Միջերկրականի ափին` Ֆրանսիայի Լա Սյոտա քաղաքում, տևական վերականգնումից հետո կրկին սկսել է գործել աշխարհի ամենահին կինոթատրոնը` «Էդենը» («Դրախտ»): Հենց այստեղ են XIX դարավերջին`1899-ին` Փարիզում կինոպրոյեկտորի առաջին ցուցադրումից չորս տարի անց, սկսվել Լյումեր եղբայրների ֆիլմերի վճարովի ցուցադրությունները` սկիզբ դնելով աշխարհում կինեմատոգրաֆի զարգացմանը: Այստեղ է պատմության մեջ առաջին անգամ ցուցադրվել կինեմատոգրաֆի ռահվիրաների «Գնացքի ժամանումը կայարանում» («Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարանում») ֆիլմը:
220px-Fratelli_Lumiere1899 թ. մարտի 21-ից վերասարքավորված շենքում` 250 տեղանոց դահլիճում, տեղի բաձրաշխարհիկ խավի, ապա և հասարակ բնակիչների համար սկսվեցին այն ժապավենների ցուցադրությունները, որոնք նկարել էին Լյումեր եղբայրները: XIX դարավերջին կինոթատրոնը պատկանել է Լյումեր եղբայրների հոր ընկերոջը` Ռաուլ Գալլոյին: Իր պատմության ընթացքում կինոթատրոնը մի քանի անգամ փակվել է, գործել որպես կաբարե և համերգասրահ: Մասնավորապես, այստեղ հանդես են եկել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Իվ Մոնտանը և Ֆերնանդելը:
1990-ական թթ.` այն ժամանակվա տիրոջ սպանությունից հետո, շենքն անցել է տեղի քաղաքապետարանի տնօրինությանը, բայց շուտով` 1995 թ., շենքը փակեցին վթարային վիճակի պատճառով: Մինչ փակվելը կինոթատրոնն ամեն տարի բացվում էր ընդամենը մեկ շաբաթով, փառատոնի անցկացման համար, որի ընթացքում ցուցադրվում էին համաշխարհային կինեմատոգրաֆի առաջին ֆիլմերը:

Այժմ կինոթատրոնի պաշտպանության «Լյումեր դ«Եդեն» հասարակական կազմակերպության և մի շարք հովանավորների միջոցներով շենքում հիմնանորոգում է կատարվել, որի վրա ծախսվել է 6 մլն եվրո: Ոչ միայն ամրացվել են շենքի պատերը, այլև վերականգնվել են հին աթոռները, հատակը ծածկվել է սև կաղնու փայտով: Վերափոխվել է նաև շենքի արտաքին տեսքը. կինոթատրոնի ճակատն այժմ զարդարում է խճանկարը:
Ներկայումս «Էդենն» ամենահին դահլիճն է, որ առաջինն է ցուցադրել Լյումերների ֆիլմերը: Մնացած դահլիճները Ֆրանսիայում չեն պահպանվել:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի ՌԻԱ Նովոստիի