«Կինոաշուն 2013»-ը նույնպես դարձավ պատմություն
Երեկ տեղի ունեցավ չորրորդ « «Կինոաշուն 2013» ազգային կինոյի ամիս» ծրագրի փակման արարողությունը: ՀՀ ժողովրդական դերասան Ռաֆայել Քոթանջյանը նշեց, որ 90-ականներին մենք կորցրինք մեր հանդիսատեսին, եւ «Կինոաշունը» օգնում է կամաց-կամաց հետ բերել մեր հանդիսատեսին.«Ճիշտ է, դժվարությամբ, բայց ստացվում է: Մենք սպասում եւ երազում ենք այն օրվան, երբ դահլիճներում այլեւս ազատ տեղեր չեն լինի, իսկ դրան նպաստում է յուրաքանչյուր կինոձեռնարկ»:
«Կինոաշուն 2013»-ի շրջանակներում իրականացվող «Երեւանն իմ քաղաքն է» կինոմրցույթի գլխավոր մրցանակին արժանացավ Նարե Գալստյանը «Երեւան ջան» ֆիլմի համար, իսկ խրախուսական մրցանակներ ստացան Դիանա Աթոյանը, Վահագն Գրիգորյանը, Վահրամ Ներսիսյանը` «Սիրով ապրել Երեւանում» ֆիլմի համար: Իսկ, ահա, լավագույն գրախոսականները երեքն էին, չնայած նրան, որ ժյուրին առաջին տեղի համար ոչ մի գրախոսական չէր ընտրել: Երկրորդ մրցանակը ստացավ Մարիա Թոքմաջյանը «Այդ ես չեմ» ֆիլմի մասին «Ֆիլմը եթե դոկումենտ չէ, ապա երազ է, անուրջ» գրախոսականի համար, իսկ երրորդ տեղը կիսեցին Ջուլիետա Տոնակյանը` «Ձայն լռության» ֆիլմի մասին «Մաեստրոյի «վեցերորդ պատվիրանի» փոխարեն» եւ Արփինե Փաշանյանը «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի մասին «Ունայնության քամի» գրախոսականների համար:
http://www.youtube.com/watch?v=4qBAdZEdygI
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ