ՌԴ Կինոյի թանգարանը մշտական շենք կունենա
Թանգարանը կտեղավորվի Կինոֆոտոյի գիտահետազոտական ինստիտուտում:
Կինոյի թանգարանի համար շենք են գտել` Կինոֆոտոյի գիտահետազոտական ինստիտուտը: Այդ մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է ՌԴ մշակույթի փոխնախարար Գրիգորի Իվլիևը: Նա ասել է նաև, որ ապագայում հավանաբար թանգարանը կընդլայնվի և կզբաղեցնի «Մուրճ և մանգաղ» («Серп и молот») պարապ գործարանի տարածքի մի մասը:
Կինոյի թանգարանը հիմնադրվել է 1920-ական թթ. Գեղարվեստի գիտությունների պետական ակադեմիայի շրջանակներում: 1932 թ., երբ այն լուծարվել է, թանգարանի շատ նյութեր կորել են կամ փոխանցվել ուրիշ հավաքածուների: 1984-2004 թթ. թանգարանը տեղավորված էր Կրասնայա Պրեսնյա փողոցի Կինոկենտրոնում: Նա ստիպված էլ լքել այդ շենքը, քանի որ Կինեմատոգրաֆիստների միությունը վաճառել էր կինոկենտրոնի իր բաժնետոմսերը: Այժմ թանգարանի պահոցները և աշխատակիցների աշխատասենյակները գտնվում են «Մոսֆիլմի» տարածքում:
Թանգարանի կինոցուցադրությունները կազմակերպվում էին տարբեր հարթակներում` Նկարիչների կենտրոնական տանը, «Խուդոժեստվեննի», «Պիոներ» և «35 մմ» կինոթատրոններում: 2012 թ. մայիսից թանգարանը սկսեց ամենօրյա ցուցադրություններ կազմակերպել նախկին Մոսսովետի կինոթատրոնի փոքր դահլիճում: Թանգարանին հարթակ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել նաև Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի նախկին տնօրեն (ներկայիս նախագահ) Իրինա Անտոնովան (թանգարանը բազմիցս համատեղ ծրագրեր է իրականացրել Պետական տրետյակովյան պատկերասրահի և Կերպարվեստի պետական թանգարանի հետ):
Կինոյի թանգարանը զբաղվում է կինոարդյունաբերության պատմության նյութերի հավաքմամբ, համակարգմամբ ու պահպանմամբ, կազմակերպում է ցուցահանդեսներ և կինոցուցադրություններ: Նրա հավաքածուն կազմում է 89 896 միավոր ցուցանմուշ:
Աղբյուրը` http://www.kommersant.ru/doc/2348798