Ալեն Դելոն. 10 ֆիլմ
Նոյեմբերի 8-ին լրացավ լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի 78 տարին: Սկսելով որպես սիրող դերասան` Դելոնը փաստորեն դարձավ Ֆրանսիայի գլխավոր աստղերից մեկը, խաղաց այնպիսի հռչակավոր ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք էին Ռենե Կլեմանը, Լուկինո Վիսկոնտին, Միքելանջելո Անտոնիոնին և այլք: Նա ստացել է Պատվավոր լեգեոնի սպայի կոչում, «Սեզար», Բեռլինի կինոփառատոնի և շատ ուրիշ մրցանակներ:
Ալեն Դելոնը որպես դերասան ճանաչվեց «Վառ արևի տակ» ֆիլմից հետո, որը Ռենե Կլեմանը նկարել է ըստ Պատրիցիա Հայսմիթի «Տաղանդավոր միստր Ռիլլի» վեպի: Դերասանը մեծ հաջողություն ունեցավ, քննադատները դրականորեն էին քննարկում նրա աշխատանքը: Նա արժանացավ նաև Կլեմանի բարձր գնահատականին:
Հռչակավոր ռեժիսորը նրան անվանել է դերասան` «հազվագյուտ լսողությամբ». «Դերասանների մեծ մասը յուրացնում է սոսկ այն, ինչ իրեն ձեռնտու է: Դելոնը միշտ պատրաստ է կատարել ամենաանհավանական բաներ»:
Կլեմանի հետ ունեցած հաջողությունից հետո Ալեն Դելոնը ստացավ իտալացի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի` «Ռոկկոն և նրա եղբայրները» դրամայում գլխավոր դերերից մեկը խաղալու առաջարկը: Այս ֆիլմը նույնպես մեծ ճանաչում բերեց եվրոպական հանդիսատեսի շրջանում, իսկ քննադատները Դելոնի մեջ տեսան նուրբ ու բազմապրոֆիլ դրամատիկ դերասանի: «Ռոկկոն և նրա եղբայրները» ֆիլմը երկու մրցանակ ստացավ Վենետիկի կինոփառատոնում:
Այնուհետև Ալեն Դելոնը մասնակցեց Միքելանջելո Անտոնիոնիի նշանավոր «Խավարում» նախագծին: Հույսեր կապելով Ալեն Դելոնի և Մոնիկա Վիտտիի դերասանական վարպետության հետ` ռեժիսորը նկարեց մի ֆիլմ` նվազագույն երկխոսություններով ու երաժշտության ուղեկցությամբ: Այդ ժապավենը դարձավ այն եռագրության եզրափակումը, որը սկսվել էր «Արկած» և «Գիշեր» կինոնկարներով, և արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին Կաննի կինոափառատոնում:
Բարդ դրամաների շարքից հետո Ալեն Դելոնը փայլեց «Սև կակաչ» արկածային ֆիլմում, որում միաժամանակ երկու դեր խաղաց` փափկասուն ազնվական Ժյուլյենի և ըմբոստ կոմս Գիյոմ դը Սեն-Պրեի, որ սարսափի մեջ է պահում քաղաքապետին:
Դրանից հետո Ալեն Դելոնը մեկնում է Հոլիվուդ, ուր պայմանագիր է կնքում Metro Goldwyn Mayer ստուդիայի հետ, սակայն դերասանին բաժին հասած ֆիլմերը հաջողություն չեն բերում նրան: Վերադառնալով Դելոնը գլխավոր դեր է խաղում Ժան-Պիեռ Մելվիլի «Սամուրայ» «նուարում» (ըստ Ջոան Մակլեոդի «Ռոնին» վեպի): Այդ աշխատանքը Ալեն Դելոնին վերադարձրեց Եվրոպայի առավել պահանջված դերասանների շարքը:
1969 թ. Ալեն Դելոնը Ռոմի Շնայդերի հետ խաղաց Ժակ Դերեի աղմուկ հանած «Ջրավազան» դետեկտիվում: Եվս մի գլխավոր դեր այդ կինոնկարում կատարում էր Մորիս Ռոնեն, որ Դելոնի հետ խաղացել էր Կլեմանի «Վառ արևի տակ» ֆիլմում:
Մի քանի գանգստերների ու բանդիտների դերերից հետո Ալեն Դելոնը խաղաց Զորրոյի դերը Դուչչո Տեսսարիի համանուն վեստերնում:
1979-ին Ալեն Դելոնը համաձայնություն տվեց մասնակցելու ԽՍՀՄ-ի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի նախագծին` ռեժիսորներ Ալեքսանդր Ալովի և Վլադիմիր Նաումովի «Թեհրան-43» պատմական դետեկտիվին: Ալեն Դելոնի հետ ֆիլմում խաղում էին Նատալյա Բելախվոստիկովան, Իգոր Կոստոլևսկին, Արմեն Ջիգարխանյանը և ուրիշ նշանավոր դերասաններ: Կինոնկարը ոսկե մրցանակ ստացավ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում:
1998 թ.` «Բորսալինո» ֆիլմից 30 տարի անց, Ալեն Դելոնը և Ժան-Պոլ Բելմոնդոն կրկին խաղացին նույն ֆիլմում: Պատրիս Լեկոնտի «Մեկ շանս երկուսի համար» կատակերգական մարտաֆիլմում ֆրանսիական կինոյի լեգենդները կատարեցին կինոնկարի գլխավոր հերոսուհու (որին մարմնավորում էր Վանեսա Պարադին) հնարավոր հայրերի դերերը:
2012 թ. Ալեն Դելոնը նկարահանվեց ռուսական «Շնորհավոր Նոր տարի, մամաներ» կատակերգությունում: Լեգենդար ֆրանսիացու հետ խաղում էին Պավել Վոլյան և Իրինա Ռոզանովան:









