Մինչև 1991 թ. ոչ ոքի հայտնի չէր անգամ նրա անունը, իսկ արդեն այդ տարվա վերջում Տարանտինոյին հայտարարեցին կինեմատոգրաֆի մեսիա, ապագայի՝ XXI դարի ռեժիսոր։ Այսպիսի իրարանցման պատճառը 1990-ական թթ. պաշտամունքային «Կատաղի շները» կինոնկարն էր։ Ֆիլմը դարձավ մշակութային իրադարձություն` ձևավորելով նոր գեղագիտություն։ Այն գերազանցեց բոլոր սպասելիքները` 1,2 մլն դոլար բյուջեով ստեղծված այս ֆիլմը վարձույթում հավաքեց ավելի քան 20 մլն դոլար, իսկ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում հռչակվեց տարվա լավագույն ֆիլմ։

Այս տարի ֆիլմի հեղինակը տոնեց է իր 50-ամյակը:

Քվենտին Տարանտինոն ծնվել է 1963 թ. մարտի 27-ին ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի Նոքսվիլ քաղաքում։ Նրա մայրը՝ Քոննին, կիսով չափ իռլանդուհի էր և սերում էր հնդկացիների չերոկի ցեղախմբից, իսկ հայրը՝ Թոնին, իտալացի էր։ Սակայն շուտով երեխայի ծնողները բաժանվում են, և շատ չանցած` Տարանտինոյի մոր կողքին է հայտնվում Կուրտ Զաստուպիլը, որ պրոֆեսիոնալ երաժիշտ էր։

Մանուկ Քվենտինը շատ ժամանակ էր անցկացնում խորթ հոր բոհեմական ընկերների հետ, հետաքրքրվում էր հեռուստասերիալներով և տեսաֆիլմերով, ուղղակի պաշտում էր կինոն։

16 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը և աշխատանքի տեղավորվում կինոթատրոնում, զուգահեռ դերասանի վարպետության դասեր է անցնում Ջեյմս Բեստի մոտ, սակայն դերասան այդպես էլ չդարձավ։ Երկար փնտրտուքներից հետո նա, ի վերջո, գտավ մի աշխատանք, որի մասին իսկական կինոմանը կարող է միայն երազել: Նա սկսեց աշխատել որպես վաճառող Մանհեթեն-բիչ բոհեմաական թաղամասում գտնվող «Վիդեոարխիվ» տեսասկավառակների մասնագիտացված խանութ-սրահում։ Ըստ աշխատանքային պայմանագրի` նա կարող էր անվճար սկավառակներ տանել տուն։ Ֆիլմերը, որոնք նա դիտում էր, իսկական համալսարան եղան։

Անչափ մեծ թվով ֆիլմեր դիտելուց հետո Տարանտինոյի մեջ կինոյով զբաղվելու բնական ցանկություն է առաջանում։ Եվ նա սկսում է սցենարներ գրել։ Եվ սա, ըստ երևույթին, պատահական չէր: Մինչ օր էլ հենց ամուր դրամատուրգիան է Տարանտինոյի ֆիլմերի գլխավոր հաղթաթուղթը։ Ինչպես Հիչքոքն էր ասում. «Լավ ֆիլմ ստեղծելու համար պետք է երեք պայման՝ սցենար, սցենար և ևս մեկ անգամ սցենար»։

250px-Rodriguez_and_Tarantino,_2007Նրա սցենարների հիման վրա նկարահանվեցին Թոնի Սքոթի «Իրական սեր», Օլիվեր Սթոունի «Ի ծնե մարդասպաններ» և Ռոբերտ Ռոդրիգեսի «Մայրամոտից արևածագ» կինոնկարները։ Վերջինիս հետ համագործակցությունը շարունակվեց: Նա նկարահանվեց Ռոդրիգեսի պաշտամունքային «Դեսպերադո» (“Desperado”) կինոնկարում, որում գլխավոր հերոսին մարմնավորում էր Անտոնիո Բանդերասը։ 2005 թ. նրանք էկրանավորեցին Ֆրենկ Միլլերի կոմիքսները։ Խոսքը «Մեղքերի քաղաքը» կինոնկարի մասին է։ Սա քրեական տարրերով հագեցած ֆիլմ-նուար է («սև ֆիլմ»՝ ամերիկյան կինոյի ժանր), որում շատ հետաքրքիր են լուծված հատկապես կանանց կերպարները, որոնք ներկայանում են որպես տիպիկ femme-fatale («ճակատագրական կին»)։ Իսկ արդեն 2007 թ. թողարկվեց «Գրայնդհաուսը», որը բաղկացած էր նրանց հեղինակած երկու ֆիլմերից՝ «Մահվան ապացույց» և «Վախի մոլորակ»։ Այս կինոնկարը 1970-ականների էժանագին սարսափ ֆիլմերի պարոդիան է։ Իսկ գլխավոր դերակատար Կուրտ Ռասսելը պետք է հիշեցներ Ջոն Կարպենտիերի «The thing» ֆիլմից ստացված տպավորությունները։ Տարանտինոյին առհասարակ բնորոշ է ծիծաղելիի և սարսափելիի զուգակցումը։

1991թ. էկրան բարձրացավ Տարանտինոյի առաջին լիամետրաժ խաղարկային կինոնկարը՝ «Կատաղի շները»։ Ֆիլմը ցնցում էր իր անսքող դաժանությամբ և կոպիտ նատուրալիզմով։ Ըստ էության, ֆիլմը հարում է Բերտոլդ Բրեխտի «օտարման» գեղագիտությանը։ Այդուհանդերձ, ռեժիսորն օրիգինալ տեսանկյուն է առաջարկում հանցագործության և օրենքի փոխհարաբերությունների թեմայի վերաբերյալ։ Յուրահատուկ էր նաև ֆիլմի դրամատուրգիական կառուցվածքը՝ սյուժեն զարգանում էր ոչ թե գծային, այլ հատվածներով։ Բոլորը միանագամից հիշեցին վաղ Կուբրիկին և Սկորսեզեին, չնայած այդ «պատռված մոնտաժն» ուղիղ կապ ուներ Տարանտինոյի շատ սիրված ֆրանսիական «նոր ալիքի» և մասնավորապես նրա ամենասիրելի ռեժիսորի՝ Ժան-Լյուկ Գոդարի հետ (հիշենք օրինակ` նրա պաշտամունքային «Ուիքենդ» ֆիլմը), որ անցյալ դարի 50-ականների վերջին և 60-ականների սկզբին իր նորարարությամբ և էքսպերիմենտներով թարմացրեց ու հարստացրեց կինոյի արտահայտչամիջոցներն ու կինոլեզուն։

1992 թ. Տարանտինոն հինգ ամիս անցկացրեց Ամստերդամում։ Գիշերը նա բարերում հարբում էր, իսկ ցերեկը հաճախում էր կինոթատրոն և շատ էր կարդում: Ռայմոն Չենդլեր, Դեշել Հեմմետ. ահա նրա կուռքերը։ Հենց այս ժամանակ էր, որ ծագեց «Քրեական էժան գրվածքներ» գաղափարը։ Ֆիլմը բաղկացած է երեք նովելից, դրանք փոխկապված են, և մասնակցում են նույն կերպարները: Նրանք տեղափոխվում են մեկ սյուժետային գծից մյուսը։ Ֆիլմը մեծապես ազդված է քրեական, գանգստերական ֆիլմից ու կոմիքսներից, որոնցում անհամեմատ մեծ է մաքուր ամերիկյան մշակույթի տարրը։ Խճանկարային այս ոճն առավել մոտ է ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Օլտմանին, այն կարելի է որակել որպես յուրահատուկ պոստմոդեռնիստական երգիծական-քաղվածային արվեստ։ Այս ֆիլմի ամենագլխավոր գեղարվեստական արժանիքն այն է, որ կինեմատոգրաֆի զարգացման նոր փուլում մեզ վերադարձրեց կոպիտ ու սկանդալային կինոպրիմիտիվին։ Ֆիլմի ամենահիշվող տեսարաններից մեկը թվիստի մրցույթն է, որը մեզ հիշեցնում է Գոդարի «Աութսայդերների բանդա» ֆիլմի համանման տեսարանը, որտեղ Ումա Թուրմանը պարում է ինչպես Աննա Կարինան՝ Գոդարի մուսան։

1994 թ. Կաննի միջազգային կինոփառատոնում Քլինտ Իսթվուդի ձեռքից Տարանտինոն «Ոսկե արմավենու ճյուղ» ստացավ` շրջանցելով Ատոմ Էգոյանի «Էկզոտիկան», Նիկիտա Միխալկովի «Արևից ուժասպառները» և Քշիշտոֆ Կեսլյովսկու «Երեք գույն» եռապատումը։ Բանը հասավ նրան, որ կինոքննադատները սկսեցին Տարանտինոյին համեմատել մեկ այլ կինովունդերքինդի՝ հանճարեղ Օրսոն Ուելսի հետ:

Բուռն հաջողությանը հաջորդեցին «Չորս սենյակ» և «Ջեքի Բրաուն» ֆիլմերը։ Տարանտինոյի պրոդյուսերներն այդուհետ դարձան Բոբ և Հարվի Վայնշտայն եղբայրները։ 2003 թ. էկրան բարձրացավ «Սպանել Բիլլին» ծրագրային կինոնկարը, որի կինեմատոգրաֆիական ավանդույթը տանում է դեպի Ֆրանսուա Տրյուֆոյի «Հարսնացուն սևազգեստ էր» ֆիլմը` անզուգական Ժաննա Մորոյի մասնակցությամբ։ Ի դեպ, վերջինս համարում են Տրյուֆոյի ամենահիչքոքյան կինոնկարը։ Տարանտինոն այս ամենին ավելացրեց իր նախասիրությունները՝ ասիական ժանրային կինո՝ տիպական չինական մարտաֆիլմ և ճապոնական առակային կինո, բլեքսպլոթեյշն, սլեշերներ՝ իտալական սարսափ կինոնկարներ (ջալլո՝ giallo), դասական հոլիվուդյան կատակերգություններ, սպագետտի-վեսթերններ, կոմիքսներ և մուլտիպլիկացիա՝ անիմե։ Ընդհանրապես Տարանտինոն կինոյի ցածր ժանրերի սիրահար է, նա կարծում է, որ դրանք պետք է գնահատվեն ըստ արժանվույն։ Այդ դրույթի վառ ապացույցն է նրա վերջին՝ «Ազատագրված Ջանգոն» կինոնկարը։

«Սպանել Բիլլում» հետաքրքիր են հարաբերությունները ժամանակի և տարածության հետ. գլխավոր հերոսուհին պայքարում է ժամանակի, գոյության անդառնալիության, կեցության ի վերուստ կանխորոշված շրջապտույտի դեմ, ինչը ֆիլմը վերածում է փիլիսոփայական, մետաֆիզիկական առակի՝ չեզոքացնելով ամերիկան մշակույթին այնքան հատուկ միֆականությունը։

TarantinoՏարանտինոյի կինեմատոգրաֆն առհասարակ ասք է մարդու Ճակատագրի՝ ֆատումի և ինքն իր դեմ կատաղի կռիվ մղելու մասին: Կեսդարյա ռուբիկոնը հատած Տարանտինոն այժմ աշխատում է կյանքի իմաստին, մարդու գոյության էքզիստենցիալ խնդիրներին առնչվող «Սպանել Բիլլին» ասքի երրորդ մասի վրա։

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ


2018 թվականի լավագույն ֆիլմերը

«Անիրական թել» (Phantom Thread), Պոլ Թոմաս Անդերսոն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2017 Տարվա կերակրատեսակը Անդերսոնը շարունակում է ուսումնասիրել իշխանության և համատարած...

, |15 Սեպտեմբեր 2019,19:46