ մեքսիկացի և բրազիլացի կինոռեժիսորները ռումբի պես պայթեցնում էին աշխարհի կինոփառատոնները.Ալֆոնսո Կուարոն, Լուկրեսիա Մարտել, Վալտեր Սալլես, Կառլոս Ռեյգադաս, Ֆերնանդու Մեյրելլեշ, Կատյա Լունդ, Գիլյերմո դել Տորո, Սերջյու Մաչադու, Ամատ Էսկալանտե: Իրար հաջորդելով` հայտնվեցին «Աստծո քաղաքը», «Ստորին քաղաքը», «Կենտրոնական կայարանը., «Եվ քո մորը նույնպես», «Ֆավնի լաբիրնթոսը»… Այս ցուցակը կարելի է դեռ երկար շարունակել։ Սակայն այս համայնապատկերը կիսատ կլիներ առանց Ինյարիտուի։ Նա է այս շքեղ կինոտոնախմբության  եղանակ ստեղծողը, նորաձևություն թելադրողը։

Ապագա պաշտամունքային ռեժիսորը ծնվել է 1963թ. օգոստոսի 15-ին Մեխիկոյում։ Մանկուց ի վեր հետաքրքրվում էր երաժշտությամբ, մասնավորապես՝ ռոքով։ Պատանու այս նախասիրությունը հետագայում կարտահայտվի նրա կինոնկարներում։ 1984 թ. սկսած` Ինյարիտուն որպես դիսկ-ժոկեյ է աշխատում մեքսիկական հանրահայտ WFM ռադիոկայանում և  շուտով դառնում է երաժշտական զանազան հաղորդումների պրոդյուսեր։ 1987 թ. սկսում է աշխատել հեռուստատեսությունում, ղեկավարում է Magia Digital հեռուստատեսային շոուն, զբաղվում է հեռուստատեսային և խաղարկային ֆիլմերի պրոդյուսերությամբ։ 1990 թ. նա նշանակվում է մեքսիկական ամենախոշոր Televisa հեռուստաընկերության ղեկավար, իսկ հաջորդ՝ 1991 թ.  ստեղծում է Zeta Film պրոդյուսերական ընկերությունը։

Միաժամանակ նա ուսումնասիրում է ռեժիսուրայի մասնագիտությունը, աշխատում գովազդի և լրատվամիջոցների ոլորտում, նկարահանում է գովազդային հոլովակներ։

1995 թ. Ինյարիտուն նկարահանեց իր առաջին խաղարկային կարճամետրաժը՝ «Փողի ետևից» ֆիլմը։ Սակայն նրա աստեղային ժամը 2000 թվականն էր, երբ էկրան բարձրացավ նրա արդեն վերը հիշատակված «Սերը շուն է» կինոնկարը։ Եվ միանգամից մասնակցություն աշխարհի ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոներին, բազմաթիվ կարևոր մրցանակներ, աշխարհի կինոքննադատների բուռն արձագանք և հանդիսատեսի սեր ու համակրանք։

Առաջին իսկ ֆիլմում Ինյարիտուն գտավ իր անհատական ոճն ու ձեռագիրը (խճանկարային)։ Քննադատների մի մասն այն համարեց Քվենտին Տարանտինոյի «Կատաղի շներից» ու «Քրեական ընթերցվածքից» ածանցված, քանի որ ֆիլմի սյուժեն զարգանում է ոչ թե ուղղընթաց, այլ հատվածաբար։ Ինյարիտուն մեզ ցույց է տալիս երեք պատմություն, երեք հերոս, երեք ճակատագիր, սիրելու երեք կերպ։ Գրիֆիտյան դասական զուգահեռ և խաչաձև մոնտաժի օրենքներով բնության երեք գետերի նման դրանք հոսում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոխներթափանցվում, ներհյուսվում և փոխում գործողութունների ողջ ընթացքը։ Երեք պատմություններում էլ առանցքը շունն է՝ մարդու ամենահավատարիմ կենդանին։

Հակադրվում են շան գիտակցական միտքը, հավատարմությունն ու նվիրվածությունը և մարդկանց, ըստ էության, դավաճան  բնույթը, անասնական կրքերին հպատակվելը։

Հնարավոր չէ չհիշատակել այս և ռեժիսորի հաջորդ բոլոր կինոնկարների, առանց չափազանցության, հանճարեղ կոմպոզիտոր Գուստավո Սանտաոլայայի խորապես ազգային, բայց և միաժամանակ համամարդկային, տիեզերական երաժշտությունը։

Այս ֆիլմով մեկնարկեց ռեժիսորի այսպես կոչված «Մահվան եռերգությունը»։ Երեք տարի ընդմիջումներով նա նկարահանեց «21 գրամ» և «Բաբելոն» ֆիլմերը։ «21 գրամում» կրկին նույն քաոտիկ կառուցվածքն է` խաղեր ժամանակի և տարածության հետ, անվերջանալի ֆլեշբեքեր։ Ակամա հառնում է հոնկոնգցի վարպետ Վոնգ Կար-Վայը։ Մտաբերում ես Փոլ Թոմաս Անդերսոնի «Մագնոլիա» և Փոլ Հագգիսի օսկարակիր «Բախում» կինոնկարները։

21 грамм 3Ֆիլմի սյուժեն հիմնված է անցած դարում ապրած բժիշկ Դուգլաս Մակդուգալլի հետազոտությունների, փորձերի  պատմության վրա։ Վերջինս կշռում էր իր հիվանդներին մահվանից առաջ և մահվանից հետո։ Եվ պարզվում էր, որ մահվանից հետո մարդու մարմինը դառնում է 21 գրամով ավելի թեթև… Ֆիլմը փորձում է պատասխանել այն հարցին, թե որքան է կշռում մեր հոգին, մի՞թե 21 գրամ:

Ռեժիսորը շատ ավելի հեռու է գնացել իր պատումային (narrative) կառուցվածքի զարգացման մեջ, բայց, ի վերջո, այն վերադառնում է ի շրջանս յուր: Մենք էլ վերադառնում ենք սկզբին, այն պահին, ինչից ամեն ինչ սկսվել էր` ըստ էության, իմանալով ճիշտ նույնքան, ինչքան գիտեինք սկզբում։ Ի՞նչ արժե մարդկային կյանքը, և արդյոք գոյություն ունի՞ մարդկային հոգին՝ Աստծո ներկայությունը նրա մեջ։ Ճշմարիտ արվեստում բարձրացված մշտնջենական հարցերը երբեմն ավելին արժեն, քան անցողիկ պատասխանները: «Բաբելոնում» Ինյարիտուն տիեզերական հայացք է նետում մարդու գոյությանը` հանդիսատեսին պարգևելով կոսմիկական զգացողություն։ Կամերային դրաման վեր է ածվում համաշխարհային մասշտաբի ողբերգության, որի անվերջանալի շրջապտույտում են հայտնվում տարբեր երկրներ ու ազգեր, կրոններ ու աշխարհահայեցողություններ: «Եթե ուզում ես, որ քեզ հասկանան, լսիր։ Ունկնդրիր լռությունն ու նայիր դատարկությանը»։ Նշենք, որ մինչ այդ՝ 2001 թ., Ինյարիտուն նկարահանեց «Թնդանոթը» կարճամետրաժը, իսկ 2002 թ. հանդես եկավ «Սեպտեմբերի 11-ը» կինոալմանախում. աշխարհահռչակ 11 ռեժիսորների հետ նկարահանեց նովել՝ նվիրված 2001 թ. սեպտեմբերի 11-ի տխրահռչակ դեպքերին` այդպիսով արտահայտելով իր վիշտը, ցավն ու կարեկցանքը անմեղ զոհերի հիշատակին։

Ի դեպ, 2007 թ. ռեժիսորը մասնակցություն ունեցավ ևս մի կինոալմանախում՝ «Ամեն ոք իր կինոն ունի», որում նովելներով հանդես եկան ժամանակակից կինոյի դեմքն ու լեզուն պայմանավորող ևս 36 ռեժիսորներ։ Ֆիլմի առանցքային թեման կինոյի ճակատագիրն է ժամանանակից աշխարհում. դեպի ուր է այն ընթանում։

Biutiful 12009 թ. էկրան բարձրացավ Ինյարիտուի երկար սպասված «Գեղեցիկ» (“Biutiful”) ֆիլմը։ Գլխավոր դերակատարն այս ֆիլմում կրքոտ իսպանացի Խավիեր Բարդեմն է, որ այդ խաղի համար «Արծաթյա արմավենու ճյուղի» արժանացավ 2010 թ. Կաննի կինոփառատոնում և 2011 թ.՝ իսպանական կինոյի ազգային մրցանակի՝ «Գոյայի»։ Նրա հերոսը՝ Ուքսբալը, ապրում է Բարսելոնայում, աշխատում է հետնախորշերում. իրավապահների համար նա օրինախախտ է, իսկ անօրինական ներգաղթյալների համար, որոնց նա օգնում է աշխատանքի տեղավորվել, իսկական բարի պահապան հրեշտակ։ Մի օր Ուքսբալն իմանում է, որ անբուժելի հիվանդ է և սկսում է պատրաստվել մահվան:

Մահվան հարցերը, ըստ էության, նույն կյանքի հարցերն են, քանի որ միայն մահվան շեմին է մարդը սկսում իմաստավորել ու գնահատել իր կյանքի անցած ուղին, վեր հանել դրա իմաստը, ապաշխարել կատարած սխալների ու մեղքերի համար և Աստծուց քավություն ու ներում խնդրել։ Այստեղ արդեն էքզիստենցիալիզմի փիլիսոփայության տիրույթն է։ Ակամա մտաբերում ես Լև Տոլստոյի միևնույն թեմայով «Իվան Իլյիչի մահը» պատմվածքը և դրա հիման վրա ճապոնացի ռեժիսոր Ակիրա Կուրոսավայի նկարահանած «Ապրել» անզուգական կինոնկարը։

Ինյարիտուի այս ֆիլմն իր ոճով արմատապես տարբերվում է ռեժիսորի նախորդ գործերից (նշենք, որ այս ֆիլմում Ինյարիտուն այլևս չէր աշխատում իր մշտական սցենարիստ Գիլյերմո Արիագայի հետ, նրանց ստեղծագործական վեճը հանգեցրեց նրան, որ Արիագան էլ իր հերթին նկարահանեց ինքնուրույն կինոնկար՝ «Բոցավառվող հարթավայրը»` Քիմ Բեսինջերի և Շարլիզ Թերոնի գլխավոր դերակատարումներով: Պայմանական սիմվոլիզմից Ինյարիտուն անցում է կատարել դեպի պայմանական ռեալիզմը։ Նա Պազոլինիի նման չի  գեղեցկացնում կեղտը, այլ կյանքի հատակում պոեզիա է գտնում, ինչպես դարեր առաջ դա անում էին Ֆրանսուա Վիյոնը կամ Արթյուր Ռեմբոն։ Սա իմաստուն առակ է մի հասարակ մարդու մասին, որի ապրելու ժամանակը հանկարծակի վերջանում է, բայց նա դեռ շատ անավարտ գործեր ունի։ «Ինձ հաջողվեց բավականին մոտիկից ծանոթանալ անօրինական ներգաղթյալների իրական համայնքների հետ` աֆրիկյան, չինական։ Ես սրանք չեմ հորինել, այն ամենը, ինչ ցույց եմ տվել ֆիլմում, գրեթե նույնությամբ վերցված է այն իրականությունից, որը տեսել ու դիտարկել եմ կամ լսել դրա մասին։ Հարյուրավոր, հազարավոր մարդիկ այդպես փորձում են գոյատևել, նրանց ճորտացնում, օգտագործում են դեռ ավելի վատ, քան ստրուկներին: Նրանք XXI դարի ստրուկներն են»,- դառնությամբ խոստովանում է ռեժիսորը։

Նշենք, որ Ինյարիտուն նաև հանդես է եկել որպես Ռոդրիգո Գարսիայի «Ինը կյանք» և «Մայրն ու որդին», Կառլոս Կուարոնի «Ռուդոն և Կուրսին», արգենտինացի ռեժիսոր Արմանդո Բոյի «Վերջին Էլվիսը» ֆիլմերի պրոդյուսեր։ Այժմ պաշտամունքային մեքսիկացի ռեժիսորն աշխատում է իր նոր՝ «Birdman» ֆիլմի վրա, որն արդեն հետարտադրական փուլում է ։ Կինոնկարը պատմում է մի նախկին դերասանի մասին, որը  մի ժամանակ մարմնավորել է ճանաչված սուպերհերոս բըրդմանի կերպարը և այժմ Բրոդվեյի նոր բեմադրության մեջ նա վերադառնում է իր այդ դերին` նպատակ ունենալով վերադարձնել իր երբեմնի փառքը, փայլն ու մեծությունը։

 Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ