Վերջերս կայացավ երիտասարդ ռեժիսոր և սցենարիստ Լիլիթ Մովսիսյանի երկրորդ լիամետրաժ խաղարկային ֆիլմի` «Կաուչոյի» երևանյան պրեմիերան: Մինչ այդ` 2011 թ., Լիլիթը նկարահանել է «Մոխրաման» կինոնկարը, 2012 թ` «Ես էլ» կարճամետրաժ ֆիլմը, որով մասնակցեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» մրցույթին: Նույն տարվա Սիրակուզի միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացավ միանգամից երեք մրցանակի: Լիլիթը խոստովանում է, որ մրցանակներն իր համար կարճ, բայց ուրախություն են, դրանք շատ կարևոր են, քանի որ հաճելի է գնահատված զգալը: Այս և այլ հարցերի շուրջն էր զրույցը երիտասարդ ռեժիսորի հետ:
Ինչպես են ծնվում ֆիլմերի գաղափարները
Ես պայքարում եմ, որ խոսեմ այն թեմայի մասին, որի կարիքը հիմա, այս պահին կա: Ինձ համար կարևոր չէ ֆորման, կարևոր են միտքը, ասելիքը: «Մոխրամանում» ցանկացել եմ խոսել ինքնասպանության մասին, բայց ավելի շատ նպատակ եմ ունեցել վեր հանել կյանքի կարևոր ու լուսավոր կետը, ես լույս ու ելք եմ գտել: Սա շատ երիտասարդ մարդու նկարած ֆիլմ է, և դա երևում է:
Հետո գալիս է «Ես էլ»-ը: Գործողությունները տեղի են ունենում հոգեբուժարանում: Դա շատ սիմվոլիկ, պայմանական տարածություն է: Ֆիլմը հոգեկան հիվանդների մասին չէ, այլ ֆորմայի և ֆորմայից ազատագրվելու մասին: Ֆիլմում գլխավոր հերոսը լսում է երաժշտություն, որն իրականում դրսից է գալիս. խոսքը կեղծ պատրանքի մասին է: Արվեստի ցանկացած տեսակում այսօր դա կա, երբ դու տրվում ես ֆորմային և դառնում դրա զոհը: Իսկ երբ անկեղծ ես, հանգում ես նրան, որ այդ երաժշտությունը քո ներսում է հնչում: Իսկ եթե հերոսն է վերջում հանգում դրան, արդեն ինքնըստինքյան բերում ես քո ֆորման: Դա եղավ «Կաուչոյում»: Առաջին ֆիլմով ես ասացի, որ կինո եմ սկսում նկարել, երկրորդով` որ փնտրում եմ իմ ֆորման: «Կաուչոն» ավելի էքսպերիմենտալ աշխատանք է: Ֆիլմը կրկնությունների մասին է: Մենք սա ամեն օր տեսնում ենք կյանքում և արվեստում:
Ռեժիսորը, դերասանն ու դերասանուհին բեմադրում են Վիլյամ Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողները» պիեսը և մի այսպիսի խաղ են սկսում խաղալ. մինչ ներկայացման պրեմիերան պետք է խոսեն միայն պիեսի դիալոգներով, ու եթե ինչ-որ մեկը տեքստը չասի, այլ իր խոսքը, կպարտվի ու դուրս կգա խաղից: Այսօր մենք կարծես զուրկ լինենք խոսքից, ոնց որ մերը չունենանք, կամ եթե նույնիսկ ունենք այն, վախենում ենք ասել, քանի որ հենց ասենք, կպարտվենք այդ խաղում: Ֆիլմը, ըստ էության, նաև խոսքի արժեզրկման մասին է: Ես փորձում եմ մոտենալ, գտնել այսօրվա արվեստագետին:
Ովքեր են հերոսները
Իրականում ժամանակից դուրս են, բայց ապրում են այսօր: Նրանք տանջվում են և ուզում են դուրս գալ այդ իրավիճակից: Ես չեմ սիրում, երբ հերոսին վերաբերվում են որպես մարիոնետի: Իմ պատմության մեջ հերոսները ինքնուրույն են զարգանում: Ինձ համար էլի օրինակ են մարդու և Աստծո փոխհարաբերությունները` կյանքում ռեժիսորն Աստվածն է, իսկ կինոյում` ես, իʹմ կինոյում: Ես հերոսներին ընտրության հնարավորություն եմ տալիս, այդքան նրանք ռեալ են, ուժեղ և լիարժեք:
Դերասանների ընտրությունն ու աշխատանքը նրանց հետ
Դերասանի հետ հարաբերվելիս ինձ համար ամենակարևոր ու առաջին պայմանը վստահությունն է: Երբ ինչ-որ ճանապարհ պիտի գնամ, նրանք գալիս են ինձ հետ և պարտադիր պետք է վստահեն ինձ. եթե դա չլինի, ապա ոչինչ չի ստացվի: Այն դերասանները, որոնք արդեն մեկ անգամ աշխատել են ինձ հետ, գիտեն, որ մոնտաժից հետո լրիվ ուրիշ բան են տեսնելու, քան այն, ինչ ապրել են նկարահանումների ժամանակ: Ամեն դերասան յուրահատուկ մոտեցում է պահանջում, կարծես ես դերասանին ուսումնասիրեմ որպես կողպեք, որպեսզի գնամ ու բանալի սարքեմ: Սիրում եմ աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ: Տվյալ մարդու զգացմունքները, ապրումները, ինչ նա հենց հիմա ապրում է իր կյանքում, ինձ պետք են: Ես սիրում եմ նկարել ոչ թե վավերագրականին մոտ, այլ` ճշմարիտին, հավաստիին… Ես երազանք ունեմ աշխատել Աննա Էլբակյանի հետ, ավելի շուտ երազում եմ նկարել այն ֆիլմը, որը արժանի կլինի նրան: Ըստ իս, նա շատ բարձր մակարդակի դերասանուհի է:
Աշխատանքը սցենարի վրա
Ես գրում եմ մեծ ժայռեր, քարեր: Երբ դրանք առանձին-առանձին տեսնում ենք, մտածում ենք` սա քանդակ է դառնալու: Նկարահանելիս ես այդ քարերը տաշում եմ, հղկում: Կարող եմ ասել, որ սցենարը միշտ պատրաստ է լինում մոնտաժից հետո: Նշեմ, որ մոնտաժն ինձ համար ամենակարևոր փուլն է, իմ ամենասիրած փուլը, երբ հեղինակն իր աշխատանքի հետ մենակ է մնում:
Կինոքննադատությունը
Դա նման է պինգ-պոնգի. երբ խփում ես, անպայման պետք է պատասխան լինի: «Մոխրամանից» հետո արձագանքները 50-50 էին, «Ես էլ»-ից հետո ևս կարծիքներ եղան, իսկ «Կաուչոյից» հետո լռություն էր, որն ինձ սկզբում մտահոգեց, բայց հետո հասկացա, որ լռությունն էլ է պատասխան և ավելի քան խոսուն է: Ինձ չի վախեցնում չհասկացված լինելը, շատ նորմալ եմ ընդունում առողջ քննադատությունը:
Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ