Yeregnadzor 2Արդեն  7-րդ  տարին է, ինչ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնն իրականացնում է «Ոսկե ծիրանն» անիվների վրա» ծրագիրը` նպատակ ունենալով  փառատոնային  լավագույն ֆիլմերը ներկայացնել Հայաստանի մարզերում, Արցախում   և  Ջավախքում: 2013-ի  հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Ոսկե ծիրանն» անիվների վրա»  փառատոնը հյուրընկալվեց  Վայոց ձորում,  Սյունիքում, Շիրակում  և  Լոռու մարզում `ցուցադրելով «Հայկական համայնապատկեր»  ազգային  մրցութային ծրագրում ընդգրկված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը:

Իսկ նոյեմբերի 8-11-ը   «Ոսկե ծիրանին»  սպասում էին  Ջավախքում, որտեղ  արդեն 6-րդ անգամ  նոյեմբերին մեկնարկում  է  «Ոսկե  ծիրանի» կինոտոնը: Այստեղ  ձևավորված  բարի  ավանդույթի համաձայն`  Ջավախքի հայկական կինոտոնը վերածվում  է  հայ-վրացական բարեկամության շաբաթի: Այս տարի Ջավախքում փառատոնի   մեկնարկային ֆիլմը  Սերժ Ավետիքյանի և Օլենա  Ֆետիսովայի «Փարաջանովն»   էր:

Կինոշաբաթի  բացման առիթով հայաստանյան պատվիրակության կազմում Ախալքալաքում էին    «Ոսկե ծիրանի»  հիմնադիր  տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի պատվո  և «Փյունիկ»  հիմնադրամի համանախագահ  Լևոն  Սարգսյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը և  բանաստեղծ  Սոնա Վանը: Կինոտոնի  բացման հանդիսության ընթացքում  «Ոսկե ծիրանի» մրցանակներով ու  այլ  պարգևներով գնահատվեց   փառատոնի բարեկամների  աշխատանքը: Հարություն Խաչատրյանը հոբելյանական`10-րդ  փառատոնի պատվո մեդալով պարգևատրեց  Սոնա Վանին, իսկ  դրամատուրգ Կարինե Խոդիկյանին հենց հարազատ  քաղաքում  հանձնվեց  «Հրանտ Մաթևոսյան» մրցանակը ` «Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի համար  և շնորհվեց «Ախալքալաքի պատվավոր քաղաքացի»  կոչումը:

kapan 2

Վրացական  նոր  կինոն   ներկայացնում էր  Ռուսուդան Չկոնիայի «Ժպտացեք» ֆիլմը:Երիտասարդ  ռեժիսորն անձամբ  էր  ներկայացնում իր ֆիլմը Ջավախքում: Ֆիլմը, որ  հասցրել են սիրել Երևանում, արդեն  փառատոնային հարուստ կենսագրություն  է  ստեղծել և   նվաճել  է  18 միջազգային հեղինակավոր  կինոմրցանակներ: Ռուսուդանը լավ ծանոթ  է  իր սերնդակից   հայ կինոռեժիսորների խնդիրներին  և  չափազանց կարևորում է   համատեղ  հայ –վրացական  կինոնախագծերի  իրականացումը. «Կարծում եմ` համատեղ կինոնախագծերի գաղափարը հրաշալի  նախաձեռնություն է: Մենք`վրացիներս ու հայերը չափազանց մոտ ենք միմյանց մեր մտածողությամբ  ու մշակույթով: Այն, ինչ անում է «Ոսկե ծիրանը» կինոյի համար, չափազանց կաևոր է և խիստ մերձեցնում է  մեզ: Իսկ եթե ստեղծվեր հայ-վրացական համատեղ որևէ  կինոհիմնադրամ, դա պարզապես կինո նկարելու հրաշալի հնարավորություն կլիներ: Այդ մասին մտածում են  թեʹ հայ ևʹ թե  վրացի այն երիտասարդները, որոնք ուզում են լավ կինո նկարել»: Ի  սկզբանե «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առաջնահերթ խնդիրներից մեկը  տարածաշրջանային կինոցանցի ձևավորումն էր : Այդ  իմաստով  հատկանշական է,  որ «Ոսկե ծիրանի» միջնորդությամբ  Ռուսուդան Չկոնիայի և Երևանի  «Մոսկվա» կինոթարոնի միջև ձեռք  բերվեց համաձայնություն, ըստ որի  «Ժպտացեք» ֆիլմը նոյեմբերի 15-ից կցուցադրվի  կինոթատրոնի էկրաններին:

Javaxq

Կինոշաբաթվա  ընթացքում  ցուցադրվեցին  նաև Ջիվան Ավետիսյանի  «Ընդհատված մանկություն»,  Արամ Շահբազյանի «Ջավախք. հավերժական  հայրենիք», Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…»  ֆիլմերը: Փառատոնի  պատվո նախագահ Լևոն Սարգսյանը խոստացավ, որ հաջորդ   տարի «Ծիրանի»  կինոտոնը կրկին կվերադառնա Ախալքալաք  և  նրբաճաշակ  ֆիլմերի հետ միասին  անհրաժեշտ գույք  ու սարքավորումներ կբերի Ջավախքի հայկական կրթօջախներին:

gyumri 1

«Ոսկե ծիրանն» անիվների վրա» փառատոնը նոյեմբերի 20-ից հյուրընկալվել է Տավուշի մարզում:

Նունե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ