Հայաստանի պետական էստրադային նվագախումբը 36 տարի ղեկավարել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: 1992 թ. Օրբելյանը տեղափոխվել է ԱՄՆ,  բայց Երևանը շարունակում է մնալ մաեստրոյի կյանքի անբաժան ընկերը: Սեպտեմբեր-հոկտեմբերին կոմպոզիտորին կարելի է տեսնել երևանյան համերգներում ու հանդիսություններում: Աշխույժ, եռանդով լի, գործնական. մաեստրոն անմիջապես հայտնվում է շատերի ուշադրության կենտրոնում, ու սպասում ես` հաստատ մեծ համերգ կամ համերգաշար է լինելու:

Երևանում բջջային հեռախոս չի օգտագործում. նրա բնակարանի քաղաքային հեռախոսը րոպեն մեկ զանգում է: «Օ, հարազատս, օ, բարեկամս, ես լավ եմ, ձայնդ լսելով` ավելի լավ եմ զգում ինձ: Զբաղվա՞ծ, դե ո՞վ է բանի տեղ դնում զբաղվածությանը, դու արի, կարոտել եմ քեզ»,- մաեստրոն յուրաքանչյուր զանգի այսպես է պատասխանում: Բնականաբար, բնավ նեղվելու  բան չէ, որ հարցազրույցը պարբերաբար  ընդհատվում է նման ջերմ զանգերով: Օրբելյանին սպասում են Երևանում, Օրբելյանը սպասում է երևանցիներին:

-Մաեստրո, չե՞ք հոգնում այդքան հանդիպումներից, զրույցներից, ի վերջո, Դուք մեկն եք, նրանք` շատ:

– Չէ, ի՞նչ եք ասում: Ինչի՞ց և ումի՞ց հոգնեմ. իմ ընկերներից ու բարեկամների՞ց: Նրանք իմ կյանքի մի մասն են: Մեծագույն պարգև է, որ ես ժամանակին նրանց հայրերի հետ եմ ընկերություն արել, իսկ հիմա` որդիների: Արամ Սաթյանն է ինձ զանգում, Վարդան Աճեմյանը, Լևոն Չաուշյանը. ախր նրանց հայրերն ինձ շատ հարազատ մարդիկ են եղել, մենք ընդհանուր շատ բան ունենք: Որդիների մեջ ես հայրերին եմ տեսնում: Նրանք Երևանի կոլորիտն են, անցյալը շարունակող ներկան: Իմ հիշողությունների քաղաքն է Երևանը, իսկ այդ հիշողություններում ամեն ինչ կա, ամենակարևորը` երիտասարդություն, խանդավառություն, հաջողություններ: Ես ճակատագրիցս դժգոհելու ոչ մի պատճառ չունեմ. գնահատվել և գնահատվում եմ, շրջապատված եմ սիրով և ուշադրությամբ. բազմաժանր երաժշտություն եմ գրել, որ միշտ հնչել է հայրենի և օտար բեմերից: Սա ամենակարևոր գնահատականն է: Բերանս չբացած`մարդիկ իրենք են առաջարկում իմ հոբելյանը կամ հեղինակային համերգը կազմակերպել:

– Ձեր բազմաժանր արվեստում մի ոլորտ կա, որին անդրադարձել եք, բայց կարճ ժամանակով` կինոերաժշտությունը: Ի՞նչ տեղ ունի այն Ձեր ստեղծագործական ճանապարհին:

– Կինոն ինձ շատ հարազատ աշխարհ է: Ինչ արել եմ այդ ասպարեզում, սիրով ու նվիրվածությամբ եմ արել: Կինոերաժշտությունը լուրջ զբաղմունք է, շատ ջանքեր ու ժամանակ է պահանջում: Ջանքեր չէի խնայի, բայց ժամանակս չէր ներում կինոյով զբաղվելու: Տարվա 8 ամիսը Երևանից բացակայում էի, մյուս 3-ը աշխատում էի նվագախմբի հետ: 1956 թվականից սկսած` 36 տարի Հայաստանի պետական էստրադային նվագախումբն եմ ղեկավարել, անգամ մեկ օրվա բացակայությունս զգացվում էր: Դրա հետ` համերգային շրջագայություններ, ձայնագրություններ, փորձեր. ֆիզիկապես անկարող էի  աշխատել կինոյում: Ես ոչ միայն ափսոսում եմ, որ քիչ եմ կինոերաժշտություն գրել, այլև որ ակադեմիական ժանրում եմ քիչ ստեղծագործել: Առնո Բաբաջանյանի համար ափսոսում են, որ  ավելի շատ էստրադայի ժանրով է ստեղծագործել, մինչդեռ կարող էր դասական երաժշտությունը հարստացնել: Ես Առնոյի համար էլ եմ ափսոսում, ինձ համար էլ: Շատ հրավերներ են եղել Յուրի Երզնկյանի, Հենրիկ Մալյանի, Լաերտ Վաղարշյանի կողմից: Բայց տեսնելով իմ զբաղվածությունը` սկսեցին աշխատել ուրիշ կոմպոզիտորների հետ:

– Այնուամենայնիվ, հինգ  ֆիլմի համար երաժշտություն եք գրել, ու  այդ գործերը, էկրանից իջնելով, մտել են մարդկանց մեջ, սիրելի ու հարազատ դարձել, այլ առիթներով էլ երգվել ու կատարվել:

– Դա էլ է առանձնահատուկ պարգև, երբ ստեղծածդ չի մոռացվում, ապրում է ու հարատևում: Դա արվեստագետի ամենակարևոր ձեռքբերումն է: Կինոյի համար գրած իմ երաժշտությունն ու հատկապես երգերը 50-60 տարվա պատմություն ունեն, բայց այսօր էլ հչում են, երգվում: Դրանք այնպես են ընդունվել ժողովրդի կողմից, որ ասես առանձին գործեր լինեն` դուրս ֆիլմերի ենթատեքստից: Ես անչափ ուրախ եմ դրա համար: 1955-ին Ալեքսանդր Հարությունյանի հետ գրեցինք ՙՍիրտն է երգում՚ ֆիլմի երաժշտությունը: Շատ լուրջ աշխատանք է, բավականին ժամանակ պահանջեց: Ես դեռ չէի ղեկավարում նվագախումբը, համեմատաբար ազատ էի, կինոերաժշտությամբ զբաղվելու ժամանակ ունեի: Այդ ֆիլմում ևʹ Հրաչյա Ներսիսյանը, ևʹ Վահրամ Փափազյանն են նկարահանվել: Ալեքսանդր Հարությունյանի հետ տարբեր ժանրերի երաժշտություն գրեցինք` թեʹ սիմֆոնիկ, թեʹ ջազային, թեʹ իտալական ռիթմերով: Ալեքսանդրն ավելի շատ նվագախմբի համար էր գրում, ես աշխատում էի երգերի վրա: Իմ կարծիքով` «Սիրտն է երգում» ֆիլմը ստացված է: Հետո աշխատեցի Լևոն Իսահակյանի «Թռիչք անդունդի վրայով» ֆիլմի երաժշտության վրա: Շատ հայտնի դերասաններ են խաղում այդ կինոնկարում` Բաբկեն Ներսիսյան, Վարդուհի Վարդերեսյան, Մետաքսյա Սիմոնյան, Լևոն Թուխիկյան, Խաչիկ Նազարեթյան, Գուրգեն Ջանիբեկյան: Հրաշալի արտիստներ. ես այդպիսի մեծերի հետ եմ աշխատել:

– Այն կինոերաժշտությունը, որ գրել եք, ժանրային բազմազանություն է պահանջել, որովհետև ֆիլմերն էլ իրար նման չեն` երաժշտական կինոնկար, ճանաչողական ֆիլմ, ի վերջո, Լեոնիդ Ենգիբարյանի կյանքի ուղին ներկայացնող երկու ֆիլմերը:

– «Թռիչք անդունդի վրայով» ֆիլմից հետո Յուրի Երզնկյանի «Փառքի օղակներ» ֆիլմի վրա եմ աշխատել: Իմ կարծիքով` երաժշտական լավ պատկերներ են ստացվել` ավելի շատ ջազային, էստրադային: Ես հիմա հաճույքով եմ հիշում այդ օրերը, երբ ստեղծագործում էի «Փառքի օղակների» համար: Այդ ֆիլմն Ալբերտ Ազարյանի մասին է, նաև Խորեն Աբրահամյանն է խաղում: Բուռն ստեղծագործական կյանք էինք ապրում բոլորս: Խանդավառված, արժեքավոր գործ անելու ձգտումով, նպատակասլաց, արվեստով լի: Այնպիսի մթնոլորտ էր, որ տրամադրում էր անմնացորդ աշխատել, ուժերի լարումով, սիրով ու նվիրումով:

– Այնուամենայնիվ,  կինոերաժշտության ասպարեզում Ձեր աստեղային ժամը «Ճանապարհ դեպի կրկես»-ն է:

– Մինչ այդ ֆիլմը ես լսել էի Լյոնյայի մասին, գիտեի նրան, բայց անձամբ ծանոթ չէի: Ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացանք ու մտերմացանք: Բացառիկ նկարագրի, շնորհքի տեր երիտասարդ էր. ափսոս, շատ ափսոս, չափազանց շուտ հեռացավ կյանքից: Ինձ համար շատ կարևոր էր, որ Լյոնյան հավաներ  իմ երաժշտությունը: Շատ էր սիրում «Երգ ճանապարհի»-ն, ասում էր. «Մաեստրո, այս ֆիլմի միայն երաժշտությունն ինչ ասես արժե»: Մինչև հիմա այդ երգը հնչում է տարբեր բեմերից, ռուսերեն տարբերակն էլ ռուս երգիչ-երգչուհիներն են կատարում: «Ճանապարհ դեպի կրկես»-ը Լյոնյայի ֆիլմն էր: Ճիշտ է, Լևոն Իսահակյանն ու Հենրիկ Մալյանն էլ մեծ դեր ունեն, մանավանդ որ այդ կինոնկարը Մալյանի առաջին աշխատանքն է, բայց այնտեղ ամբողջությամբ Ենգիբարյանն է, նրա հոգին, էությունը, ձեռագիրը:

– Ո՞ւմ որոշումն էր, որ Բելա Դարբինյանը երգի այդ ֆիլմում:

– Իհաʹրկե իմ: Ռեժիսորները շատ հարցերում վստահում էին ինձ: Ես նկարահանումներին ներկա եմ եղել: Չէ՞ որ առիթ ունեի տեսնելու իսկական արտիստի, բացառիկ անհատականության, օժտված ծաղրածուի: Իմ գործը երաժշտություն գրելն էր, բայց այն պետք է անթերի ու անվրեպ անեի: Լյոնյային կողքից դիտելով` ավելի հեշտ էր որսալ ֆիլմի անտեսանելի շերտերը, զգալ ու հասկանալ դրանք: Դեռ նկարահանման հրապարակում էին ծնվում երաժշտական տրամադրություններն ու զգացողությունները` որ հատվածում ինչպիսի մեղեդի է պետք: Երկարատև ու մանրակրկիտ աշխատանք պահանջվեց, բայց ստացվեց ստացված երաժշտություն: Կարծում եմ` ինձ հաջողվել է որսալ ֆիլմի ու գլխավոր հերոսի տրամադրության փոփոխություններն ու ըստ այդմ` երաժշտական նրբերանգներ տեղադրել:

– Լեոնիդ Ենգիբարյանի հետ Ձեր երկրորդ աշխատանքի մասին այնքան էլ չի խոսվում: 

-Կարծում եմ` «2-Լեոնիդ-2»-ն այնքան էլ հաջողված ֆիլմ չէ: Այոʹ, «Ճանապարհ դեպի կրկես»-ի համեմատ` այն թույլ է, չներկայացված ու ոչ մեծ ուշադրության արժանացած: Բայց ես այդ ֆիլմի համար «Դիլիջան» ստեղծագործությունն եմ գրել, որ որպես առանձին գործ` մշտապես կատարվել է: Ի՞նչ խոսք, նախորդ ֆիլմն ինձ ավելի հոգեհարազատ է, քան այս վերջինը: Այդ կարծիքին են շատերը:

– Մաեստրո, շատ եք ճամփորդել. դրսից համագործակցության հրավերներ չե՞ն եղել:

– 1975-ին Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ ԱՄՆ-ում էինք: Փառահեղ համերգներով ներկայացանք ամերիկյան հանդիսատեսին: Հայկական նվագախումբը եղել է Եվրոպայի լավագույն երաժշտական խմբերից մեկը: Ամբողջ Սովետմիությունում նման կոլեկտիվ չկար: Մենք բացել ենք Կրեմլի դահլիճը, «Ռոսիա» համերգասրահը. շատ հեղինակավոր բեմերում ենք նվագել: Ամերիկացիները հիացած էին մեզնով. չէին սպասում, որ սովետական փակ երկրում օտար երաժշտությունն այդքան ուսումնասիրված ու պրոֆեսիոնալ մակարդակի կլինի: «Նյու Յորք թայմսը» գրել էր. «Եվ սա այն դեպքում, երբ համոզմունք կա, որ Սովետական Միությունում ջազն արգելված է ու ընդհատակյա գործունեություն է ծավալում»: Ամերիկյան համերգներից մեկին ներկա էր նաև աշխարհահռչակ կոմպոզիտոր Հենրի Մանչինին: Հանդիպեցի նրա հետ: Երկուսով ջազ նվագեցինք. շատ անմիջական մթնոլորտ ստեղծվեց: Մանչինին ինձ առաջարկեց համագործակցել: «Հենց հիմա կարող ես Հոլիվուդի հետ մի քանի ֆիլմի համար կինոերաժշտություն գրելու պայմանագիր կնքել»,- ասաց անմիջապես: Ես տարակուսեցի: Պատասխանեցի. «Ստիպված եմ հրաժարվել, որովհետև հիմա Երևանում իմ «Անմահություն» բալետն է բեմադրվում, ես պետք է այնտեղ լինեմ: Թող մնա, հաջորդ այցիս միգուցե պայմաններն ավելի նպաստավոր լինեն, ու պայմանագիրը կնքենք»:  Հրաժարվելուս պատճառներից մեկն էլ այն էր, որ սովետական քաղաքացի էի ու չէի կարող երկար ժամանակ մնալ ԱՄՆ-ում: Այդպես չստացվեց իմ հոլիվուդյան կինոգործունեությունը: Չիմացա նույնիսկ, թե որ ֆիլմերի համար էր Մանչինին առաջարկում երաժշտություն գրել: Հետո նա մահացավ, ու մենք էլ չհանդիպեցինք:

Մաեստրոն հոգու խորքում այնքան չի ափսոսում  մոտ ու հասանելի, բայց այդպես էլ չստացված հոլիվուդյան կարիերայի, որքան դասական երաժշտության ասպարեզում իր բացակայության համար: Անընդհատ կրկնում էր, որ անդառնալի տարիներն իրենց հետ տարել են այն ժամանակը, որ կարող էր նվիրել դասական երաժշտությանը:

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ